Կարկուտի վնասները դեռևս ուսումնասիրվում են․հակակարկտային ցանցերի ձեռք բերելու դեպքում պետությունը 50%-ը կսուբսիդավորի | Region

Կարկուտի վնասները դեռևս ուսումնասիրվում են․հակակարկտային ցանցերի ձեռք բերելու դեպքում պետությունը 50%-ը կսուբսիդավորի

Մայիս 15,2025 12:51

Էկոնոմիկայի նախարարությունը դեռևս ուսումնասիրում է, գույքագրում կարկուտի հետևանքով  առաջացած գյուղացիների վնասները։  «Գույքագրումից հետո կհասկանանք, թե ինչպես աջակցենք քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասենք»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ասաց՝ այս պահին հաշվարկներ կան, սակայն կան գյուղեր, որտեղ երեկ է կարկուտ տեղացել, ուստի դեռ պետք է ուսումնասիրվեն հետևանքները։

Նա վստահեցրեց՝ հակակարկտային կայաններն աշխատում են, սակայն երբեմն լինում են ամպեր, որոնց դեպքում թնդանոթային համակարգերը 100 տոկոսանոց արդյունավետ չեն․«Կրակել են բոլոր համայնքներում։ Արարատի մարզի մեկ-երկու բնակավայրում, մասնագետների կարծիքով, սկզբում շատ ուժեղ անձրև է եղել, որի հետևանքով խնդիր է առաջացել սարքի հետ, սարքը չի աշխատել, բայց կողքի 63 համակարգերն աշխատել են»։

Նա ասաց, որ դրանք համակարգեր են, որոնք ունեն սահմանափակ օգտակարություն, ավելի արդիական համակարգեր կան՝ հրթիռային համակարգերը, որոնք ավելի արդյունավետ են, բայց մեր երկրի աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական որոշակի առանձնահատկություններից ելնելով այս պահին  դա կիրառելն անհնար է․«Եթե անգամ դրանցից ունենայինք, անհնար կլիներ կիրառելը, որովհետև դրանք հրթիռներ են, որոնք իրենց տեսքով ու առանձնահատկությամբ, բացի․․․ մարտագլխիկը եթե նայենք, ոչ մի բանով չեն տարբերվում մնացած մեծ հրթիռներից։ Դա օգատգործելու համար նախ պետք է ունենաս համաձայանգրեր հարևան բոլոր երկրների հետ»։

Պապոյանն ասաց, որ կառավարությունը խնդրի լուծում է առաջարկում․«Նախկինում պետությունը հակակարկտային ցանցերի համար միայն սահմանափակ համայնքներում էր սուբսիդավորում, այսուհետ բոլոր համայնքներում պետությունն այդ ցանցերի ձեքբերման դեպքում կսուբսիդավորի դրանց հիսուն տոկոսը»։

Նորություններ