Մինսկի խմբից դուրս գալու համատեղ նամակ, Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում․ Սպիտակ տանը մի քանի կարևոր փաստաթղթեր կստորագվեն․ KyivPost | Region

Մինսկի խմբից դուրս գալու համատեղ նամակ, Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում․ Սպիտակ տանը մի քանի կարևոր փաստաթղթեր կստորագվեն․ KyivPost

Օգոստոս 07,2025 16:37

Ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը  Սպիտակ տանը կստորագրեն մի քանի կարևորագույն փաստաթղթեր՝ նախագահ Թրամփի ներկայությամբ։  Այս մասին գրել է Վաշինգտոնում KyivPost-ի թղթակից  Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Հիշեցնենք, որ Ալեքս Ռաուֆօղլուն առաջինն էր, որը վկայակոչելով իր աղբյուրներին, օրեր առաջ գրել էր Սիպտակ տանը Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։

Եվ այսպես, լրատվամիջոցի ներկայացմամբ Սպիտակ տանը նախատեսվում է ստորագրել հետևյալ փաստաթղթերը՝

Համատեղ հռչակագիր. Այն պաշտոնապես կձևակերպի «խաղաղության կոնկրետ ուղին» և հարաբերությունների լիակատար կարգավորումը, ինչը պաշտոնյաները բնութագրել են որպես «հնարավորինս անշրջելիին մոտ»։

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են ամիսներ շարունակ բանակցությունների փուլում գտնվող երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը։

Մինսկի խմբից դուրս գալու համատեղ նամակ. Երկու երկրներն էլ պաշտոնապես դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ միջնորդական հարթակից, որը համարվել է «անօգուտ» և նոր մոտեցման կարիք ունի։

Նոր երկկողմանի հուշագրեր. ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «վերագործարկելով» և «գործարկելով» նրանց համապատասխան երկկողմ հարաբերությունները՝ բացելով նախկինում անպատկերացնելի հնարավորություններ։

Ռաուֆօղլուն հոդվածում գրել է, որ Սպիտակ տանը հանդիպմանն անդրադարձ կլինի նաև Սյունիքի ճանապարհին։

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) ՝ «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի»

Համաձայնագրի կենտրոնական մասը նոր առևտրային և ենթակառուցվածքային նախագիծ է, որը կոչվում է «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի»: Այս նորարարական նախաձեռնությունը նախատեսված է երկու ազգերի միջև ամենավիճահարույց խնդիրը՝ կապի ապահովումը լուծելու համար։

TRIPP-ը կստեղծի տարանցիկ ճանապարհ հարավային Հայաստանի միջով՝ Ադրբեջանին անարգել մուտք ապահովելով դեպի Նախիջևանի էքսկլավ։

ԱՄՆ պաշտոնյաները, Kyiv Post-ին անանունության պայմանով, ասել են, որ երթուղին կպահպանի Հայաստանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավասությունը»։

«Պաշտոնյաները հստակեցրել են, որ ԱՄՆ-ն չի տրամադրում «կոշտ անվտանգության երաշխիք» կամ ուժեր չի տեղակայում երթուղում։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով»,-գրել է լրատվամիջոցը։

Վաշինգտոնում վաղվա հանդիպման մասին գրել է նաև Reuters-ը՝ վկայակոչելով  իր պաշտոնական աղբյուրներին։ Լրատվամիջոցը գրում է, որ վաղը Վաշինգտոնում  եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, որը կներառի նաև Հարավային Կովկասով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղու զարգացման բացառիկ իրավունքը ԱՄՆ-ին հանձնելու դրույթը։

Ըստ Reuters-ի՝ ճանապարհը կոչվելու է TRIPP՝ «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի»․«Ճանապարհը շահագործվելու է Հայաստանի օրենքների համապատասխան, սակայն Միացյալ Նահանգները դրա կառուցման համար հատկացված հողը վարձով տրամադրելու է կոնսորցիումին՝ ենթակառույցների և կառավարման համար»։

Նորություններ