ԼՂ բռնի տեղահանվածների բնակապահովության ծրագիրն ընդլայնվում է․ նոր բնակավայրեր են ներառվում | Region

ԼՂ բռնի տեղահանվածների բնակապահովության ծրագիրն ընդլայնվում է․ նոր բնակավայրեր են ներառվում

Հուլիս 03,2025 13:50

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագիրն ընդլայնվում է նոր բնակավայրերով։ Գործադիրն այսօրվա նիստում  փոփոխություններ կատարեց  «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» որոշման մեջ։

Նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ»,-ախագիծը ներկայացնելիս ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ այս պահին տրամադրվող հավաստագրերի շրջանակներում ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է 3-5 մլն դրամ՝ կախված նրանից, թե որ բնակավայրում է ձեռք բերվում կամ կառուցվում անշարժ գույքը․« Այս պահին եղած ցանկերում ներառված են 57 համայնքների 452 բնակավայրերում։ Մենք այս նախագծով առաջարկում ենք ցանկն ընդլայնել՝ 452-ի փոխարեն սահմանել 611 բնակավայրեր եւ այդ բնակավայրերի համար սահմանել 4 մլն դրամ»։

Նախարարի ներկայացմամբ՝ ծրագրով նախատեսված երկրորդ եւ երրորդ փուլերը կմեկնարկեն միաժամանակ այս ամսվանից, այսինքն՝ արդեն մեկնարկել է, դիմումներն ընդունվում են։

Ըստ նրա՝ ծրագիրն ընդլայնվում է բոլոր թիրախային խմբերի համար եւ դիմելու վերջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է։

Նախագծով սահմանվում է հավաստագրի իրացման համար սահմանված դրական մնացորդի իրացման ընթացակարգ այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելի աջակցության չափից։  Նախագծով հնարավորություն է տրվում դրական մնացորդն օգտագործել երեք ուղղություններով՝ վերանորոգման վարկի ստացման, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման եւ կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման համար։

Մեկ այլ կարգավորմամբ առաջարկվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով ծրագրին դիմած եւ շահառուի կարգավիճակ չստացած անհատական դեպքերի ուսումնասիրման նպատակով։

2025 թվականի հունիսի 25-ի դրությամբ, ինչպես նշում պատասխանատուները, հավաստագիր է ստացել 1492 ընտանիք, որից 353-ը դրանք իրացրել են․ 292-ը՝ անշարժ գույքի ձեռքբերման բաղադրիչով, 1-ը՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, 60-ը՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչով։

Նորություններ