Ես շատ հարգալից, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի հետ, բայց ՌԴ-ում կան ուժեր, որոնք ուզում են մեզ ստիպել, որ մենք փակենք ռուսական որոշ ալիքներ․Փաշինյան

Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ուզում ենք ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ալիքների փակման հնարավորությանը։
«Այո, անկեղծ ասեմ՝ կան ռուսական որոշ ալիքներ, որոնք բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց, իմ ասած նկատառումները հաշվի առնլեով,ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինենք դրանք փակելու որոշում կայացնել և չեմ ուզում։ Մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն, ասենք որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ։ Ես շատ հարգալից, բայց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի և կառավարության ղեկավարի հետ։ Այս հարաբերություններում մարդկային դիսկոմֆորտ ունեմ, որ մենք ստիպված լինենք նման որոշում կայացնենք»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տպավորությունն այնպիսին է, որ ՌԴ-ում կան ուժեր, որոնք ուզում են մեզ ստիպել, որ մենք գնանք այդ որոշումներին․«Եթե շատ ստիպեն, ի՞նչ անենք, պիտի ուզած-չուզած՝ գնանք, բայց ես չեմ ուզում»։