Վարդան Ղուկասյանի ճիշտ տեղը բանտում է․ հարուցված քրգործերը ժամանակի ընթացքում կհասնեն իրենց հանգրվանին․Ալեն Սիմոնյան

ԱԺ ՔՊ-ական նախագահը վստահ է՝ 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն ավելի շատ ձայն է հավաքելու, քան 2021-ին է հավաքել
Արդյոք Գյումրու ավագանու վաղվա առաջին նիստում «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, այս հարցին այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ չպատասխանեց։
«Դրա մասին այնտեղի խմբակցությունը հայտարարություն կանի։ Եկեք բոլոր գաղտնիքները չբացեմ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։
«Իմ կարծիքով՝ տրամաբանական է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներն է հավաքել, նա էլ քաղաքապետ կընտրի․ Չակերտավոր մեկ ժամվա, մեկ գիշերվա կոալիցիան չեմ կարծում քաղաքում կկարողանա ապահովել բնականոն գործունեություն։ Իսկ Վարդան Ղուկասյանի հանդեպ իմ կարծիքը չի փոխվել։ Նրա ճիշտ տեղը բանտում է»։
Իսկ թե ինչու նա բանտում չէ, և ով է դրա պատասխանատուն, Սիմոնյանն այսպես արձագանքեց․«Բոլորս, որովհետև երևի ինչ-որ պահի ինչ-որ տեղ ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք արել։ Կան հարուցված գործեր, որոնք կարծում եմ ժամանակի ընթացքում կհասնեն իրենց հանգրվանին»։
Հարցին, արդյո՞ք Գյումրու և Փարաքարի ընտրություններում գրանցված արդյունքը մտավախություն չի առաջացնում, որ նույն սցենարը կկրկնվի արդեն 2026-ին, ԱԺ նախագահը պատասխանեց՝ ո’չ։
«Գյումրիում մենք պարտություն չենք կրել։ ՔՊ կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները։ Երկու անգամ ավել ձայն, քան երկրորդ տեղի ներկայացուցիչը։ Ժողովրդավար համակարգերում շատ հազվադեպ է լինում, երբ որևէ կուսակցություն 50+1 տոկոս ձայն է հավաքում։ Իսկ 2026 թվականին մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան 2021-ին։ Ես դրանում համոզված եմ։ Այն առաջարկը, որը ՔՊ կուսակցությունը անում է, և կանի ՀՀ քաղաքացուն, այլընտրանք չունի»,-նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը վստահեցրեց, որ ՀՀ Կառավարությունը շարունակելու է Գյումրուն օժանդակող ծրագրերը, և վերջին ընտրությունների արդյունքները այդ հանգամանքի շարունակականության վրա չեն ազդելու․«Էնքան բան, ինչքան կառավարությունը արել է Շիրակի մարզի և Գյումրու համար, ցավոք սրտի, դեռ չի հասցրել անել այլ մարզերի, և այլ քաղաքների համար։ Բայց մենք դա չենք արել Վարդանի կամ մյուսի համար։ Գյումրին մեր երկրի, մեր իշխանության, մեր բոլորի համար ամենավառ, ամենասիրուն, ամենաուժեղ, լուսավոր կետերից մեկն է»։
Նա կասկածի տակ դրեց նաև Գյումրիում չորս կուսակցությունների կողմից կազմված կոալիցիայի հաջողությունը և հետագա գործունեությունը, միաժամանակ նշելով, որ եթե ՀՀ քաղաքացին ցանկանա նախկին իշխանությունների վերադարձը, իրենք կընդունեն այդ որոշումը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում կայանալիք մայիսի 9-ի հաղթանակին նվիրված տոնակատարություններին մասնակցությանը, նաեւ նրան, որ ԵՄ-ից կոչ է հնչել խուսափել դրան մասնակցելուց, և հարցին՝ արդյոք Փաշինյանի մասնակցությունը կազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․«Մենք 300 հազար զոհ ենք տվել, էլ չեմ ասում, որ դիմադրության շարժումներում, տարբեր դաշնային զորքերում հայեր են մասնակցել։ Մեր հպարտության օրերից մեկն է, և վարչապետի մասնակցությունը որևէ ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ բաների հետ»։
Նա նաև նշեց, որ օրինակ ԵՄ երկրների շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում, բանակցում են ՌԴ նախագահի հետ, ԱՄՆ-ն է բանակցում Մոսկվայի հետ․« Այսինքն՝ ՀՀ-ն պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծ մի ԵՄ պաշտոնյա իր տեսակետն ունի՞․․․Կարող է՝ մի երկրի դա դուր չի գալիս, բայց, կներեք, մենք մեր տեսլականը, մեր ուղղությունն ունենք»։
Դիտարկմանը, որ նախորդ տարի օրինակ Փաշինյանը չի մասնակցել այդ տոնակատարությանը, Սիմոնյանը պատասխանեց՝ անցյալ տարի հարմար չէր, այս տարի հոբելյանական տարի է․«Ամեն տարի աշխարհի իրականությունը փոխվում է։ Կարող է՝ հաջորդ տարի էլ որոշենք չմասնակցել»։
Նիկոլ Մարգարյան