Աշխատանք՝ քաղաքում, ընտանիք՝ ապագայում․ որո՞նք են գյուղերի ժողովրդագրական խնդիրների պատճառները | Region

Աշխատանք՝ քաղաքում, ընտանիք՝ ապագայում․ որո՞նք են գյուղերի ժողովրդագրական խնդիրների պատճառները

Հոկտեմբեր 24,2026 18:00

Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրում փաստացի ապրում է շուրջ 500 մարդ։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը զով , հաճախակի են լինում երաշտ տարիներ, որից մեծապես տուժում է գյուղատնտեսությունը։ Տեղաբնակները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղում արտադրական ձեռնարկություններ չկան․ նախկինում քարի արտադրամասեր են եղել, սակայն հիմա չեն գործում։

Սարգիս Հարությունյան

Քարինջ գյուղի բնակիչ Սարգիս Հարությունյանը ևս զբաղվում է անասնապահությամբ։ 68-ամյա քարինջցին Regions TV-ի հետ զրույցում նշեց՝ այդ գործով զբաղվում են տարեցները, երիտասարդները նախընտրում են քաղաքներում աշխատել՝ հիմնականում սպասարկման և շինարարության ոլորտներում։

Նրա մտահոգություններից մեկն այն է, որ երիտասարդ ընտանիքները գյուղում չեն մնում, հեռանում են Հայաստանի տարբեր քաղաքներ և արտերկիր։ Սարգիսը 3 երեխա ունի, որոնք ևս այլ վայրերում են բնակվում։

Գյուղի երիտասարդներն աշխատանք են փնտրում մոտակա քաղաքներում և Երևանում։ Կան ընտանիքներ, որոնք արդեն իսկ տեղափոխվել են մշտական բնակության։

Նորիկ Մկրտումյան

Քարինջի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանն ընդգծում է․ «Երկրից դուրս չեն գնում, ավելի շատ ներքին միգրացիան է մտահոգիչ։ Հիմնականում շինարարությամբ են զբաղվում Վանաձոր և Երևան քաղաքներում։ Տուն են վարձակալում։ Ոմանք սեփական բնակարան են ձեռք բերել և ընտանիքներին տեղափոխել»

Ըստ Նորիկ Մկրտումյանի՝ այսօր ամենալուրջ խնդիրը երիտասարդների արտահոսքն է և ամուսնությունների սակավությունը։ «Գյուղում 20-40 տարեկան տասնյակ երիտասարդ տղաներ կան, որոնք չեն ամուսնանում»,-ասում է վարչական ղեկավարը։  

Սարգիս Հարությունյանն ավելացնում է՝ գյուղում մոտ 60 երիտասարդ տղամարդ կա, որոնք չեն շտապում ամուսնանալ։  Նշում է՝ պատճառները տարբեր են, բայց հիմնականում երիտասարդ տղաները մտածում են՝ մշտական բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, լիարժեք ապահովված լինել, ապա միայն ընտանիք կազմել։

2025 թ․-ին, ըստ Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայքի, Քարինջում ոչ մի ամուսնություն չի գրանցվել։

Տեղի դպրոցում սովորում է 68 աշակերտ։  Ըստ վարչական ղեկավարի՝ կա մտավախություն, որ իրենց գյուղի դպրոցը ևս կընդգրկվի միավորման ծրագրի մեջ։ «Հուսանք՝ երիտասարդները կամուսնանան, ծնունդների թիվը կավելանա։ Հուսանք նաև, որ  մարդիկ չեն լքի իրենց բնօրրանը, ու մենք 100 երեխա կունենանք դպրոցում, և այդ կերպ կխուսափենք դպրոցի փակման վտանգից»,-ասում է Նորիկ Մկրտումյանը։

«Ազգային կրթության խորհրդի» հետազոտության տվյալների համաձայն՝ փակման ենթակա դպրոցների ամենամեծ բաժինը վերաբերում է Սյունիքի և Շիրակի մարզերին՝ 48-ական դպրոց։ Այս երկու մարզերը Լոռու հետ միասին ընդգրկում են փակման ենթակա դպրոցների շուրջ 2/3-ը (գծապատկեր 1)։ Ընդ որում, փակման ենթակա դպրոցներում աշակերտական ամենամեծ մասնաբաժինն ունի Շիրակը՝ 1622 աշակերտ, այնուհետ Լոռին՝ 1607 աշակերտ (գծապատկեր 2)։

Արմեն Ներսիսյան

Խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանն ընդգծում է՝  գյուղի դպրոցն ունի  համայնքաստեղծ, մշակութային, անվտանգային, տնտեսական նշանակություն, ըստ այդմ ՝ գյուղերում կրթական հաստատություններ փակելը չի լուծում այն խորքային խնդիրները, որոնք առկա են, ավելին, կխորանան ժողովրդագրական, անվտանգային  ու սոցիալ-տնտեսական խնդիրները։

Դպրոցի հեռանկարի և ամուսնությունների սակավության հետ կապված վիճակը մտահոգում է նաև հարևան Մարց գյուղի բնակիչներին։ Նույն ժամանակահատվածում՝ 2025թ․-ին, այստեղ ծնվել է 1 երեխա, գրանցվել է 1 ամուսնություն։

Արեն Ղազարյան

Մարցում ճանապարհի բարեկարգման և ջրագծի նորոգման հարցերը լուծվել են, սակայն այս տարածաշրջանում ևս բախվում են ժողովրդագրական խնդիրների։ Ըստ վարչական ղեկավար Արեն Ղազարյանի՝ Մարց գյուղում կա 460 գրանցված բնակիչ, բայց փաստացի բնակվողների թիվը 350 է։

«Լոռու մարզի Թումանյան համայնքի մի շարք բնակավայրերում երիտասարդները չեն զբաղվում անասնապահությամբ, հեռանում են գյուղերից՝ հիմնականում դեպի Երևան։ Ի՞նչ ծրագրեր են իրականացվում համայնքում ներքին միգրացիայի տեմպերը մեղմելու և ժողովրդագրական խնդրի խորացումը կանխելու ուղղությամբ»։

Regions TV-ն նման բովանդակությամբ նամակ է  հասցեագրել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որտեղից ստացվել է հետևյալ պատասխանը։

«2025թ․-ին հաստատվել են Թումանյան, Մարց, Շամուտ, Աթան, Դսեղ, Ահնիձոր, Քարինջ և Լորուտ բնակավայրերում լուսավորության համակարգի կառուցման, 2026-ին՝ Դսեղի, Քարինջի խմելու ջրի ջրագծերի վերանորոգման ծրագրերը, Թումանյանում նախատեսված են ասֆալտապատման և մի քանի բնակավայրերում սալարկման աշխատանքներ։

Իրականացվել են դասընթացներ և դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է զարգացնել Թումանյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմի կարողությունները։ Համայնքում կատարվել է ամբուլատորիայի հիմնանորոգում և արդիականացում»։

Բավարա՞ր են արդյոք արդեն իսկ կյանքի կոչված և նախատեսված ծրագրերը ներքին արտագաղթը, բնակչության արտահոսքը կանխելու, երիտասարդներին գյուղերում պահելու համար։ Ո՛չ՝ նշում են համայնքի բնակիչները՝ ավելացնելով՝ միայն ենթակառուցվածքների բարելավումը բավարար չէ գյուղական բնակավայրերի դատարկումը կանխելու համար, անհրաժեշտ պայման են աշխատատեղերի, կայուն եկամտի առկայությունն ու գյուղում ապրելու հեռանկարը։

Էդուարդ Մխիթարյան

Նորություններ