Տարբեր որբանոցներում մեծացած քույրերի «միակ կապը»՝ տիկնիկն ու քույրերին բաժանող արագ ընթացող սայլը․Ցեղասպանությունից փրկված Սաթենիկի հիշողությունները

Հայոց Ցեղասպանությունից անցել է մեկ դարից ավել, Թուրքիան ժխտում է Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի ցեղասպանելու պատմական փաստերը։ Սակայն Ցեղասպանության զոհերի ժառանգների հիշողություններն ու պատմություններն անհերքելի են, դրանք փոխանցվում են սերունդների միջոցով՝ փաստերի հիման վրա։
Սուսաննա Մկրտչյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրենը։ Նա REGIONSTV-ին պատմում է մոր՝ Սաթենիկ Ղազարյանի մասին, թե ինչպես է 1915 թվականի ցեղասպանությունից ու ջարդերից հրաշքով փրկվել։
Մինչ ընտանիքի հիշողություններով կկիսվեր մեզ հետ, նախ ասաց՝ այսօր փոքր քրոջ հետ պատրաստած ճաշից կարծես իրենց մոր բույրն են զգացել ու կրկին սրվել են հիշողությունները:

Սուսաննա Մկրտչյան
Տիկին Սուսաննայի մայրը՝ Սաթենիկ Ղազարյանը, մեծ հավանականությամբ ծնվել է Սուրմալույում (անձնագրում ծննդյան վայրի դիմաց նշված էր Չոռմալի, հավանաբար տեղանունը աղավաղվել էր): Երբ սկսվել են ջարդերը, Սաթենիկի ընտանիքին հաջողվել է 5 երեխաների հետ ողջ մնալ։ Մի կերպ հասել են Ղարաքիլիսա։ Սակայն Ղարաքիլիսա հասնելուն պես Սաթենիկն ու իր քույրերը, որոնցից ամենափոքրը 3 տարեկան էր, մի գիշերում որբացել են․այդ գիշեր մալարիայից մահացել է մայրը, իսկ առավոտյան՝ հայրը:
Երեխաների խնամքը ստանձնել է Սաթենիկի հորեղբայրը, սակայն նա միայն 2 ավագ քույրերին է վերցրել իր խնամքի տակ, իսկ 6-ամյա Սաթենիկին 2 քույրերի հետ տվել է ամերիկյան որբանոց:
«Մայրս պատմում էր՝ մեզ տարան մի տեղ, որը ոչ դուռ ուներ, ոչ՝ լուսամուտ, մի քանդված վայր էր, այդ գիշերն անցկացրինք ցրտից կծկված, շները՝ մեր կողքին: Առավոտյան այդ վայրից հավաքեցին այն երեխաների դիերը, որոնք չդիմացան ցրտին և սովին»,-ասում է տիկին Սուսաննան։
Նրա մայրը իր դուստրերին պատմել է, որ իր երկու քույրերը մնացել են Պոլիգոնի որբանոցում, իսկ տիկին Սուսաննայի մայրը՝ Սաթենիկը՝ ամերիկյան որբանոցում, քանի որ քույրերից ամենագեղեցիկն ու խելացին է եղել։
«Այնտեղ, երիտասարդ աղջիկներին լավ կրթություն էին տալիս, սովորեցնում էին կենցաղավարության հմտություններ՝ նախապատրաստում էին, որ ԱՄՆ ուղարկեին որպես դայակ կամ տան աշխատող: Որբանոցի աղջիկներին, այդ թվում՝ մորս ընկերուհիներին ԱՄՆ են ուղարկել, սակայն հերթը նրան չի հասել, Սովետական իշխանությունը, ի դեմս Ալեքսանդր Մյասնիկյանի, կասեցրել է որբերին երկրից հանելու գործընթացը»,-պատմում է տիկին Սուսաննան։
Տարիներ հետո Սաթենիկը հանդիպել է իր երկու քույրերին, թվում էր, թե կյանքը լավ անակնկալ էր մատուցում՝ քույրերը գտան միմյանց, բայց դա տևեց ընդամենը մի քանի րոպե․«Երբ սայլերով մորս ու մյուսներին Ստեփանավանի ճամբար էին տանում, Ալեքսանդրապոլում, աղբյուրի մոտ մայրս տեսել է քրոջը, միանգամից ճանաչել է նրան: Մինչև քույրը կգնար ու մյուս քրոջը կկանչեր, սայլը շարժվում է, ու չնայած մորս՝ սայլը կանգնեցնելու խնդրանքներին, այն չեն կանգնեցնում, մտածել են, որ աղջիկները հնարավոր է հիվանդ են եղել կամ կարող է ոջիլ լինի մազերում։ Այդպես քույրերին նորից բաժանել են։ Քույրերը վազել են սայլի հետևից, չեն հասել, մայրս էլ այդ պահին քույրերին է նետել երևի թե իր ունեցած միակ տիկնիկը»:
Հետագայում տիկին Սուսաննան այդ տիկնիկը ստեղծել է իր նկարներում՝ տրեխներով, գունավոր ուլունքներով ու հատուկ գրառմամբ, որտեղ մոր երազանքն էր:
Տարիներ հետո քույրերը կրկին հանդիպել են, տիկին Սուսաննան նորից հուզվում է՝ մոր ու նրա քույրերի հաջորդ հանդիպման մասին պատմելիս։ Այս անգամ ճակատագիրը գթացել է քույրերին։ Սաթենիկը 17 տարեկանում ամուսնացել է 21-ամյա Հարություն Մկրտչանի հետ, ու քանի որ Սաթենիկը գիտեր, թե մանկատներում էին քույրերը (այն ժամանակ այդ հաստատությունները որբանոց էին կոչվում), գտել է նրանց, ամուսնու հետ որդեգրել են քույրերին, խնամել, հոգ տարել, նույնիսկ ամուսնացրել։
Տիկին Սուսաննայի հայրը ծնվել է Բերնա գյուղում: Մեծացել է Ալեքպոլի որբանոցում, շատ ավելի ծանր պայմաններում, քան մայրը: Գուցե հենց վատ պայմաններն էլ ստիպել են նրան 12 տարեկանում փախչել ու աշխատել քարհանքներում, այնտեղ էլ աշխատել է ամբողջ կյանքում, անցել իր աշխատանքային ճանապարհը՝ բանվորից դարձել մինչև տնօրեն, բայց ամենակարևորն, ինչպես ասում է տիկին Սուսաննան, կյանքի ամենադժվարին ու անողոք պայմաններում էլ մնացել է ազնիվ մարդ:
«Հիշում եմ, մի օր հայրս տուն եկավ, շրջանակով մի լուսանկար ցույց տվեց մորս։ Հարցրեց՝ Սաթեն, ճանաչո՞ւմ ես այս մարդուն։ «Հայրիկս է»,-մայրս անմիջապես ճանաչել է հորը։ Հայրս պապիկիս լուսանկարը գտել է զինկոմիսարիատում, անուն ազգանունով փնտրել ու գտել է, պապս Նիկոլայի զինվոր է եղել։ Լուսանկարում էլ այդ համազգեստով է։ Իմ արվեստանոցում որպես մասունք եմ պահում պապիս լուսանկարը»,-պատմում է տիկին Սուսաննան։
Հետո շարունակում է մոր մասին հիշողությունները՝ ամերիկյան որբանոցում Սաթենիկը հիմնավոր կրթություն է ստացել, գերազանցությամբ է ավարտել դպրոցը, տիրապետել է հայերեն և անգլերեն լեզուներին, սակայն երբեք չի աշխատել: Չաշխատելու պատճառը կարելի է ենթադրել, ինչպես տիկին Սուսաննան է ասում՝ յոթ երեխա կար նրա խնամքին, հոգսն արդեն իսկ շատ էր: Սրտնեղում է՝ մորս ավելի քիչ գիտելիք ունեցող ընկերուհիները եղել են իմ ուսուցիչները:
Տիկին Սուսաննան պատմություններ է հիշում նաև այն թաղից, որտեղ ինքը մեծացել է, այնտեղի բնակիչների խոսքով՝ «ղարսեցիների ծվարից»:
«Իրիկունները թաղի տղամարդիկ հավաքվում էին մեր տանը: Գաղթի և իրենց հետ պատահածի մասին բարձրաձայն չէին խոսում՝ վախենալով ստալինյան «ռեպրեսիաներից»: Լույսը հանգցնում էին ու շշուկով զրուցում սեղանին դրված լամպի լույսի տակ»,-պատմում է տիկին Սուսաննան։
Մի անգամ, 8-9 տարեկանում, մանկական հետաքրքրասիրությունը ստիպել է տիկին Սուսաննային թաքնվել սեղանի տակ ու լսել խոսակցությունը. «Խոսում էին, որ անպայման պիտի գնան իրենց երկիր: Ամեն մեկը պատմում էր, թե գաղթից առաջ ուր է թաքցրել իր ունեցվածքը, ուր է պահել բանալին: Տարիներ անց, երբ բախտ վիճակվեց գնալ Արևմտյան Հայաստան, ամբողջ ճանապարհին ցուցանակներում փնտրեցի հորս բնակավայրի անունը, բայց, ցավոք, այդպես էլ չգտա»։
Այս ծանր հիշողությունները վերապրելուց հետո մի քիչ էլ հայ-թուրքական հարաբերություններից ենք խոսում։ Արդյոք հնարավոր է հաշտ ապրել, շփվել թուրքերի հետ։ Ցեղասպանության ծանր հետևանքները վերապրածի ժառանգը՝ տիկին Սուսաննան ասում է՝ անընդհատ սրելով հարաբերությունները, ոչնչի չենք հասնի․«Թշնամությունը քաղաքական է: Սովորական ժողովուրդը պատերազմ չի ուզում: Մանավանդ հիմա բոլորը հոգնել են և հանգիստ ապրել են ուզում։ Միաժամանակ երբեք չպետք է կորցնել զգոնությունը, քանի որ կուտակված դարավոր ատելությունը վերացնելը չափազանց բարդ է, գրեթե անհնար գործ է։ Դրա համար պետք է մի ամբողջ մտածելակերպ փոխել»:
Նիկոլ Մարգարյան