«Ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք»․Միրզոյանը՝ գերիների, ապօրինի պահվող անձանց վերադարձի մասին

«Գերիների, ապօրինի պահվող անձանց և ընդհանրապես, հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր մաս են, ցավոտ մաս են, երևի այն եզակի հարցերից են, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ», -այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ խոսակցություն եղել է և այսօր էլ կա, բայց հաջողությամբ չի պսակվել․«Վերջին բանը, եթե ես չեմ սխալվում, COP–ի շրջանակներում մեծ փոխանակություն էր։ Դրանից հետո չի ստացվում։ Որևէ մեկս ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք»։
Նա նաև ասաց, որ եթե հաջողվի վերջնական, ստորագրված խաղաղություն, մի հայտարարի կգան ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացում․«Եվ ընդհանրապես, առաջ կգնան մեր հարաբերությունները։ Վստահ ենք, որ, եթե մինչ այդ հարցերը չստացվի լուծել, գոնե այդ պահին բարենպաստ միջավայր կլինի, այդ հարցերը լուծելու համար»։
Անդրադառնալով սահմանային կրակոցներին, Միրզոյանն ասաց, որ Ադրբեջանն էլ ասում է, թե Հայաստանն է կրակում,«Ադրբեջանական կողմն էլ հրապարակային հանդիպումների ժամանակ ասում է՝ մենք չենք կրակում, դուք եք կրակում։ Մենք էլ ասում ենք՝ դե դուք փաստական ապացույցներ տվեք։ Եվ առաջարկում ենք համատեղ հետաքննող մեխանիզմ ձևավորել մասնագետների կողմից։ Խոսակցություն ադրբեջանական կողմի հետ ունենք, որոշակի ըմբռնում էլ կա։ Ունե՞նք այդ մեխանիզմը վերջնական ձևավորած, թե ոչ։ Էս բոլորը հարցեր են, որտեղ որևէ մեկս, ցավոք, չի կարող ասել, որ վերջ, պայմանավորված է, փոխըմբռնում կա»։
Նախարարն ասաց՝ սակայն միևնույն ժամանակ չենք կարող ասել, որ ընդհանրապես մերժողական կեցվածք է․«Ոչ, գետնի վրա աշխատանք կա, բայց լիարժեք, բոլորիս բավարարող՝ դեռ ոչ»։
Նշեց՝ այդ կրակոցները մտահոգիչ են, դրանք քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ-որ դրվագով, կարծես թե նաև ադրբեջանական կողմից․« Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Բավարար չափով, որպեսզի ամեն ինչ պարզվի և բավարար չափով, որ վաղն էլ չլինի, ցավոք՝ ոչ»։
Նորություններ


