«Գենադի Բաղդասարյանը կարող էր Ջալալ Հարությունյանի, մյուս հետախույզների տեղեկություններն ոչ այնպես ներկայացներ, ինչպես Հարությունյանն է հնչեցրել»․փաստաբան | Region

«Գենադի Բաղդասարյանը կարող էր Ջալալ Հարությունյանի, մյուս հետախույզների տեղեկություններն ոչ այնպես ներկայացներ, ինչպես Հարությունյանն է հնչեցրել»․փաստաբան

Ապրիլ 15,2025 13:40

Ի՞նչ ապացույցներ կան Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Ջալալ Հարությունյանի կողմից նման արտահայտություն անելու հետ կապված (101-ը ասում է՝ մերոնք են), կամ արդյոք այդ պահին մոտեցող խմբավորման պատկանելիության վերաբերյալ ճիշտ չկողմնորոշվելը զինվորական կանոնների համաձայն կարող էր հանդիսանալ անպաշտպան վիճակի մեջ հայտնվելու պատճառ։

Ջալալ Հարությունյանի դատական գործընթացի այս և քրեական այլ դրվագների  առնչությամբ այսօր հայտարարությամբ հանդես եկան Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի փաստաբանները։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը անցած ամիս դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորած «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունքի մեղադրանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ-ի 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։

«Այն, որ Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը խորացված հրամանատարական կետից կապավորների միջոցով փոխանցված տեղեկությունը ի վերջո ստացել է միանշանակ կերպով, պաշտպանական կողմը չի վիճարկել։ Այդ մասին մենք նույնիսկ ուղիղ գրել ենք մեր պաշտպանական ճառերում։ Խնդիրը այն է, որ երբ հրամանատարական սենյակում քննարկում է  եղել, և ի վերջո Գենադի Բաղդասարյանը փոխանցել է այդ տեղեկությունը, նա կարող էր ոչ այնպես փոխանցել բառերը, ինչպես հնչեցվել է Ջալալ Հարությունյանի կամ մյուս հետախույզների կողմից։ Այս հանգամանքը առհասարակ քննության առարկա չի դարձել։ Մեծ հաշվով դատավորը մեր վիճարկված հանգամանքին բացարձակապես չի անդրադարձել»,-ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նա անդրադառնալով Դ-20 դիվիզիոնում մինչև տեղեկության փոխանցումը եղած իրավիճակին, նշեց, որ դիվիզիոնի հրամանատարությունը մի քանի անգամ լքել է դիրքը՝ առանց վերադասների հետ իրավիճակը համաձայնեցնելու։ Խոսեց նաև Դ-20 դիվիզիոնի հրամանատարի և գնդի հրետանու պետի միջև եղած ընդհարումից և դիրքերում առկա փախուստային տրամադրությունից․«Այս իրավիճակում, երբ արդեն պարզ է դառնում, որ Գենադի Բաղդասարյանը Դ-20 դիվիզիոնը Ջուվառլույում պահելու խնդիր ուներ, հավանական է դառնում, որ տարբեր սպաներ կարող էին քննարկման ընթացքում ասել՝ «կարող է մերոնք լինեն», «պետք է որ մերոնք լինեն», և Գենադին դա հիմք ընդունեով ասեր «մերոնք են», որպեսզի կանխեր հնարավոր փախուստը»։

Գործի քննության ընթացքում, փաստերը վերլուծելիս դատարանի թույլ տված հնարավոր խախտումները, և այդ խախտումների նշանակությունը գործի բացահայտման համար ներկայացրեց փաստաբան Անդրանիկ Մնացականյանը․«Դ-20 դիվիզիոն Ջուվառլուի տարածքում փորձագետները արձանագրել են բազմաթիվ թերացումներ․ անձնակազմի պաշտպանության համար խրամատներ չեն փորվել, չեն ծավալվել դիտակետեր, չեն նշանակվել դիտորդներ։ Դատարանը փորձել է նվազեցնել փորձագիտական եզրակացության արժեքը, պատճառաբանելով, որ ինտենսիվ մարտական գործողությունների, տեխնիկայի բացակայության և ֆիզիկական հոգնածության ֆոնին հնարավոր չէր իրականացնել այդ գործողությունները, մինչդեռ փաստերը այլ բանի մասին են խոսում»։

Մեկ այլ փաստաբան Էդգար Այվազյանն էլ վստահեցրեց, որ իրենց ունեցած հիմնավորումները բավարար են, որպեսզի վերջիվերջո դատական գործով արդարության դատավճիռ կայացվի, միաժամանակ անդրադարձ կատարեց նաև պատժի նշանակման հետ կապված հարցերին։ Փաստաբանները նշեցին, որ  որ դատարանի կողմից անտեսվել է հանգամանքը, որ Ջալալ Հարությունյանը կալանքին խոչընդոտող հիվանդություն ունի, և այն  հաստատելու համար հրաժարվել է փորձաքննություն իրականացնել՝  ներկայացնելով «անօրինական» և «անտրամաբանական» հիմնավորումներ։

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ