«Ո՞վ չգիտի, որ խաղաղ անհնազանդություն կազմակերպելու համար անհրաժեշտ էր պարալիզացնել քաղաքը»․Իշխան Սաղաթելյանը՝ ահաբեկչության մասին քրգործում իր անվան շրջանառության մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական վարույց նախաձեռնելու մասին դատախազի միջնորդությանն, ասաց՝ դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում եւ հերթական անգամ կատարում է նրա ապօրինի հրահանգը։
Նրա կարծիքով՝ «սա հերթական փուչիկ քրեական գործերից մեկն է»։
Ըստ նրա՝ գլխավոր դատախազը ոչ թե պետք է մեղադրանք առաջադրեր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, այլ պետք է ընթացք տար Նիկոլ Փաշինյանի՝ պետական դավաճանության հանցանք կատարելու մասին Արծվիկ Մինասյանի հաղորդմանը։
Երեկ ԱԺ նախագահը հրապարակել էր դատախազի միջնորդությունը և քրեական գործի մանրամասները, որտեղ Բագրատ սրբազանի բնակության վայրում տարբեր անձինք են քննարկումներ են ունենում սրբազանի հետ իրենց բողոքի գործողությունների հետագա քայլերի մասին։ Քրգոծը որակվում է որպես ահաբեկչություն և իշխանության յուրացում։
Ալեն Սիմոնյանը միջնորդագրի հետ նաև հրապարակել է գաղտնալսման վերածանած ծավալուն՝ 77 էջանոց գործից մի հատված՝
Հ.Հակոբյան- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Ի.Սարգսյան- Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ.Հակոբյան- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան- Չգիտեմ:
Այդ ծավալուն փաստաթղթում, որը նրանց խոսակցության գաղտնալսման մանրամասներն են, նաև Իշխան Սաղաթելյանի անունն է շրջանառվում։ Այս առնչությամբ Սաղաթելյանն ասաց․«Այդ ձայնագրությունների մեջ կարող էր լինել նաեւ ձեզանից յուրաքանչյուրի անունը, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ կոնկրետ ես նաեւ «Սրբազան շարժման» ակտիվ աջակիցներից, մասնակիցներից եմ եղել։ Ես վստահաբար կարող եմ նշել, որ Արթուր Սարգսյանը, Բագրատ սրբազանը եւ բոլոր նրանք, ովքեր կալանավորված են, օրենքից դուրս որեւէ քայլ չեն արել։ Արթուր Սարգսյանը քիչ հետո կկալանավորվի, բայց պատասխանատվությամբ ասում եմ, որ օրենքից դուրս որեւէ քայլ նախապատրաստված չի եղել։ Այս շոուն կազմակերպել են, որպեսզի դիմադրության օջախները, պայքարող մարդկանց կարողանան կեղծ մեղադրանքներով լցնեն բանտերը»։
Սաղաթելյանն ասաց, որ ինքը սրբազանի հետ պարբերաբար հանդիպել է, խոսել․«Ո՞վ չգիտի, որ խաղաղ անհնազանդություն կազմակերպելու համար անհրաժեշտ էր պարալիզացնել քաղաքը, փակել փողոցներ, շրջափակել նաեւ պետական շենքերը։ Դա ոչ միայն ասել ենք, այլ նաեւ արել ենք ու ոչ թե մի անգամ, այլ վերջին չորս տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ․․․Չորս տարի փողոցում ենք, բազմաթիվ շարժումներ են եղել, տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, մենք մի մեքենայի հայելի չենք կոտրել։ Բայց էս իշխանությունը մի քանի անգամ կրակել է ժողովրդի վրա»։