Տերմինալների գողության դեպքերի ցուցանիշը մտահոգիչ է
Հռիփսիմե Կարապետյանին պատկանող խանութը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում թալանվել է մեկ տարի առաջ, կեսգիշերին։ Հանցագործությունը դեռ չի բացահայտվել։ Խմիչքից ու ծխախոտից բացի, գողերը տարել են նաև վճարային տերմինալը։ Սարքը իրավապահները գողությունից օրեր անց գտել են խանութից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ վնասված և առանց գումարի։
«Առավոտը ժամը 10-ին հասա խանութ, կողպեքը ջարդված էր, կաղամբները գետնին թափված, «Թել-Սել»-ի տերմինալն էլ չկար, տարել էին», – պատմում է Հռիփսիմե Կարապետյանը։ Կողոպտված խանութի տեսախցիկները ֆիքսել են գողությունը. «Գիշերվա ժամը 03.05-ին երկաթյա լինգով կոտրել են տերմինալն ու տարել»:
Իրավապահները Հռիփսիմեին հավաստիացրել են, որ գողության դեպքը բացահայտվելու է, սակայն տուժողը թերահավատ է, գողությունից անցել է 15 ամիս, բայց գողության մանրամասների մասին Հռիփսիմեն գիտի այնքան, որքան գիտեր փետրվարի 13-ի առավոտյան։
Քննչական մարմնից մեծ սպասելիք չունի նաև գողացված վճարային տերմինալի սեփականատերը, որը չցանկացավ իր անունը հայտնել։ Նա ասաց, որ ամեն օր, երեկոյան, տերմինալից կանխիկ դրամը հանել է, հետևաբար, գողացված գումարը մեծ չի եղել։ Այս գողությունից մեկ օր անց՝ փետրվարի 13-ին, գողացել են նույն անձին պատկանող ևս մեկ վճարային տերմինալ՝ տեղադրված Նոր Նորք վարչական շրջանի մեկ այլ հասցեում։
Պարզելու համար, թե 2018- 2023 թվականներին վճարահաշվարկային տերմինալների գողությունների դեպքերից քանիսն է ուղարկվել դատարան, քանիսը՝ կարճվել կամ կասեցվել, հարցում ուղարկեցինք Ներքին գործերի նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունից տեղեկացրին, որ իրենք վճարային տերմինալների գողության դեպքերի առանձին վիճակագրություն չեն վարում։ Նույնաբովանդակ պատասխան ստացանք նաև ոստիկանությունից։
Կենտրոնական բանկից վճարահաշվարկային տերմինալների շահագործման լիցենզիա է ստացել 8 կազմակերպություն։ Դրանք են՝ «Իզի փեյ» ՍՊԸ-ն, «Թել-Սել» ՓԲԸ-ն, «Իդրամ» ՍՊԸ-ն ,«Ֆասթ շիֆթ» ՍՊԸ-ն,«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, «Մոբի դրամ» ՓԲԸ-ն, «ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ-ն և «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» ՓԲԸ-ն։
3 ընկերություններից փորձել ենք պարզել՝ տեղյա՞կ են իրենց կողմից սպասարկվող տերմինալների գողություններից, վերջին 5 տարում դրանց հետևանքով որքա՞ն վնաս են կրել, տերմինալների գումարը ապահովագրվա՞ծ է, եւ արդյո՞ք տերմինալի սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է։
«Թել-Սել» ՓԲԸ-ից մեր հարցմանը պատասխանել են. «Ընկերության հաճախորդները վնասներ չեն կրում, ռիսկերն ամբողջությամբ իր վրա է վերցնում «Թել-Սել» ՓԲԸ-ն։ Ընկերությունը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ, աջակցություն է ցուցաբերում դեպքերի բացահայտման ու հետագա կանխման գործընթացում։ Ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունները հրապարակված են պաշտոնական կայքէջում, իսկ մնացած տեղեկատվությունը համարվում է ընկերության կոմերցիոն գաղտնիք»։
Ընկերությունից չեն նշել, թե իրենք ինչ վնասներ են կրել գողությունների պատճառով։
«Իդրամ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Քդենյանը մեր հարցմանը պատասխանել է, որ ընկերությունը տեղյակ է գողություններից, տարեկան արձանագրվում է միջինը 4-5 դեպք։ Վերջին 5 տարում ընկերությունը տերմինալների գողությունից կրել է մոտ 10 մլն ՀՀ դրամի վնաս։
«Տերմինալների մեջ գտնվող գումարը ապահովագրված է։ Տուժող կողմը ապահովագրական ընկերությունից ստանում է մասնակի փոխհատուցում, իսկ տերմինալներից կատարած գողությունների քննությունը, մեր սուբեկտիվ պատկերացմամբ, աչքի է ընկնում բացահայտման բարդ դինամիկայով և լատենտայնությամբ, հանցագործություն կատարած անձինք հիմնականում չեն բացահայտվում», – ընդգծել է Արսեն Քդենյանը։
«Իզի Փեյ» ՍՊԸ-ն, ըստ գործադիր տնօրեն Մհեր Գալստյանի պարզաբանման, ամբողջությամբ տիրապետում է կատարված գողություններին վերաբերող տեղեկատվությանը։ Մհեր Գալստյանը նշել է, որ իրենք տուժում են ինչպես գողությունների, այնպես էլ գողություն կատարելու նպատակով սարքավորումները ջարդել, փչացնելու պատճառով։ Վերջին 5 տարում ընկերությունը գողություններից կորցրել է 68,433,580 դրամ, տերմինալների վնասումից՝ 12,049,531 դրամ։
Գողության դեպքում միակ տուժողը վճարահաշվարկային կազմակերպությունն է և ոչ թե անհատը, որը գնում է տերմինալն ու տեղադրում հասարակական վայրերում։ Շահառուների օգտին ընդունված վճարումները միանշանակ ենթակա են փոխանցման։ Սարքավորումների մասով տուժողը ընկերությունն է։
Եթե սարքավորումը պատկանում է անհատի, որը պայմանագիր է կնքել ընկերության հետ, ու աշխատում է «Իզի Փեյ»-ի ծրագրով, ապա տուժողն անհատն է։
Այլ տնտեսվարողների պատկանող «Իզի Փեյ» ՍՊԸ-ի վճարահաշվարկային համակարգով շահագործվող տերմինալների դեպքում տուժող է հանդիսանում տվյալ սարքավորումը համակցման ներկայացրած պայմանագրի կողմ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտը։