Տրոյական ձիու հաջողված օրինակը լավ ուսումնասիրած ուժերը 2018-ին դա կիրառեցին նաև Հայաստանում՝ օգտագործելով 5-րդ շարասյունը․Սերժ Սարգսյան | Region

Տրոյական ձիու հաջողված օրինակը լավ ուսումնասիրած ուժերը 2018-ին դա կիրառեցին նաև Հայաստանում՝ օգտագործելով 5-րդ շարասյունը․Սերժ Սարգսյան

Ապրիլ 15,2025 19:27

ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր կետերից

Կապիտուլյանտ իշխանությունը պետք է հեռանա

• «Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է»:
• «Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին: Եվ դա ուժի մեջ է լինելու մինչև այդ նպատակին հասնելը»:
• «Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից, նրանց, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները և հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչև չիրականացնեն իրենց տերերի պահանջները»:
• «Եկեք քրիստոնեական բարեպաշտությամբ ազգովի միասին ու աներկբա ասենք՝ հրաժարվում ենք այս ռեժիմից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար սպասավորներից, ասել է թե՝ չարի իշխանությունից. հրաժարվելով հրաժարվում ենք»:

Իշխանափոխությունից հետո առաջնահերթ անելիքները

• «Շատերը հարցնում են՝ ի՞նչ պետք է արվի իշխանափոխությունից հետո, կարևորագույն այս հարցի վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ ունի Հանրապետական կուսակցությունը: Մենք՝ որպես իրատեսական մոտեցումներով առաջնորդվող քաղաքական ուժ, մեզ թույլ չենք տա սուտ ու փուչ խոստումներով խաբել մարդկանց, ինչպես անում են Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչները տևական ժամանակ: Կարծում ենք՝ իշխանափոխությունից հետո առնվազն երեք առաջնահերթ խնդիր պետք է լուծել.

– Առաջինը՝ երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր:
– Երկրորդը՝ մեր Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան։

– Երրորդը՝ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորումն ու Հայաստանի Հանրապետության դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումն է՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից»:

• «Որպես ՀՀ երրորդ նախագահ և Հանրապետական կուսակցության ղեկավար, ես վստահաբար ասում եմ, որ այդ ամենից առաջ այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են պատվախնդրություն և հավատ, առաջին հերթին՝ սեփական ուժերի նկատմամբ։ Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, առավել ևս՝ ապրելու մեր սովորական, բնականոն կյանքով, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել հետևողական, համառ, ծանր աշխատանքի արդյունքում: Ոչ մի ժողովուրդ առանց այս ճանապարհն անցնելու հաջողության չի հասել»:

Պայքար պետականության կործանման դեմ

• «Ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի»:
• «Դիմել ենք հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, սփյուռքին, Հայաստանի դաշնակիցներին և գործընկերներին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով»:
• «Միջազգային գործընկերներին կոչ ենք արել առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը»:
• «Մենք չենք հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի անվտանգությունը, մեր ազգային շահը կարող է դառնալ սակարկման առարկա: Պայքարել ենք թույլ չտալու համար, որ մեր տան դուռը բացվի այլոց շահերի համար՝ ի վնաս մեզ: Սակայն տրոյական ձիու հաջողված օրինակը լավ ուսումնասիրած ուժերը 2018-ին դա կիրառեցին նաև Հայաստանում՝ օգտագործելով 5-րդ շարասյունը և ստերից թունավորված մոլորյալ ժողովրդին: Այսօր Հայաստանի Հանրապետության հետ տեղի ունեցող ողբերգությունը ասածիս վկայությունն է»:

Կեղծ «խաղաղության» գինը

• «Այսօր Հայաստանի կառավարիչները փորձում են մեզ համոզել, որ Արցախի կորուստը «խաղաղության» գինն է: Սա ստի հանճարեղ օրինակ է: Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն. խոստացան խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացան բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացան պաշտպանել Արցախը՝ հանձնեցին: Այսքանից հետո սրանք նույնիսկ կարողանում են նայել մեր աչքերին և ասել, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ իրենք իրենց ծրագրով առաջ են գնում: Մի հարցնող լինի՝ այդ ո՞ր ծրագրով՝ ազգային աղետի՞: Ինչ խոսք, այդ ծրագիրը կատարվում է 100%-ով»:
• ««Խաղաղության համաձայնագիր» բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող և իրականությունից հեռու։ Չմոռանանք նաև, որ համաձայնագիրը պետք է ունենա առնվազն երկու կողմ, իսկ այսօրվա գործընթացում միայն մեկ կողմ է երևում՝ Ադրբեջանը, որը գերիշխող դիրքից բացահայտ և քայլ առ քայլ իր պայմաններն է թելադրում: Ակնհայտ է, որ նույնիսկ այս իրավիճակում առկա են ծանրակշիռ դիվանագիտական հիմնավորումներ հայկական կողմի շահերը պաշտպանելու համար։ Հիմնավորումները կան, պաշտպանողը չկա։ Ակնհայտ է, որ այս գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է»։
• «Հանգիստ ապրեք, սիրելի հայրենակիցնե՛ր, քանի դեռ իշխանությունները «հանուն խաղաղության» չեն որոշել, որ ձեր տունն էլ է սահմանային վեճի առարկա: Եթե մի օր լսեք, որ ձեր գյուղն Ադրբեջանի տարածքում է, մի անհանգստացեք: Դա պարզապես այս «խաղաղարար» իշխանության հերթական «հաջողությունն» է»:

2018թ. իշխանազավթման հետևանքները

• «Նրանք, ովքեր այլևայլ նպատակներով էին անդամագրվել կուսակցությանը, տեսանք, որ պահը եկավ, և «որոմը զատվեց ցորենից»: Այլ բան չասենք այս տեսակին, որ ամենուր է և բոլոր ժամանակներում «որոմի» նման իր կայուն տեղն ունի «տարբեր դաշտերում»: Դրանից ոչ մի քաղաքական ուժ ապահովագրված չէ: Եկեք յուրաքանչյուրս նայենք մեր անցած ճանապարհին»:

• «Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով: Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ»:

• «Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետևյալը՝ սեփական սխալն ընդունելը, առավել ևս՝ ուղղելը, անշուշտ, մեծ համարձակություն է պահանջում. շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո»:

• «Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է»:

• «Երբ Հայաստանի պետականակործան կառավարիչների դեմ պայքարում մենք՝ մեզ մերժողների հետ կողք կողքի կանգնում էինք հրապարակում, ենթարկվում բռնաճնշումների, փողոցում պայքարում բիրտ ուժի դեմ, ունեինք այն բարձր գիտակցումը, որ այս իրավիճակում հիշաչարությունը, քինախնդրությունը չպետք է ավելի կարևոր լինեն, քան «խորտակման վտանգի ենթակա մեր ընդհանուր նավը» միասին անփորձանք ափ հասցնելը: Եվ այդ գիտակցումը, հավատացեք, երբեք չի լքել մեզ: Մինչդեռ նշածս շրջանակներից ոմանք նույնիսկ այսքանից հետո շարունակում են «Սերժ մերժել», քար նետել Հանրապետականի վրա»։

• «Ուզում եմ 2018-ի իշխանափոխության գործընթացում այս ու այն կողմից բոլոր ներգրավվածներին և այսօր նորից ոգևորվածներին կրկին հարցնել՝ ի վերջո, ի՞նչ ստացաք մեզ մերժելով, ինչի՞ հասաք, հիմա ի՞նչ խնդիր եք լուծում տարբեր կողմերից դարձյալ կեղտոտ արշավ ձեռնարկելով իմ և մեր քաղաքական թիմի դեմ»:

Կեղտոտ կեղծիքներ ու պատմության աղավաղում

• «Ով ստով, կեղծիքով, չարությամբ, թույնով լցված կգա մեր դեմ՝ ճշմարտությունով կզինաթափվի»։

• «Հնարել են «Մեկ գիշերում որոշում կայացնելու» հեքիաթը և այնքան են պատմել, որ սկսել են իրենք էլ հավատալ իրենց հնարածին՝ միտումնավոր չտեսնելու տալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրների ֆոնին բանակցային կողմերի հետ մեր տևական և ծանր, բայց միևնույն ժամանակ արգասաբեր աշխատանքը: Դրա արդյունքը, այո, ԵԱՏՄ-ին անդամակցության նպատակով մեր հետևողական բանակցությունների հաջող ավարտն էր և ԵՄ-ի հետ զուգահեռ տարվող աշխատանքի ավարտին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում էր մեր համագործակցության ամբողջական օրակարգը և շահերը: 2018 թվականի սկզբին Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովում նույն այդ երկրները որպես մոդելային օրինակ էին ներկայացնում Հայաստանը, որին հաջողվել էր կողմերի հետ նման անհավանական թվացող համաձայնությունների գալ»:

Հանրապետականի անցյալը, ներկան ու ապագան

• «Կուսակցությունը, Հայաստանի անկախ պետականության կերտման, նրա ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին եղել ու մնում է որպես ամուր պատվար»:
• «Ես հրապարակավ հայտարարել եմ և այժմ էլ նույնքան վստահ եմ՝ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում կարևոր դերակատարներից է եղել մեր երկրի համար բոլոր դժվարին տարիներին, եղել է երկրում կայունություն և զարգացում ապահովող առաջատար ուժերից մեկը, որը շարունակում է ամուր կանգնած մնալ ազգային արժեքների պահպանման և պաշտպանության դիրքերում: Սա է, որ հանգիստ չի տալիս շատերին»:
• «Մենք անցել ենք և՛ իշխանություն ունենալու, և՛ ընդդիմություն լինելու փորձությունը՝ ի հեճուկս Հանրապետականին Հայաստանի քաղաքական դաշտից վերացնելու սին պատրանքներ ունեցողների, կուսակցության դեմ ամենակեղտոտ մեթոդներով գործողների և նրանց հովանավորների»:

• «1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար կարևորագույն բոլոր ժամանակահատվածներում Հանրապետականը մշտապես եղել է առաջին գծում, եղել է պայքարող, պաշտպանող, եղել է պետականաշինության և բանակաշինության ակունքներում ամուր կանգնած ուժ և անտրտունջ»։

• «Բազմաթիվ ձեռքբերումների կողքին անխուսափելիորեն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, կուսակցությունն ունեցել է նաև սխալներ ու թերացումներ, որոնց մենք ինքներս էլ անդրադարձել ենք՝ քննարկել ու քննադատել, բայց դրանք չեն եղել ճակատագրական մեր պետության և ժողովրդի համար»:

• «Մեր գործունեության սկզբից ի վեր մեզ հարվածել են դրսից ու ներսից, աջից ու ձախից, հարվածել են թիկունքից միայն նրա համար, որ մենք մեր գործողությունները կառուցել ենք՝ հիմնված բացառապես մեր ազգային շահերի վրա, որ մենք չենք ենթարկվել այս կամ այն ինտեգրացիոն համակարգը մյուսի շահերի հաշվին ընտրելու հորդորներին և կարողացել ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու»:

• Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որ ծնվել է Հայաստանի անկախության համար պայքարից, կայացել և զարգացել է Հայաստանի անկախության ամրապնդմանը զուգահեռ, իր հիմնադրման պահից ի վեր ինքնիշխան և ազատ պետության ջատագով է: Հայաստանը նորից հայամետ ու հայաստանակենտրոն հուն վերադարձնելուց հետո միայն, հավատացեք, մնացած խնդիրները շատ ավելի բնական կերպով կհանգուցալուծվեն՝ որպես գերակայություն ունենալով բացառապես հայ ժողովրդի ազգային շահերը։

Նորություններ