Մարտիրոս. ծերացող գյուղը
Երիտասարդները հեռանում են, գյուղերը` ծերանում:
Այսօր ուզում եմ պատմել իմ գյուղի և այն մասին, թե որքան կարևոր է երիտասարդների դերը մեր գյուղերը կենդանի պահելու գործում։
Սահմանամերձ Մարտիրոս գյուղը երկու մասից է բաղկացած՝ հին ու նոր:
1960-ականներին սողանքների պատճառով բնակչությունը տեղափոխվել է: Խորհրդային իշխանությունները հիմնել են նոր գյուղը, արագ կառուցել նոր տներ և հանձնել բնակիչներին, սակայն այսօր կրկին գյուղի տների մեծ մասը վթարային է, բնակչիների կարծիքով, ոչ միայն սողանքի, այլև 60-ականների անխղճորեն արված անորակ շինարարության պատճառով։
Մի քանի ընտանիք, սակայն, շարունակել և շարունակում են ապրել հին գյուղում, չեն հասցրել նոր գյուղում տուն կառուցել նրանց համար:
Այդ տարիներին էլ եղել է հիմնական արտագաղթը. ուղղությունները՝ Երևան, Արմավիր, Արտաշատ, Հայաստանից դուրս տարբեր բնակավայրեր:
Դպրոցից ու գյուղապետարանից բացի, այլ աշխատատեղ գյուղում չկա։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակմամբ, բայց գրեթե ամեն տարի գյուղի բերքն ու բարիքը ցրտահարության կամ շոգի պատճառով փչանում է։ Բարդացել է նաև անասնապահությամբ զբաղվելը, հովիվը 1 օրվա չարչարանքի համար 5000 դրամ է ստանում, իսկ աշխատանքն էլ սեզոնային է։ Դժվարանում են իրացնել կաթնամթերքն ու միսը, և աստիճանաբար շատերը հրաժարվում են զբաղվել գյուղատնտեսությամբ կամ անասնապահությամբ։
Մարտիրոսի դպրոցում այժմ սովորում է 63 աշակերտ, որոնց վերջերս միացան նաև մի քանի արցախցի երեխա։ Նրանք իրենց ընտանիքներով տեղափոխվել են Մարտիրոս գյուղ 2023թ․-ի սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո։
Հին գյուղից պատմության ուսուցչուհի Լուսինե Մարգարյանը, եղբայրը՝ Նարեկը, նրանց հարևան Արայիկը և Մարիամը դպրոց են գնում ոտքով, 2 կմ՝ հին գյուղից նոր գյուղ:
Փոքրիկները հարևան Զառիթափի մանկապարտեզն են հաճախում. Մարտիրոսինը վաղուց չի գործում: Գյուղի բնակիչ Կարինե Աղաբեկյանը նշում է, որ տրանսպորտ է տրամադրվում երեխաներին տեղափոխելու համար, քանի որ երեխաները շատ չեն և Մարտիրոսում մանկապարտեզ բացելու անհրաժեշտություն չկա։ Երեխաները նաև սպորտի խմբակ կամ արվեստի դպրոց հաճախելու հնարավորություն չունեն: Վայք գնալու համար տաքսի է պետք, նվազագույն վճարն էլ՝ 2000 դրամ:
Մարտիրոսում, ինչպես մարզի շատ գյուղերում, կանգառներ կան, երթուղայիններ՝ ոչ, ինչը կրկին բարդացնում է գյուղացու կյանքը։
Գյուղի բնակչությունը տարեցտարի պակասում է․ հաճախ տեղափոխվում են ընտանիքներով: Գնում են Վայք, Եղեգնաձոր, Երևան՝ «մեր էրէխեքն էլ մի բանի հասնեն», «չմնան մեր անապատ դարձած գյուղում» հիմնավորումներով։
Գյուղը չունի գործող գրադարան, մարտիրոսցիներն օգտվում են Վայքի գրադարանից։ Մշակույթի տունը վթարային է։
Այնուամենայնիվ, 2023թ.-ին, իմ նախաձեռնությամբ և երեխաների ծնողների՝ հանձինս Արևիկ Թովմասյանի օգնությամբ, տոնակատարությամբ նշվեց գյուղի 741 ամյակը։
Մարտիրոսն այն սակավաթիվ գյուղերից է, որի հիմնադրման տարեթիվը հայտնի է, այդ մասին վկայում է գյուղամեջի մեծ աղբյուրի մոտ գտնվող գեղաքանդակ խաչքարը՝ 1283 թ.-ի արձանագրությամբ։
Տոնակատարության ընթացքում երեխաները ներկայացրեցին ազգային երգ ու պար, ասմունք: Հյուրերը զարմացած էին, որ բեմում փայլող երեխաները որևէ խմբակ չեն հաճախում, և ափսոսանք հայտնեցին, որ գյուղում նրանց համար չկա որևէ խմբակ։ Ցավոք, նման միջոցառումները շարունակական բնույթ չունեն: Երիտասարդները, ինչպես և ես, հաճախ աշխատանքի կամ ուսման պատճառով տեղափոխվում են այլ բնակավայրեր։ Ես էլ գյուղում աշխատատեղ չլինելու և սովորելու նպատակով ներկա պահին Երևանում եմ բնակվում։ Բայց փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ։
Գյուղացիներին հուզում է նաև այն խնդիրը, որ երեխաները չունեն այնպիսի տարածք, որտեղ կարող են կազմակերպել իրենց ժամանցը` մարզվելու կամ արվեստի որևէ ճյուղով զբաղվելու համար։ Համապատասխան տարածք ունենալու դեպքում մենք ինքնուրույն կարող ենք կահավորել և ունենալ ցանկալի միջավայրը՝ արտերկրում բնակվող մարտիրոսցիների աջակցությամբ։ Կան նման մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել մեզ։
Նաիրի Մելքոնյանն այժմ բնակվում է ՌԴ-ում, բայց չի մոռացել հայրենի գյուղը և Հայրենական պատերազմում մարտիրոսացած մարտիրոսցիների համար հին գյուղի կենտրոնում եկեղեցու հարևանությամբ հուշատախտակ է կառուցել։
Հուշակոթող է կանգնեցվել նաև 2020թ․-ի 44-օրյա արցախյան պատերազմի մարտիրոսցի հերոսների՝ Հայկ Մկրտչյանի և Արման Մարգարյանի հիշատակին:
Հին գյուղի կենտրոնը դարձել է մարտիրոսցիների սրբավայրը, որտեղ գտնվում է Սուրբ Երրորդություն Երկրորդ Երուսաղեմ գործող եկեղեցին։
Շատերը երանությամբ հիշում են միայն խորհրդային տարիները, երբ բնակչության թիվը հասնում էր 1800-ի: 314 մարտիրոսցի մասնակցել է Հայրենական պատերազմին, նրանցից 203 -ը զոհվել են, վերադարձել՝ 111-ը ։
Այսօր Մարտիրոսում 323 մարդ է ապրում: Եթե գյուղում աշխատատեղ լինի, ես սովորելուց հետո սիրով կվերադառնամ և իմ հասակակիցներին էլ կհորդորեմ ներգրավվել գյուղերը զարգացնող ծրագրերում:
Մարտիրոսը նաև հրաշք պատմամշակութային և բնական հուշարձաններ ունի, որոնց մասին հաջորդիվ կպատմեմ…