«Խոսքը բնակավայրը տեղափոխելու և այնպես տեղադրելու մասին է, որ արանքում մյուս երկրի տարածք չլինի»․Փաշինյանը անկլավների փոխանակման մասին | Region

«Խոսքը բնակավայրը տեղափոխելու և այնպես տեղադրելու մասին է, որ արանքում մյուս երկրի տարածք չլինի»․Փաշինյանը անկլավների փոխանակման մասին

Հոկտեմբեր 15,2026 14:28

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրված ասուլիսում լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում էին  անկլավների փոխանակումից, որի մասին երեկ   հայտարարել է վարչապետը։

Հարցին, թե արդյոք խոսքը Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի, Բարխուդարլուի և Սոֆուլուի տարածքները Արծվաշենի հետ փոխանակելու մասին է, և արդյոք այդ հարցը քննարկվել է Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ, Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ինչ վերաբերվում է անկլավ-էքսկլավների հետ կապված խնդրին, այդ թեման միշտ էլ ներկա է եղել, այլ բան՝ դրա հետ կապված եղե՞լ է պայմանավորվածություն, թե՞ չի եղել։ Այս պահին էլ չկա ոչ մի պայմանավորվածություն, բայց ես զգում եմ, որ ըմբռնումը այդպիսին է, և խոսքը, այո՛, Քյարքիի, Բարխուդարլիի (որի մեջ նաև մի հատ էլ գյուղ կա, պայմանական այդ միավորը Բարխուդարլի և մի հատ էլ Սոֆուլու գյուղ կա) և Ասկիպարա գյուղի՝ այսինքն այդ երեք միավորների և Արծվաշենի մասին է»։

Նրա խոսքով՝ տերմինաբանությունը կարող է շփոթեցնող լինի․« Ես առաջարկում եմ, որ ինչ որ կասեմ, ինչ որ ասում եմ, դա չընկալել որպես դե յուրե, իրավաբանական տերմիններով չընկալել, որովհետև գաղափարն այն է, որ սահմանազատվեց,  սահմանի երկու կողմերում անկլավ-էքսկլավ չի լինում։ Հիմա դա ինչպե՞ս կազմակերպել․ դա մի քիչ տեխնիկական հարց է։ Օրինակ, որովհետև հիմա ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք։ Բայց, օրինակ, կարող է լինել հետևյալը, որ մենք Արծվաշեն գյուղն օրինակ՝ այստեղ է, Արծվաշենի և Հայաստանի արանքում տարածք կա, որը Ադրբեջանի տարածքն է, օրինակ՝ գաղափարներից մեկը կարող է լինել, որ այս Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում, մոտեցվում է՝ մի քիչ աջ տանելով, մի քիչ ձախ տանելով, մի քիչ ուղիղ տանելով, մի քիչ երկայնակի, գաղափարն այն է, որ գյուղը չենք փակում մենք, գյուղը ընդհակառակը վերստեղծում ենք, բայց որ իր և Հայաստանի արանքում չմնա տարածք, որ մարդն ասենք, Ճամբարակից մարդը գնում է իրենց տուն, պիտի գա մի հատ սահմանն անցնի, հետո երկրորդ սահմանն անցնի, հետո երրորդ սահմանն անցնի, հետո չորրորդ սահմանն անցնի։ Սա պրոբլեմ է։ Նույնն էլ հակառակ կողմից, այսինքն՝ նույնն էլ հակառակ կողմից, որովհետև սա է տրամաբանությունը»։

Սրա համար, ինչպես ասաց Փաշինյանը, մենք պետք է իմանանք՝ Արծվաշենը ո՞րն է, սահմանազատված ինչքա՞ն է տարածքը՝ համաձայն այն քարտեզների, որով մենք սահմանազատումն իրականացնում ենք․«Հիմա պարզվեց, որ X-ը, ասենք, այս տարածքը ինչ պրոպորցիայով, այսինքն՝ կարող է մի քիչ երկար լինի, կարող է մի քիչ․․․ այսինքն՝ ձևը էական չի, կամ պետք է նաև հարմար տարածք լինի, չէ՞,  դա միշերտանի հարց չի, այնպես հարթ տարածք չի, որ ասենք՝ ուղղակի բերենք այս կողմ, որովհետև հազար ու մի հարց կա այդտեղ՝ ջուր կա, ջուր չկա, այդ կոմունիկացիաները ոնց են։ Ես գաղափարն եմ ընդհանուր ասում, սրա մանրամասները քննարկված չեն ընդհանրապես։ Հա, այսպես դրվագ-դրվագ կարող է ինչ-որ մի բան խոսացվել է։ Եթե այլ մանրամասներ հարցնեք, ասեք՝ «բա սա ո՞նց է լինելու, բա այն ո՞նց է լինելու, դե յուրե ո՞նց է լինելու, դա հանրաքվեո՞վ է լինելու, թե՞ առանց հանրաքվեի է լինելու», այդ բոլոր հարցերին ես հիմա չեմ կարող պատասխանել, որովհետև դա, այդ թվում, իրավաբանական վերլուծության հարց է։

Ես խոսում եմ հնարավոր քաղաքական լուծման մասին։ Այսինքն՝ խոսքը բնակավայրը տեղափոխելու և այնպես տեղադրելու մասին է, որ արանքում մյուս երկրի տարածք չլինի, որ մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմաններ անցնել»։

Նորություններ