Դիվանագիտական համաժողով Անթալիայում. իրականում մեծ ու փոքր «եղբայրների» մոտեցումներն էականորեն տարբերվում են | Region

Դիվանագիտական համաժողով Անթալիայում. իրականում մեծ ու փոքր «եղբայրների» մոտեցումներն էականորեն տարբերվում են

Մարտ 03,2024 12:00

– Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։

– Ռուբեն Ռուբենյան. Ադրբեջանը բավարար ջանքեր չի գործադրում խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու համար:

– Էրդողանը հարկ չի համարել օդանավակայանում դիմավորել «փոքր եղբորը»:

 

Մարտի 1-ին Անթալիայում իր աշխատանքն է սկսել 3-րդ դիվանագիտական համաժողովը, որին մասնակցում են շուրջ 4500 հյուրեր, այդ թվում՝ 19 պետությունների ղեկավարներ, 73 նախարարներ և միջազգային կազմակերպությունների 57 ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում տեղի կունենան 52 պանելային քննարկումներ, անհատական հանդիպումներ համաժողովի մասնակիցների հետ: Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կանցկացվեն բազմաթիվ ցուցահանդեսներ, որոնց կմասնակցեն ոչ միայն դիվանագետներ եւ քաղաքական գործիչներ, այլեւ ուսանողներ, գիտնականներ, ոչ կառավարական կազմակերպությունների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

Միջոցառման հիմնական նպատակն է ստեղծել քննարկումների ընդհանուր հարթակ՝ բարդ իրավիճակներից խաղաղ ելք գտնելու, ինչպես նաև բազմաթիվ խնդիրների համատեղ լուծումներ գտնելու համար, ինչպիսիք են շարունակվող պատերազմները, ահաբեկչությունը, անօրինական միգրացիան, այլատյացությունն ու հակաիսլամիզմը, կլիմայի փոփոխությունը, բնական աղետները, համավարակները, ընդլայնվող սոցիալ-տնտեսական տատանումները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։  Հանդիպմանը մասնակցում էին նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել լիարժեք կարգավորման հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի վերաբերյալ։ Նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է “խաղաղության խաչմերուկ” նախագիծը, մասնակցել «միջազգային առևտուր, հարաբերություններ և փոխկախվածություն» թեմայով պանելային քննարկմանը։  Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոկերտիի, Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պանելային քննարկման ժամանակ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում իրավիճակի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Ռուբինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն առաջիկայում՝ նշելով, որ դա կլինի երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և հայ-թուրքական սահմանի ամբողջական ապաշրջափակման առաջին քայլը:

Իր հերթին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է՝ «Թուրքիան իրականում ցանկանում է լիովին կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։  Բայց կան մի շարք քայլեր, որոնք պետք է անել։  Եվ առաջնայինը՝ մենք պետք է հանդիպենք։  Մոսկվայում կայացած բանակցություններում մենք պայմանավորվել ենք, որ ոչ մի նախապայման չենք առաջադրի։ Բազմիցս ասել եմ Ռուբենին (ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին), որ պատրաստ եմ գալ Երևան՝ հետագա բանակցությունների համար և հետո հանդիպել Անկարայում։ Բայց եթե նա պայման է դնում սահմանների բացումը դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար, ապա մենք խնդիրներ ունենք։  Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ չենք կարողանում հանդիպել: Հուսով եմ, որ մենք, այնուամենայնիվ, մեկ ամսվա ընթացքում հանդիպում կանցկացնենք և չենք դառնա սահմանների բացման այս պայմանի պատանդը», – հավելել է Քըլըչը։

Պատասխանելով Քըլըչի հայտարարությանը՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ հնարավոր է՝ որոշակի թյուրըմբռնում կա, քանի որ Հայաստանը հանդիպումների համար նախապայմաններ չի առաջադրել: “Գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հսկայական պատմական ենթատեքստ ունեն, եւ դա չի հեշտացնում մեր աշխատանքը։  Սակայն Հայաստանը պատրաստ է աշխատել հանուն ներկայի և ապագայի։  Այդ իսկ պատճառով 2022 թվականի հուլիսին ես և Սերդար Քըլըչը հրապարակավ հայտարարեցինք, որ հայ-թուրքական սահմանը բացելու ենք երրորդ երկրների քաղաքացիների համար։ Դրանից հետո ավելացրեցինք, որ սահմանը բացելու ենք նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։  Ավելի ուշ մենք հայտարարեցինք, որ դա կանենք 2023 թվականի ամռանը, բայց, ցավոք, դա դեռ տեղի չի ունեցել: Մեր կողմից ամբողջ ենթակառուցվածքը պատրաստ է, և այժմ, եթե Սերդարը համաձայնի, մենք կարող ենք հայտարարել, որ կիրականացնենք այդ համաձայնագիրը”,- հստակեցրել է նա։  Ռուբինյանի խոսքով՝ դա շատ դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում իրավիճակի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: «Հայաստանը երբեք համաձայնություն չի տվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելու հարցում։ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, երկրների իրավազորության և հավասարության սկզբունքների համաձայն», – նշել է Ռուբինյանը։

Այսօր Անդրկովկասում թուրքական ազդեցության ամրապնդման մասին խոսում են և քաղաքական գործիչները, և փորձագետները, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները այնքան մոտ են, որ Իլհամ Ալիևը եղբայրաբար է ողջունում է Էրդողանին։ Ադրբեջանում ոչ մի կարեւոր իրադարձություն տեղի չի ունենում առանց Թուրքիայի նախագահի մասնակցության։ Ի դեպ, 2021թ. հունիսի 15-ին 2 նախագահները Շուշիում ստորագրել են դաշնակցային հարաբերությունների մասին երկկողմ հռչակագիր։ Շուշիի հռչակագրի նախաբանում մեջբերվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ տխրությունը՝ մեր տխրությունը» խոսքերը և Հեյդար Ալիևի «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» բանաձևը: Հոկտեմբերի 26-ին Ալիևի և Էրդողանի ներկայությամբ տեղի ունեցավ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացումը, որը նախկինում արցախահայության վերահսկողության տակ գտնվող շրջանի վարչական կենտրոնն էր, իսկ այսօր ադրբեջանական կողմն այն համարում է «դեպի Ղարաբաղ օդային դարպաս»:

Այսպիսով, նկատվում է թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ամրապնդում և Անդրկովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացում։  Սակայն Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, չնայած Թուրքիայի հետ վերը նշված ռազմավարական մերձեցմանը, պահպանում է ինքնուրույնությունը սեփական նպատակների և խնդիրների առաջմղման գործում։  Դրա վառ վկայությունն է Իսրայելի հետ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնումը։  Իսրայելը մինչ օրս շարունակում է մնալ Ադրբեջանի բանակի համար սպառազինության և տեխնիկայի կարևորագույն մատակարարը, և փոխշահավետ ռազմավարական համագործակցության միջոցով Բաքուն լուծում է ևս մեկ խնդիր՝ կապեր է պահպանում ԱՄՆ-ի իսրայելական լոբբիի հետ: Ավելին, Ալիևն ամեն կերպ ընդգծում է, որ կառուցողական հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ։  Տրանսպորտային հաղորդակցության բացումը, որը փորձում է պարտադրել Բաքուն, պետք է տեղի ունենա ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության երաշխիքներով, այլ ոչ թե Թուրքիայի։

Կասկածից վեր է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են համաձայնեցնել և համակարգել իրենց դիրքորոշումներն ու գործողությունները տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։  Սակայն իրականում նրանց մոտեցումներն էականորեն տարբերվում են, իսկ որոշ հարցերում նույնիսկ տրամագծորեն հակառակն են։  Օրինակ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ի տարբերություն «մեծ եղբոր», հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից գրեթե անմիջապես հետո Բաքուն իր դեսպանների և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պաշտոնապես դատապարտեց պաղեստինցիների գործողությունները և համերաշխություն հայտնեց Թել Ավիվին: Այդպիսով Ադրբեջանը դարձավ միակ իսլամական երկիրը, որն իր աջակցությունն է հայտնել Իսրայելին։

Միանգամայն հնարավոր է, որ Էրդողանը Ալիևին հստակ ցույց է տվել իր տեղը։ Փետրվարի 19-ին նախագահի պաշտոնում վերընտրվելուց, ինչպես նաև Մյունխենում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը պաշտոնական այց կատարեց Թուրքիա: Իլհամ Ալիևին և նրա տիկնոջը օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք: Էրդողանը հարկ չի համարել օդանավակայանում դիմավորել «փոքր եղբորը»՝ Ալիևին ցույց տալով իր տեղը։

 

  Զաբելա Ավագյան

Նորություններ