Երիտասարդների ձայնն ու կանանց դերը՝ ընտրություններից մինչև համայնքային որոշումներ․ ո՞վ պետք է ներկայացնի համայնքի շահերը
Հաճախ կարելի է լսել, թե ինչպես են երիտասարդները խոսում իրենց համայնքում առկա խնդիրների մասին։ Մեկը դժգոհում է, որ երիտասարդների համար հետաքրքիր զբաղմունք ու հնարավորություններ չկան, մյուսը պնդում է, թե համայնքում ոչինչ չի փոխվում, իսկ ոմանք էլ կարծում են, թե իրենց կարծիքը պարզապես լսելի չէ։
Հարց է առաջանում՝ որքանո՞վ են երիտասարդներն իրենք հետաքրքրված համայնքում տեղի ունեցող գործընթացներով և պատրա՞ստ են արդյոք մասնակցել իրենց համայնքի ապագային վերաբերող որոշումների կայացմանը։
2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու մի քանի մարզերի, նաև Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան համայնքներում։
Երբ խոսում ենք ընտրություններին մասնակցության մասին, հաճախ լսում ենք՝ «միևնույն է, իմ ձայնով ոչինչ չի փոխվելու» արտահայտությունը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչո՞ւ է նման մտածելակերպ ձևավորվում երիտասարդների շրջանում, որքանո՞վ են նրանք հետաքրքրված ընտրական գործընթացներով, ի՞նչ գիտեն իրենց իրավունքների մասին և ի՞նչ դեր կարող են ունենալ իրենց համայնքի կյանքում։
Երիտասարդները տեղեկացվա՞ծ են արդյոք իրենց ընտրական իրավունքներից և ՏԻՄ ընտրությունների ընթացակարգերից, ի՞նչ պետք է անի քաղաքացին, եթե ընտրությունների ընթացքում բախվում է ճնշման կամ նկատում է որևէ խախտում։
Ոչ պակաս կարևոր է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության հարցը։ Արդյո՞ք կանայք ունեն հավասար հնարավորություններ՝ մասնակցելու քաղաքական գործընթացներին, որքանո՞վ է պահպանվում օրենքով սահմանված գենդերային հավասարակշռությունը թեկնածուների ցուցակներում։
Երիտասարդների տեղեկացվածությունը, ընտրական գործընթացներին նրանց մասնակցությունն ու կանանց հավասար ներկայացվածությունը կարևոր նախապայմաններ են համայնքային ժողովրդավարության զարգացման համար։ Հարցն այն է՝ երիտասարդները պատրա՞ստ են իրենց դժգոհությունը վերածել մասնակցության, իսկ իրենց ձայնը՝ համայնքի ապագայի վրա ազդելու իրական հնարավորության։
Թեմայի շուրջ քննարկում է անցկացվել իրավաբան Գայանե Գևորգյանի և Ախուրյանի համայնքապետարանի երիտասարդության հարցերի ժամանակավոր պատասխանատու Լիպարիտ Մարկոսյանի մասնակցությամբ։
