Ոստիկանություն և փրկարար ծառայություն՝ բանակի փոխարեն. ինչ ռիսկեր է տեսնում փորձագետը նոր նախագծում | Region

Ոստիկանություն և փրկարար ծառայություն՝ բանակի փոխարեն. ինչ ռիսկեր է տեսնում փորձագետը նոր նախագծում

Նոյեմբեր 16,2026 20:56

Հոկտեմբերի 29-ին գործադիրը հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և հարակից օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը որոշ մտահոգություններ է տեսնում այս նախագծում։ Նրա կարծիքով՝ բանակը կարծես ստորադասվում է ՆԳՆ-ի՝ նոր կադրերով համալրվելու հաշվին։

«Մի ուժային կառույցը փորձում է անձնակազմը համալրել մեկ այլ ուժային կառույցի հաշվին։ Եթե ներքին գործերի նախարարությունը ցանկանում է համալրել իր անձնակազմը, ապա այն չպետք է դիտարկվի որպես արտոնություն կամ առավելություն՝ բանակը և զինված ուժերը դրանով իսկ ստորադասելու գնով»,-RegionsTV-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով կառավարության որոշմանը։

Այս օրենսդրական փաթեթով առաջարկվում է՝

  • Դպրոցը (հանրակրթությունը) նոր ավարտած երիտասարդներին՝ առանց նախնական պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու, անմիջապես դիմել և ընդունվել ՆԳՆ ուսումնական հաստատություն (պետական պատվերով), ստանալ մասնագիտական կրթություն և ապագայում ծառայել ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում։
  • Ուսումնառության ամբողջ ընթացքում (1 տարի 6 ամիս) ուսանողները ստանալու են ամսական վարձատրություն՝ 95,000 դրամ, իսկ ուսման ծախսերը հոգալու է պետությունը։
  • Ուսումնառությունն ու դրան հաջորդող անընդմեջ ծառայությունը համարվելու են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության այլընտրանքային և արդյունավետ իրացում։
  • Միջին մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո շրջանավարտները նշանակվելու են միջին խմբի պաշտոններում՝ ՆԳՆ համակարգում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։ Միջին խմբում 5 տարի ծառայելուց հետո հնարավորություն կա անցնել ավագ խմբի, իսկ այնտեղ 3 տարի ծառայելուց հետո՝ գլխավոր խմբի պաշտոնների։ Միջին խմբի պաշտոնում նշանակվելու պահից անձինք համարվելու են ատեստավորված և ստանալու են Կառավարության սահմանած չափով հավելավճար։
  • Փաթեթով սահմանվում է, որ պետական պատվերով փրկարարական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողը պարտավոր է փոխհատուցել իր ուսման ծախսերը, եթե պաշտոնի նշանակվելուց հետո ՆԳՆ համակարգում (ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում) չի ծառայում անընդմեջ 10 տարի։
  • Ծախսերի փոխհատուցումից ծառայողն ազատվում է միայն երկու դեպքում՝ եթե լրիվ ծառայում է նախատեսված 10 տարին, կամ եթե ծառայությունից ազատվում է հիվանդության ու ժամանակավոր անաշխատունակության պատճառով։

Եթե հաշվի առնենք, որ պետությունը յուրաքանչյուր ուսանողի համար 1.5 տարվա կտրվածքով միջինում ավելի քան 4.3 միլիոն դրամ է ծախսելու, ինչպես որոշման մեջ է նշված, ապա կարելի է ենթադրել, որ փոխհատուցումն էլ այդքան կլինի։

18 տարեկան հասակում արված մասնագիտական ընտրությունը կարող է ժամանակի ընթացքում սխալ դուրս գալ անհատի համար։ Բացի այս, 10 տարի անընդմեջ ծառայելու խիստ պայմանը նշանակում է, որ երիտասարդը զրկվում է ճկունությունից․ եթե մի քանի տարի անց նա հասկանա, որ այլևս չի ցանկանում շարունակել այս ծառայությունը, ստիպված կլինի բախվել պայմանագրային խիստ իրավական կամ ֆինանսական պատասխանատվության խնդիրների։

«Սա շատ վտանգավոր միտում է և խոսում է առկա խտրականության մասին: Մենք անընդհատ խոսում ենք մարդու և մասնագիտական իրավունքների պաշտպանության մասին, մինչդեռ այստեղ ակնհայտ խտրականություն է դրսևորվում, ինչն այս տեսանկյունից դարձնում է նախաձեռնությունը խիստ հակասական»,-ասում է Հովհաննիսյանը։

Ռազմական փորձագետը գտնում է, որ ցանկացած ուժային կառույցում ծառայության անցնելու համար պետք է պարտադիր լինի զինվորական ծառայությունը։ Օրինակ է բերում եվրոպական երկրներն, ասում է՝ ԵՄ մի շարք երկրներում որոշակի պետական պաշտոններ զբաղեցնելու համար պաշտոնյան պարտադիր պետք է անցած լինի զինվորական ծառայություն,  այսինքն՝ զինվորական ծառայությունը պարտադիր չէ, սակայն որոշակի պաշտոնների համար զինծառայությունը պարտադիր պայման է։ Փորձագետն ասում է՝ լավ կլիներ  մենք էլ կիրառենք  այդ փորձը։

Մինչդեռ այս օրենսդրական փոփոխությամբ, ըստ փորձագետի, կարծես որոշակի առավելություն է դիտարկվում ԶՈՒ-ում չծառայելը․«Կրկնում եմ՝ բանակը չպետք է ստորադասվի ներքին գործերի նախարարությանը, չծառայելը չպետք է դիտարկվի որպես առավելություն։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա. ստացվում է, որ մենք ոտնահարում ենք այն բոլոր զինծառայողների իրավունքները, որոնք գնացել և կատարել են իրենց զինվորական պարտքը»։

Տիրուն Մարգարյան

Նորություններ