Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամիս ժամկետով | Region

Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամիս ժամկետով

Հոկտեմբեր 02,2026 16:33

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը  կալանավորվել է 2 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, երեկ երեկոյան ՀՀ Դատախազությունը տեղեկացրել էր, որ «2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։ Այսօր ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։

Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայողը ապօրինի ներթափանցել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո  զենքից արձակել կրակոցներ: Իր զենքով վնասվածքներ էր հասցրել ընտանիքի երեք անդամներին, այնուհետև դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Վիրավորում ստացած կնոջ քույրը լրատվամիջոցներին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողին առաջինը նկատել են ընտանիքի դպրոցական երեխաները։ Ըստ «Ազատության»,  երբ նրանք հեռախոսով խոսում էին ծնողների հետ, կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպքերը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվորին, գոռգոռացել են ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից վերցրել է հեռախոսը:

Մայրը արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները:

Ապա, քրոջ խոսքով, զինվորը նորից է լիցքավորել ինքնաձիգը ու այդ ժամանակ ձեռքից վիրավոր կինը դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել: Այդ ընթացքում արդեն նրա 15-ամյա տղան է սկսել դիմադրել զինվորին: Ու հենց այդ ընթացքում էլ կոտրվել է տղայի դաստակը:

Նորություններ