Լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա ձեռք բերելու համար գումարի շեմը 250 մլն դրամից դարձավ 500 մլն դրամ․կառավարությունը տոկոսները կփոխհատուցի | Region

Լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա ձեռք բերելու համար գումարի շեմը 250 մլն դրամից դարձավ 500 մլն դրամ․կառավարությունը տոկոսները կփոխհատուցի

Մայիս 15,2025 12:30

Գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրով գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերելու համար սահմանված 250 մլն դրամի շեմը կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխվեց՝ հասցնելով մինչև 500 մլն դրամի։

Լիզինգի ծրագրով կան բազմաթիվ խոշոր ֆերմերային տնտեսութուններ, որոնք չէին կարողանում օգտվել ծրագրից՝ սահմանաչափի պատճառով․250 մլն դրամից ավելի արժողությամբ գյուղտեխնիկա գնելու դեպքում տոկոսները չէին փոխհատուցվում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«6,4 մլն դրամից սկսած տրակտորներ կան, իրենք կարող են վճարել դրա 20% կանխավճարը, իսկ եթե սահմանամերձ վայրերում են բնակվում, ապա հինգ տարվա ընթացքում մաս-մաս պետք է վճարեն, բոլոր տոկոսները պետությունը կվճարի։ Իսկ ոչ սահմանամերձում 14% տոկոսի 12%-ը պետությունն է վճարում։ Սա մատչելի հնարավորություն է»,-ասաց նախարարը։

Կառավարության նիստում նախարարը հայտնել էր, այս պահին 2854 լիզինգառու կա, նրանց 4333 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել, այդ թվում՝ 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ՝ շարքացան․«Միայն 23 մլրդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերվել, իսկ լիզինգի գումարը կազմել է 19,2 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3,6 մլրդ դրամ»։

 

Նորություններ