Նոր սկանդալ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում | Region

Նոր սկանդալ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում

Մայիս 20,2024 13:06

– Ժերալդ Դարմանենը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ

–   Բաքուն նոր Կալեդոնիայում հրահրել է անջատողական շարժում

– Ալիևը Ֆրանսիայի անդրծովյան նահանգների ներկայացուցիչներին ֆինանսական աջակցություն է խոստացել     

Մայիսի 13-ից Նոր Կալեդոնիան՝ Փարիզից 17,000 կմ հեռավորության վրա գտնվող արշիպելագը, որն ունի մեծ ինքնավարություն՝ իր ինստիտուտներով և քաղաքական համակարգով, պատել են անկարգությունները, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ փոխհրաձգություններով: Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում բախումների հետևանքով 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 ժանդարմ, մոտ 300 մարդ վիրավորվել է: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը մայիսի 15-ի երեկոյան հայտարարել է նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն մտցնելու և պարետային ժամ սահմանելու մասին:

Անկարգությունների առիթ է դարձել տեղական ընտրություններում ընտրազանգվածի ընդլայնման մասին Ֆրանսիայի Սահմանադրական օրինագծի դեմ բողոքը: Նոր Կալեդոնիան երեք անգամ անցկացրել է անկախության հանրաքվեներ և ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել է Ֆրանսիայից անկախությունը: Դրանից հետո Փարիզը մտադիր է թույլատրել քվեարկել բոլոր նրանց, ովքեր ապրում են արշիպելագում ավելի քան տասը տարի: Սա գնահատվում է որպես քայլ դեպի ֆրանսիական քաղաքական համակարգին ավելի մեծ ինտեգրում։

Նոր Կալեդոնիայում իրավիճակն այնքան բարդ է, որ Փարիզը ստիպված է եղել այնտեղ լրացուցիչ զորքեր ուղարկել։

Մայիսի 16-ին ֆրանսիական արշիպելագում զանգվածային անկարգությունների ֆոնին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը France2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայի իրադարձություններին:

«Դա ֆանտազիա չէ, իրականություն է։ Ես ցավում եմ, որ անկախության օգտին հանդես եկող Կալեդոնիայի որոշ առաջնորդներ գործարք են կնքել Ադրբեջանի հետ», – հայտարարել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը, Չինաստանը եւ Ռուսաստանը չեն միջամտում Նոր Կալեդոնիայի գործերին։  Դերմանենը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում հայերի նկատմամբ: «Դա բռնապետություն է (նկատի ունի Ադրբեջանը), որը, ինչպես բոլորս գիտենք, սպանում է հայերին»,- հայտարարել է ֆրանսիացի նախարարը: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցների մի մասը գործարք է կնքել Ադրբեջանի հետ, և չնայած միջամտության որոշակի փորձերին՝ Ֆրանսիան իր տարածքում պահպանում է ինքնիշխանությունը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ի պատասխան բավական կտրուկ հերքում է հրապարակել՝ Փարիզին մեղադրելով նեոգաղութատիրության մեջ և ներողություն պահանջելով «բռնապետության» մեղադրանքների համար:

Այնուամենայնիվ, չնայած Ադրբեջանի հայտարարություններին, Բաքուն որոշ հարաբերություններ ունի Նումեայի հետ։ Ադրբեջանի իշխանությունները սատարում են Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին: Կանակական խորհրդանիշների հետ մեկտեղ ցույցերին պարզել են նաև ադրբեջանական դրոշներն ու Բաքվի նախաձեռնող խմբի խորհրդանիշները: Նումեայում չկա Ադրբեջանի դեսպանություն, այնտեղ չկա ոչ մի դիվանագիտական ներկայացուցչություն, ոչ մի ադրբեջանական բիզնես։ Հետաքրքիր է ՝ ինչպես են այնտեղ հայտնվել ադրբեջանական դրոշները։

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումը հանգեցրեց Փարիզի եւ Բաքվի հարաբերությունների սառեցմանը, ինչը լուրջ հետեւանքներ ունեցավ (դիվանագետների արտաքսում, Փարիզի Օլիմպիադայի դեմ արշավ, Բաքվում Ֆրանսիական լիցեյի փակման մասին հայտարարություն): Նոր Կալեդոնիայի նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը կարող է կապված լինել Հայաստանի հետ Ֆրանսիայի լավ հարաբերությունների, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցության հետ:

Ադրբեջանն իսկապես նոր մակարդակի է հասցրել եվրոպական պետության դեմ պայքարի ինտենսիվությունը։ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանը ֆրանսիական անդրծովյան տարածքներից (Մարտինիկա, Գայանա, Նոր Կալեդոնիա և Ֆրանսիական Պոլինեզիա) անկախության օգտին հանդես եկող ուժերի ներկայացուցիչներին հրավիրել էր Բաքու: Կոնֆերանսի ժամանակ Իլհամ Ալիևը հարձակվեց Ֆրանսիայի վրա՝ անվանելով «նեոգաղութատիրության խորհրդանիշ»։ Արդյունքում ձևավորվեց «Բաքվի նախաձեռնող խումբ» ընդդեմ ֆրանսիական գաղութատիրության։  Ադրբեջանի համար հենց Փարիզն է մարմնավորում հայամետ արևմտյան աջակցության հավաքական կերպարը։  Բայց մի բան է բառերով դատապարտել Փարիզին 19-20-րդ դարերի մեղքերի համար, այլ բան է սադրիչ գործողություններ ձեռնարկել միջուկային զենք ունեցող երկրի դեմ, մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդամ է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

Այս տարվա ապրիլին, այսինքն՝ Նոր Կալեդոնիայի ընտրական օրենսդրության փոփոխությունների նախօրեին, Բաքվում Կալեդոնիայի Կոնգրեսի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջև ստորագրվեց «երկու երկրների միջև համագործակցության հուշագիր»: Իսկ մայիսի 16-ին «Բաքվի նախաձեռնող խումբը» և Ֆրանսիայից անկախության համար պայքարող 14 քաղաքական շարժումները համատեղ հայտարարություն են տարածել:

 Առաջին հերթին դրանք Կալեդոնիայի, Ֆրանսիական Պոլինեզիայի, Ֆրանսիական Գվիանայի, Գվադելուպայի, Մարտինիկի և Կորսիկայի կանակներն էին։ Հայտարարության մեջ դատապարտվում են Կալեդոնիայի ընտրական օրենսդրության փոփոխությունները, որոնք հանգեցրել են բողոքի ցույցերի:

Լայն ճակատում ներգրավվել են կանակները, միայն թե զայրացնեն Ֆրանսիային, որը պաշտպանում է հայերին։ Սակայն Ֆրանսիան միանգամայն արդարացիորեն լուրջ է ընդունում Ադրբեջանի գործողությունները Նոր Կալեդոնիայի նկատմամբ։ Սա այն դեպքն է, երբ երկու երկրների միջև հիբրիդային դիմակայությունը նոր մակարդակի է հասել։

Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի մի մասն է։ Նրան կամ տեղի ինչ-որ ներքին քաղաքական շարժմանը «քաղաքական աջակցություն» ցուցաբերելն առանց Փարիզի համաձայնության ոչ այնքան բարեկամական գործողություն է, որը հավասարազոր է ներքին գործերին միջամտելուն։

 

                                                                                              Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ