«Ցավոք, չունենք վերջնական լուծում, սակայն գերիների հարցը մեզ համար առաջնային է»․ Միրզոյան

Կարող ենք ասել՝ հաստատվել է խաղաղություն։ Մենք ճանապարհի սկզբին ենք դեռ, խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք է պահանջում, խաղաղությունը զգուշություն է պահանջում յուրաքանչյուր արտաբերվելիք բառի տեսանկյունից ու յուրաքանչյուր շրջանառվող փաստաթղթի տեսանկյունից։ Այս մասին այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
Նրա խոսքով․«Ի վերջո թշնամանքի, արյան պատմություն կա երկու ժողովրդների միջև։ Իսկ խաղաղությունը բարեկամ ժողովրդների միջև չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն ժողովրդների միջև, որոնք քիչ առաջ ունեցել են արյունահեղություն, պատերազմ։ Եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունն ամբողջական հաստատված է։ Պարզունակացնելով ասեմ՝ այս պահին կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է»։
Այդուհանդերձ, ինչպես ասաց Միրզոյանը, բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ գերիների վերադարձը․«Ցավոք, չունենք ամբողջական, վերջնական լուծում խնդրի, թեև նախորդիվ ունեինք նույն ադրբեջանական կողմի հանրահռչակված պարտավորությունը բոլորին ազատ արձակել։ Եթե երկու երկիր անկեղծորեն խոսում են խաղաղություն հաստատելու մասին, երևի թե արժե առաջին հերթին հումանիտար հարցերը կարգավորել, որովհետև դրանք զգայուն, մարդկանց համար ցավոտ հարցեր են»։
Նա վստահեցրեց՝ կառավարության համար առաջնային են հումանիտար հարցերը․«Հենց առաջին հերթին գերիների ազատ արձակումը, պատանդառված անձանց ազատ արձակման հարցը, անհայտ կորած անձնաց ճակատագրերի պարզաբանման հարցը։ Հավատացնում եմ ձեզ՝ այսօր էլ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, նախարարն ասաց․ «Մենք ասել ենք, որ ոչինչ համաձայնեցված չէ բացի նրանից, ինչ գրված ու հրապարկված է, հետևաբար բազմաթիվ տեխնիկական պայմաններ կան, որ դեռ պետք է բանակցվեն: Մեր շահն է հնարավորինս արագ իրականացնել գործընթացը և հնարավորինս արագ հասնել ապաշրջափակման»։
Արարատ Միրզոյանը հակադարձելով շրջանառվող հայտարարություններին, ասաց՝ խոսքը ոչ միայն Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան Ադրբեջանի անցման մասին է, այլև փոխադարձության սկզբունքով ճանապարհների ապաշրջափակման․«Ճիշտ նույն չափով, ճիշտ նույն պայմաններում մենք ենք ապաշրջափակվում։ Ժողովո՛ւրդ ջան, չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը երկու կողմից երեսունից ավելի տարի եղել է շրջափակման մեջ, հիմա մենք ենք հնարավորություններ ստանում»։
Նախարարը կրկին պնդեց՝ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։