Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ իրավապահների դեմ՝ Եկատերինբուրգում 2 ադրբեջանցու խոշտանգելու առթիվ

Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ՝ Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և առանձնահատուկ դաժանությամբ կանխամտածված սպանության առթիվ։
Ադրբեջանի գլխավոր դատախազության պնդում է, որ նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգ քաղաքում Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի, ՆԳՆ և ՌԴա Սվերդլովսկի մարզի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ անցկացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալվել են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ և քաղաքի տարբեր հասցեներում բնակվող ադրբեջանական ծագում ունեցող անձինք՝ անցյալում կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով։
«Ադրբեջանի քաղաքացիները և ադրբեջանական ծագում ունեցող անձինք, որոնք էապես անօգնական էին և չէին կարողանում պաշտպանվել հարվածներից՝ ինչպես ձերբակալման գործընթացում, այնպես էլ տրանսպորտային միջոցներով տեղափոխման ժամանակ, ինչպես նաև վարչական շենքերում, որտեղ գտնվում են օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտները, ենթարկվել են խոշտանգումների և ծեծի՝ կոշտ բութ առարկաներով, նրանց ազատությունը սահմանափակվել է ՌԴ օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտների լիազորված պաշտոնյաների կողմից։ Արդյունքում, երկու մարդ (եղբայրներ) դիտավորյալ և առանձնակի դաժանությամբ սպանվել են նույն օրը, մեկը՝ Եկատերինբուրգի ներքին գործերի գործակալության վարչական շենքում, մյուսը՝ օպերատիվ գործակալության ծառայողական մեքենայում ստացած վնասվածքների հետևանքով։ Հետաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սաֆարով Հուսեյն Մեհթի օղլուն մահացել է բազմաթիվ վնասվածքներից, այդ թվում՝ կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներից և հետվնասվածքային և հետհեմոռագիկ շոկից, իսկ նրա եղբայրը՝ Սաֆարով Զիյադդին Մեհթի օղլուն՝ բազմաթիվ վնասվածքներից առաջացած հետվնասվածքային շոկից»։
Վերջին օրերին ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարել են․ Բաքվի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի դեմ, ՆԳՆ-ն «Russia Today» («Sputnik Azerbaijan») լրատվական գործակալության Բաքվի մասնաճյուղում խուզարկություն է իրականացրել, ձերբակալվել է 7 մարդ։
Բաքուն բողոքի նոտա էր փոխանցել Ռուսաստանի իշխանություններին, չեղարկել Միլի մեջլիսի պատգամավորների այցը Մոսկվա։