Ինչպես են փոխվել ՔՊ-ի նախընտրական խոստումները 2021-ից 2026 թվականներին․ նոր ծրագրում չկա «Ցեղասպանության ճանաչումը», «ԼՂԻՄ»-ը, «բռնի տեղահանումը»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրերս հրապարակել է այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագիրը։ 2021-ին «Ապագա կա՛ Ապագա» ՔՊ-ի այս կարգախոս-խոստումն Արցախին չվերաբերեց։ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 2021 և 2026 թվականների ՔՊ-ի ծրագրերն, իհարկե, արմատապես տարբեր են։ Եթե 2021-ին խոսվում էր հարցի վերջնական լուծման և իրավունքների մասին, ապա 2026-ին հարցը տեղափոխվել է զուտ հումանիտար և Հայաստանի ներքին սոցիալական տիրույթ։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ և ինքնորոշում
2021 թվականին ՔՊ-ն հայտարարաում էր, որ Արցախի հարցի վերջնական կարգավորումը տեսնում է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով»։
ՔՊ-ն խոստանում էր, որ Հայաստանը լինելու է Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորը, ընդ որում, նշելով․«ՀՀ-ն շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»:
Իսկ ահա 2026 թվականի ծրագրում «Ինքնորոշում» և «Կարգավիճակ» տերմիններն այլևս չկան, փոխարենը շեշտում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության (29,743 կմ²) ամրապնդումը։ Արցախի հարցը դիտարկվում է ոչ թե որպես քաղաքական միավորի կարգավիճակի խնդիր, այլ որպես պատմական իրողություն։ Հիմա ՔՊ-ն, ինչպես նշված է ծրագրում, «Խաղաղության ինստիտուցիոնալացման առաջնային քայլերն են՝ սահամանազատման գործընթացի շարունակությունը, TRIPP նախագծի իրագործումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումը, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը»։
Տարածքային ամբողջականություն և «Դեօկուպացիա»
ՔՊ-ն 2021-ի ծրագրում նշել էր․«Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է»։
Բացի այս խոստանում էր՝ «բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:
2026 թվականի ծրագրում, բնականաբար «Դեօկուպացիա», «արցախցիների վերադարձ» «Մինսկի խումբ» չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Հիմա ՔՊ-ն վերադարձի մասին խոստումները փոխարինել է ինտեգրման ծրագրերով՝ բնակարանային ապահովման երկարաժամկետ ծրագրեր ՀՀ տարածքում, աշխատանքի և սոցիալական ներառման աջակցություն, ՀՀ քաղաքացիության շնորհում՝ որպես իրավական պաշտպանության միջոց։
Հարաբերություններ Թուրքիայի հետ. Ագրեսորից մինչև «գործընկեր»
2021-ին Թուրքիան սպառնալիք էր, ագրեսոր և ինչպես ՔՊ ծրագրում էր գրված, « Ադրբեջանը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օժանդակությամբ և ուղղակի ներգրավվածությամբ, ուժի գործադրմամբ է փորձել լուծել Ղարաբաղյան հակամարտությունը․․․»։ Ընդ որում, իշխող ուժը խոստանում էր «Միջազգային իրավունքի ընձեռած բոլոր մեխանիզմներով հետամուտ լինել ագրեսիայի ընթացքում ռազմական հանցագործությունների և հանցագործների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն»։
2026-ի ծրագրում այլևս նման խոստումներ չկան։ Ավելին, իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո պատրաստ է միջազգային այտյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչել՝ փոխադարձության սկզբունքով։
2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում էր, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել ՔՊ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստի համընդհանուր ճանաչումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ժողովուրդների միջև հաշտեցմանն ու համերաշխությանը, ինչպես նաև երաշխիք կդառնա նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման համար»։
2026-ի ծրագրում ՔՊ-ն Ցեղասպանությանը չի անդրադառնում։
Իսկ ահա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար այլևս որևէ պայման առաջ չի քաշում, ինչպես 2021-ին էր գրել։ Այս տարվա նախընտրական ծրագրում ՔՊ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ինչ-որ անհասկանալի, «լղոզված» ձևակերպումներ է տվել․ «Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի առանցքային նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն, և Կուսակցությունը գնալու է այս ճանապարհով»։
Ուշագրավ է, որ 2021-ին ՔՊ-ն Արցախ բառը հիշատակել է 38 անգամ, 2026-ի ծրագրում՝ 0, այս տարվա ծրագրում նույնիսկ չի օգտագործոմ Լեռնային Ղարաբաղից ԲՌՆԻ տեղահանված տերմինը, նշում է՝ «Ղարաբաղից տեղահանված»։
Նելլի Բաբայան
