«Ռուս պաշտոնյաների հայտարարություններում հաճախ կայսերական ամբիցիաներ կան, բայց Մոսկվայի կարծիքն արդեն այնքան էլ կարևոր չէ»․ Ղևոնդյան | Region

«Ռուս պաշտոնյաների հայտարարություններում հաճախ կայսերական ամբիցիաներ կան, բայց Մոսկվայի կարծիքն արդեն այնքան էլ կարևոր չէ»․ Ղևոնդյան

Փետրվար 09,2026 10:20

«Ռուսաստանի վախը նախկին խորհրդային հանրապետությունից, որի համար սեփական շահերն են առաջնահերթություն, նորություն չէ։ Օվերչուկի վերջին հայտարարությունը, ինչպես և նրա նախորդ հայտարարությունները, նաև Լավրովի, Զախարովայի և ռուս այլ պաշտոնյաների հայտարարությունները, պետք է հասկանալ և դիտարկել հենց այս համատեքստում, քանի որ դրանք կարող են օգնել մեզ հասկանալ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի և նախկին խորհրդային այլ հանրապետությունների նկատմամբ։ Սակայն Հայաստանն ունի իր շահերը, իր առաջնահերթությունները։ Հայաստանի Հանրապետության շահերը ներառում է նախևառաջ ԵՄ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ որոշումը։

Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական անվտանգության հարցերով փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերն է և այդպիսին կմնա մոտակա հեռանկարում։ Ռուս պաշտոնյաների հայտարարությունները, ըստ Ղևոնդյանի, հաճախ պարունակում են կայսերական նկրտումների արձագանքներ և ազդեցության գոտիները պահպանելու ցանկություն, ինչն ուղղակի հակասության մեջ է մտնում հետխորհրդային պետությունների ազգային ձգտումների հետ։

Հիշեցնենք՝ օրերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «ԵԱՏՄ-ն Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերն է, և մոտակա հեռանկարում այդպիսին կմնա։ Ավելին, մենք տեսնում ենք, որ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է կապերը ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ այլ անդամների, մասնավորապես՝ Ղազախստանի հետ։ Նույնիսկ հացահատիկի առևտուր է սկսվել Ղազախստանի և Կիրգիզիայի հետ։ Հետևաբար, ԵԱՏՄ-ն Հայաստանի համար շատ կարևոր դեր է խաղում»։

«Պատրա՞ստ են արդյոք հայերը միանալ մի ռազմաքաղաքական դաշինքի, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հավանաբար, հայերը նույնպես պետք է իրենց նման հարց տան։ Ամեն դեպքում, իհարկե, այդ մասին նույնպես բազմիցս ասվել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է», – հավելել է ՌԴ փոխվարչապետը։

Ռոբերտ Ղևոնդյան

Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Հայաստանը չի կարող համատեղել անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, դա անհերքելի է։ Ղևոնդյանը կարծում է, որ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը երկարաժամկետ հեռանկար է, որը պահանջում է հիմնարար բարեփոխումներ և հարմարեցում եվրոպական չափանիշներին։

«Հայաստանը պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին, քանի որ տարբեր չափանիշներով չի համապատասխանում ԵՄ պահանջներին։ Հայաստանում ընդունվել է օրենք, և Հայաստանի կառավարությունը մշակել է երկրի ապագայի քաղաքականությունը, համաձայն որի՝ Հայաստանը պետք է բարելավի իր ցուցանիշները տարբեր ոլորտներում, որպեսզի հինգ, տասը կամ քսան տարվա ընթացքում համապատասխանի ԵՄ պահանջներին։ Այն բանից հետո, երբ Հայաստանը կկատարի ԵՄ պահանջները և ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի, հայ ժողովուրդը կորոշի՝ ցանկանո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ դուրս գալ դրանից և դառնալ ԵՄ անդամ»,-ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հենց Հայաստանի ժողովուրդն է այս հարցում վերջնական արբիտրը, և շեշտեց՝ «այս փուլում հայ ժողովուրդն արդեն որոշել է, որ ապրելու և զարգանալու է այս ուղղությամբ։ Բայց ամեն ինչ կարող է փոխվել, և, հնարավոր է, այն ժամանակ հայ ժողովուրդը փոխի իր կարծիքը։ Եթե ապագայում հայ ժողովուրդը, կշռադատելով բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները, որոշում կայացնի զարգացման եվրոպական ուղին նախընտրելու մասին, դա անխուսափելիորեն կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն»։

Ինչ վերաբերում է Օվերչուկի հայտարարություններին, թե ԵՄ-ն ռազմաքաղաքական դաշինք է, Ռոբերտ Ղևոնդյանն ասաց՝ դա պարզապես Ռուսաստանի կարծիքն է։ Սակայն Ուկրաինայի պատերազմը, ինչպես ընդգծեց նա, կատալիզատոր դարձավ ԵՄ-ի համար՝ դրդելով նրան ներքին հարաբերությունների խորը վերաիմաստավորման և, որ հատկապես կարևոր է, պոտենցիալ վերափոխման ռազմաքաղաքական դաշինքի։ Նման վերափոխումը, ըստ Ղևոնդյանի, լիովին կհամապատասխանի Հայաստանի ռազմավարական շահերին։

Քաղաքական անվտանգության փորձագետը նաև հույս հայտնեց, որ երբ Հայաստանը պատրաստ լինի անդամակցել ԵՄ-ին, ԵՄ-ն կդառնա ռազմաքաղաքական դաշինք, որովհետև ունի հնարավորություններ, տեխնոլոգիաներ և ներուժ։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի վերափոխումը ռազմաքաղաքական դաշինքի նշանակում է դառնալ Երկիր մոլորակի հզորագույն դաշինքներից մեկը, իսկ դա համապատասխանում է Հայաստանի շահերին․«Բայց այսօրվա ԵՄ-ն ռազմաքաղաքական դաշինք չէ, այսօր ԵՄ-ն տնտեսական միություն է։ Եվ ԵՄ-ի բոլոր հնարավորությունները զարգացման մեջ՝ ըստ տեխնոլոգիաների, մարդկանց կենսամակարդակի և այլնի, համապատասխանում են ամենաբարձր պահանջներին, որոնք կարելի է պատկերացնել։ ԵՄ մաս կազմելը Հայաստանի համար նշանակում է լինել առաջադեմ մարդկության մաս»։

Որքանո՞վ TRIPP նախագծի իրականացումը կուժեղացնի Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա։ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ TRIPP-ի իրականացումը զուտ նախաձեռնություն է և Միացյալ Նահանգների անվերապահ մուտքը մեր տարածաշրջանի տնտեսական կյանք։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի՝ TRIPP նախագծին մասնակցելու ցանկությունը որևէ կապ չունի իրականության հետ։

Փորձագետի կարծիքով՝ TRIPP-ի ճյուղավորումները ենթադրում են տարածաշրջանային համագործակցության ավելի լայն պատկեր և ավելի խորը հնարավորություններ այլ մասնակիցների համար «Արևմուտք-Արևելք» նոր համաշխարհային նախագծում։

«Հիմա ճանապարհը արևմուտքից արևելք և հակառակը անցնում է Հարավային Կովկասով, որովհետև մի փոքր վերև Ռուսաստանն է, որի հետ շատ մասնակիցներ խնդիրներ ունեն, իսկ մի փոքր ներքև՝ Իրանը և Մերձավոր Արևելքը, որտեղ նույնպես խնդիրներն առկա են։ Այնպես որ TRIPP-ը և դրա ճյուղավորումը Նախիջևանով, հետո նորից Հայաստանով, օրինակ՝ Երասխ-Գյումրի-Կարս երկաթուղին, հնարավորություններ են, որտեղ կարող են մասնակցել նաև այլ խաղացողներ։ Կա նաև ճյուղ Ադրբեջանի Ղազախի շրջանից Իջևանով, նորից դեպի Կարս, Թուրքիա և այլն։ Եվ բոլոր այս ուղղություններով կան հնարավորություններ այլ խաղացողների մասնակցության համար։ Կարծում եմ, որ այստեղ մրցակցություն կլինի, և ով կհաղթի այդ մրցակցությունում, ով կկարողանա ճիշտ խաղադրույքներ կատարել, ճիշտ ներդնել իր փողերը, նա էլ ի վերջո կշահի»,-ասաց փորձագետը։

Եզրափակելով՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց՝  Մոսկվան չի կարող որևէ միջոց ձեռնարկել Հայաստանին պահելու համար, որովհետև Հայաստանն այլևս Ռուսաստանի ազդեցության գոտի չէ․«Այս գործընթացը, որը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ից, ավարտվել է նույն թվականի հոկտեմբերի 6-ին։ Հայաստանը վերջնականապես դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության գոտուց, թեև Մոսկվայում այլ կերպ են մտածում։ Բայց, ինչպես արդեն ասացի, նրանց կարծիքն այնքան էլ կարևոր չէ անձամբ ինձ համար, հայ հասարակության և Հայաստանի իշխանության համար»։

Զաբելա Ավագյան

Նորություններ