«Մերձավանի դեպքը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կթիրախավորվեն նաև մյուս ուսուցիչները։ Սա մեր դպրոցի կործանման առաջին քայլերից մեկն է»․Գայանե Աբրահամյան

Արմավիրի մարզի Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհի Ռոզա Դավթյանը, որը երեկվանից հայտնվել է լրատվամիջոցների և հասարակության ուշադրության կենտրոնում, նախկինում երկու անգամ արդեն նկատողություն է ստացել, երրորդ նկատողության դեպքում եթե փաստերը հաստատվեն, կարող է ազատվել աշխատանքից։ Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը։
Նա վստահեցրեց՝ մարզպետարանի գլխավոր նպատակը իրավիճակի հանգուցալուծումն է, մարզպետարանը տալու է իր գնահատականները կոնֆլիկտին մասնակից բոլոր կողմերին՝ ենթադրվող բոլոր հետևանքներով։
«Անկախ նրանից մանկավարժը ինչ որակներ ունի, իր տեղում է գտնվում, թե ոչ, մենք դատապարտում ենք նմանատիպ վարքի դրսևորումը դպրոցում։ Հորդորում ու խնդրում ենք ծնողներին զերծ պահել իրենց երեխաներին նման վարք դրսևորելուց։ Ուսուցիչներին ևս պետք է խնդրենք զբաղվել իրենց բուն պարտականություններով, ասելիք ունենալու դեպքում էլ արտահայտվել շատ ավելի կոռեկտ ու փաստարկված, ոչ թե դուրս գալ բարեկրթության սահմաններից»,-նշեց պարոն Մելիքյանը։
Ինչ վերաբերում է պատմության ուսուցչուհու հնարավոր ճակատագրին, մարզպետի օգնականի խոսքով՝ այս հարցում հստակ ընթացակարգ կա, և համապատասխան գործընթացն ընթացքի մեջ է․ «Աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշում կայացնողը դպրոցի տնօրինությունն է։ Մենք, որպես լիազոր մարմին, պետք է հասկանանք՝ եթե խախտման վերաբերյալ համապատասխանություն կա, օբյեկտիվությունը պահված է, որ նա հաջորդ նկատողությունը պետք է ստանա, ինչն էլ իր հերթին կհանգեցնի աշխատանքից ազատելուն, բնականաբար այդ որոշումը կկայացվի»։
Հիշեցնենք, երեկ Արմավիր մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղի դպրցում դասադուլ էր, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները բողոքի ցույց էին անում, նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանի մասին։
Այս դժգոհությունը սակայն, ուղեկցվել է ոչ պատշաճ վարքագծով, ինչն էլ դարձել է քննարկման թեմա։ Դասադուլի մասնակիցները՝ ուսուցիչները, աշակերտները վիրավորում էին ուսուցչին, աշակերտներից մեկը մեղադրանքներ էր հնչեցնում ուսուցչի հասցեին, նույնիսկ սուլում, նրանք դրսևորում էին ոչ պատշաճ վարքագիծ։
Ցույցի մասնակիցները պնդում էին, թե պատմության ուսուցչուհին՝ Ռոզա Դավթյանը, որն այս դպրոցում դասավանդում է վեց ամիս, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, վիրավորական արտահայտություններ հնչեցնում արցախցիների մասին, խաթարում դպրոցի բնականոն աշխատանքը։
Երեկ տարածված տեսանյութում Ռոզա Դավթյանն էլ պնդում էր, թե ինքը երբեք չի վիրավորել աշակերտներին, դպրոցի անձնակազմը միտումնավոր է ցույցը կազմակերպել կազմակերպել՝ իրենից ազատվելու նպատակով։
«Անթույլատրելի է ուսուցչի նկատմամբ նմանատիպ վերաբերմունքի դրսևորումը։ Անկախ այն հանգամանքից՝ ուսուցիչը սխալ է, թե՝ ոչ, հարցը պետք է բոլորովին այլ հարթությունում քննարկվեր»,-REGIONSTV-ի հետ զրույցում երեկվա միջադեպի մասին նման կարծիք հայտնեց նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հիմնադիր նախագահ Գայանե Աբրահամյանը։
«Պետք է անվերապահ ընդունել ուսուցչի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքը, այլապես մենք ուղղակի դպրոց չենք ունենա։ Դպրոցը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, եթե երեխան չի գիտակցում, թե ինչպես պետք է խոսի ուսուցչի հետ, եթե երեխան ուսուցչի մասին խոսում է նման փողոցային բառապաշարով, սուլում է ուսուցչի առաջ, ու այս պահվածքը տեսախցիկի առջև է, կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում արդեն դասարանում»,-ասաց տիկին Աբրահամյանը։
Նա նկատեց՝ երեխաների պահվածքը խրախուսումվում էին ծնողները, ուսուցիչներն ու դպրոցի տնօրենը, «Դա անթույլատրելի է։ Այս դեպքում երեխաները պարզապես «գործիք» են ուսուցիչների ձեոքում․«Եթե մանկավարժը անգամ խնդիր ուներ, հարցը չպետք է հասներ այնտեղ, որ երեխաները նմանատիպ ակցիա իրականացնեին։ Սա տնօրենի բացթողումն է։ Այստեղ առաջին պատասխանատուն տնօրենն է, երկրորդը՝ ծնողներն ու ուսուցիչները, ովքեր ականատես լինելով իրավիճակին, որևէ կերպ չսաստեցին երեխաներին»։
Գայանե Աբրահամյանը չբացառեց, որ այս դեպքը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կթիրախավորվեն նաև մյուս ուսուցիչները, ու նշեց․«Սա մեր դպրոցի կործանման առաջին քայլերից մեկն է։ Դպրոցը կործանվում է հենց այն փուլում, երբ աշակերտը բացարձակ անարգանք է ցուցաբերում ուսուցչի նկատմամբ։ Ուսուցչի նկատմամբ անվերապահ հարգանքը ամենակարևորն է աշակերտ-ուսուցիչ հարաբերություններում։ Այլ իրավիճակում դպրոցը պարզապես չի կարող գործել»։
Մերձավանի դպրոցի այս դեպքին անդրադարձել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, նշելով, որ խստորեն դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը։ Նախարարությունը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։
«Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին»,-նշված է նախարարության հայտարարության մեջ։
Նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոցիալական ցանցում գրառում է կատարել․« Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ․․․»։
Նիկոլ Մարգարյան