Ախտայի պահապանը
Վոլոդյա Մնացականյանը Վայոց ձորի Ախտա գյուղի միակ բնակիչն է։ Ինչպես ինքն է ասում` սողանքի պատճառով Ախտան դուրս են գրել գյուղերի ու համայնքների ցանկից։ 1988թ․-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը՝ Ախտայում բնակվող ադրբեջանցիները հեռացան Հայաստանից, իսկ Ադրբեջանից գաղթած հայ բնակչությանն այստեղ, որպես սողանքավտանգ տարածք՝ չբնակեցրեցին։
Իրավիճակի արդյունքում, մինչև 1989թ․ Ախտան ուներ 251 բնակչից, իսկ 2011-ին արդեն գյուղում ապրում էր ընդամենը 1 բնակիչ՝ Ռազմիկ Մնացականյանը։ Նրա մահից հետո, որդին՝ Վոլոդյան, ՌԴ-ից տեղափոխվեց և մշտական բնակություն հաստատեց հարազատ Ախտայում՝ որ գյուղի ծուխը չմարի։
Վ․ Մնացականյանը հայրենի գյուղում վերահաստատվելուց հետո սկսեց զբաղվել անասնապահությամբ, հիմա արդեն նրա հիմնական զբաղմունքը այգեգործությունն է և մեղվապահությունը: Վոլոդյան հպարտությամբ է խոսում իր գյուղի, գյուղական աշխատանքների մասին:
Հարմարվել է բոլոր դժվարություններին, մենակությանը, վայրի կենդանիների ներկայությանը և իր համար ստեղծել է բոլոր հնարավոր միջոցները՝ դժվարություններին դիմակայելու համար։ Օրինակ, միշտ ձեռքի տակ ունի առաջին բուժօգնության պարագաներ։ Կոմունալ ծառայություններից գյուղում միայն գազ կա։ Ջուրը բերում է գետից, իսկ հոսանքն էլ ստանում է արևային էներգիայի հաշվին․ հոսանք ստանալու համար էլ ամեն ինչ ինքնուրույն է արել։
Վոլոդյան ամուր է իր համայնքում։ Ասում է՝ անգամ ամենաթանկարժեք բնակարանի և ավելի հեշտ ապրելակերպի հետ չի փոխի իր տունը։ Նա իր սեփական տեսլականն ու անձնական նպատակներն ունի համայնքի հետագա զարգացման համար։ Ցանկանում է ռեստորան բացել, հյուրատուն սարքել, կարճ ասած՝ գյուղում զարգացնել սպասարկման ոլորտը։ Այս նպատակներն իրագործելու ճանապարհին՝ նպատակ ունի որդիներին էլ հետ կանչել ՌԴ-ից։
Իսկ մինչ այդ, շարունակում է ապրել իր առօրյայով, ամեն օր լույսը բացվելու հետ սկսում է իր ամենօրյա աշխատանքը, որով էլ հոգում է իր ապրուստը։ Բնության տված բարիքներն էլ է օգտագործում․ ամռանը հավաքում է անրհաժեշտ բուսատեսակները ու պաշար ամբարում ձմեռն ապահով անցկացնելու համար։ Ասում է՝ անգամ Ախտայի ձմեռն է սիրում։