«Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ապագան նոր աղետների մեջ է ներքաշում»․Փաշազադեն նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում նա Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է «մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու մեջ»։ Նա նաև մեղադրել է, իբր թե Հայ առաքելական եկեղեցին «հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ է ներքաշում»:
«Կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները»,-գրված է Փաշազադեի նամակում։
Ադրբեջանցի շիա մահմեդականների առաջնորդը՝ Փաշազադեն ավելի վաղ հայտարարել էր, թե «Գարեգինը, կրոնական դերակատարությունից բացի նաև քաղաքական դերակատարություն է ստանձնել։ Նման հոգևոր այրին քաղաքականության մեջ այդչափ ներգրավվելը չի սազում»։