Ադրբեջшնի փրկության տոնը՝ ռազմшկան պարտությունների և ԼՂՀ սուբյեկտայնության փաստացի ճանաչման մեկնակետ | Region

Ադրբեջшնի փրկության տոնը՝ ռազմшկան պարտությունների և ԼՂՀ սուբյեկտայնության փաստացի ճանաչման մեկնակետ

Հունիս 16,2024 23:06

Փաստորեն, Ալիև ավագը, այսպես կոչված, «ազգի փրկությունից» հետո հայերին զիջեց յոթ շրջաններից հինգը

Դատելով ամենից՝ Ադրբեջանի ապագա նախագահ կրտսեր-Հեյդարը երկիրը կղեկավարի նույն կերպ, քանի որ այդ սկզբունքներից նահանջը կլինի Ալիևների ռեժիմի և ֆիզիկական գոյության վախճանը

 

Հունիսի 15-ին Բաքվում նշում են Ադրբեջանի ազգային փրկության օրը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ադրբեջանում ազգային փրկության օրը սահմանվել է այն պատճառով, որ 1993 թվականի հունիսի 15-ին Հեյդար Ալիևը վերադարձել է իշխանության ղեկին և ընտրվել Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ: 1997 թվականի հունիսին Ադրբեջանի Միլի մեջլիսն այդ օրը պետական տոն է հայտարարել։

Թվում էր, թե ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նախկին անդամ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Հեյդար Ալիևը հայտնվել է մեծ քաղաքականության ճամփեզրին։ 1987-ին Ալիեւը հեռացվեց Մոսկվայի բոլոր բարձր պաշտոններից եւ տնային կալանքի ենթարկվեց: Փաստորեն, Նախիջևանում կալանքի տակ գտնվելով՝ Ալիևը Ադրբեջան վերադառնալու ծրագրեր էր մշակում, որտեղ այդ ժամանակ իշխում էր նրա վաղեմի հակառակորդը՝ Գորբաչովի դրածո Աբդուլռահման Վեզիրովը։

Ընտրվեց ամենակեղտոտ սցենարը։ Բաքվում հրատարակվող «Մոնիտոր» ամսագիրը հայտնել է, որ Հեյդար Ալիևը, հենվելով Ադրբեջանի ՊԱԿ-ում իր մարդկանց վրա, ժողովրդական հուզումներ է հրահրել, որպեսզի ապակայունացնի իրավիճակը և հասնի իշխանափոխության: Հեյդար Ալիևը նաև հմտորեն օգտագործեց ներդրված իր գործակալներին, օգտվեց Լենինի հրապարակում ցույցեր անցկացնող ագրեսիվ ամբոխի տրամադրությունների վրա ազդելու արդյունավետ լծակներից։ Հենց այդ հանրահավաքներից մեկի ժամանակ հնչեց «Մահ հայերին» կոչը, որով սկսվեցին Բաքվի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեցին հազարավոր հայեր: Բաքվի հայերի արյունը «բոլոր ադրբեջանցիների հոր» խղճին է։

Բարբարոսական սպանություններ և հայերի բռնագաղթ տեղի ունեցավ նաև Կիրովաբադից, Գետաշենից, Ազատից, Կամոյից, Մարտունաշենից, Բանանցից, Չարդախլուից, Ոսկանապատից և ողջ Շահումյանի շրջանից։  Նրանց մեծ մասը, ովքեր հրաշքով փրկվեցին, մահացան հետագա տարիներին։ Նրանց մահը նույնպես Ադրբեջանում հայերի հրեշավոր ջարդերի կազմակերպիչների և կատարողների խղճի վրա է, որոնք ռուս բոլշևիկների և թուրք քեմալականների կողմից, այսպես կոչված, Ադրբեջան պետության պատմական հայկական հողերում ստեղծվելուց ի վեր երազում էին ազատվել հայ բնակչությունից և ջնջել նրա բազմահազարամյա բնակության բոլոր հետքերը։ Հենց դրան էին ուղղված Ադրբեջանի բոլոր ղեկավարների, հատկապես Հեյդար Ալիևի ջանքերը, ում պաշտոնավարման շրջանն Ադրբեջանում նշանավորվեց Արցախի հայաթափման գործընթացի ակտիվացմամբ և Ադրբեջանի ողջ տարածքում հայերի կոմպակտ բնակության տարածքների մասնատմամբ։

Ադրբեջանական մամուլում ևս հոդվածներ են հրապարակվել հայերի  թալանի մասին, որը տեղի մաֆիան իրականացրել է նախկին չեկիստի հանձնարարությամբ: Երկրում նկատվում էր իշխանության ճգնաժամ, երկիրը ղեկավարելու համար պայքար էր ընթանում անհատների և խմբերի միջև։

1992 թվականի մայիսի 14-ին իշխանության գալուց հետո «Ժողովրդական ճակատն»  իր գործունեության առաջին իսկ օրվանից ցույց տվեց երկիրը կառավարելու լիակատար անկարողությունը։  Պետության հասարակական կյանքի բոլոր ոլորտներում քաոս էր նկատվում, բնակչությունը գտնվում էր աղքատացման եզրին, և, որպես արդյունք, սկսվեց սոցիալական լարվածության աճ, իսկ Լեռնային Ղարաբաղի ճակատում ձախողումները երկրում հրահրեցին սուր քաղաքական ճգնաժամ։

1993-ի ամռանը Ադրբեջանում քաղաքացիական պատերազմի իրական սպառնալիք առաջացավ։ 1993 թվականի հունիսի 4-ին Կիրովաբադում ապստամբություն սկսվեց Բաքվի կենտրոնական իշխանության դեմ։ Գնդապետ Սուրետ Հուսեյնովը իշխանությունը զավթեց երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում և հարակից շրջաններում։  Ուժայինները՝ գլխավոր դատախազ Իխտիյար Շիրինովի գլխավորությամբ, որը մայրաքաղաքից եկել էր Հուսեյնովին խաղաղեցնելու, ձերբակալվեցին ապստամբ գնդապետի ջոկատների կողմից։ Մի քանի օր անց Հուսեյնովի հրամանատարությամբ 2-րդ բանակային կորպուսը շարժվեց դեպի Բաքու և շուտով գրավեց մայրաքաղաքը։ Հունիսի 10-ին խորհրդարանի խոսնակ Իսա Ղամբարը հրաժարական տվեց, իսկ նախագահ Աբուլֆազ Ալիևը (Էլչիբեյ), հասկանալով, որ ապստամբներին դիմադրելն անիմաստ է, հրավիրեց Հեյդար Ալիևին, որն այն ժամանակ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահն էր: Ալիևն ընդունեց հրավերը և հունիսի 15-ին ժամանեց Բաքու: Այսպիսով, հունիսի 15-ը երկրի պատմության մեջ մտավ որպես ազգային ազատագրման օր: Իսկ երեք օր անց Էլչիբեյը գաղտնի լքեց մայրաքաղաքն ու տեղափոխվել Նախիջևան։ Այսպիսով, Ալիևի և Էլչիբեյի փոխադարձ համաձայնությամբ տեղի ունեցավ վերադասավորում, միայն այն տարբերությամբ, որ Էլչիբեյը Նախիջևանում էր՝ պաշտոնանկ արված, բայց նոր իշխանության կողմից գաղտնի ներում ստացած գործչի կարգավիճակով: Արդեն հունիսի 25–ին Հեյդար Ալիևն ընտրվեց Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ, իսկ նույն թվականի հոկտեմբերին՝ Ադրբեջանի նախագահ։

Ըստ պաշտոնական քարոզչության տարածվող լեգենդի՝ եթե Հեյդար Ալիևը չհամարձակվեր իր վրա վերցնել պատասխանատվության ողջ բեռը, ապա Ադրբեջանը կփլուզվեր հայկական զորքերի հարձակումների և ներքաղաքական քաոսի պատճառով, և ոչ ոք չէր կարող կանխել վերահաս աղետը։ Հնարավոր է, որ այս ամենի մեջ որոշակի ճշմարտություն կա, սակայն պետք է նշել, որ նկարագրված իրադարձությունները զարգացել են ոչ թե ինքնաբերաբար, ինչպես փորձում է ադրբեջանական հանրությանը համոզել ներկայիս իշխանությունը, այլ մշակված սցենարով։

Ռազմաճակատում հաջողությունների կարճ ժամանակահատվածից հետո Էլչիբեյի գլխավորած Ադրբեջանը սկսեց պարտություններ կրել։ Եվ բոլոր հիմքերը կան պնդելու, որ Ալիևը նույնպես ներգրավված է եղել բանակում և հասարակությունում դժգոհություն առաջացրած գործընթացներին։ Էլչիբեյի և «Ժողովրդական ճակատի» դեմ քարոզչության և դժգոհության գագաթնակետը Սուրետ Հուսեյնովի ապստամբությունն էր։ 1994-ի հոկտեմբերի 7-ին նրան հեռացրին պաշտոնից, ապա Հուսեյնովը փախավ հանրապետությունից, սակայն 1997-ին ձերբակալվեց Ռուսաստանի կողմից և հանձնվեց Ադրբեջանին, որտեղ զրկվեց ազգային հերոսի կոչումից, իսկ 1999-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման: Այսպիսով, Ալիևն ազատվեց իր ազդեցիկ մրցակցից և նրա շնորհիվ նստեց նախագահի աթոռին։

Այսպիսով, Ադրբեջանում գերագույն իշխանությունը կրկին անցավ ՊԱԿ-ի գեներալ, Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի նախկին առաջին քարտուղար Հեյդար Ալիևի ձեռքը: Ալիևի մահից հետո նրան փոխարինեց որդին՝ Իլհամը, իսկ նա, իր հերթին, արդեն հող է նախապատրաստում որդուն՝ կրտսեր Հեյդարին իշխանությունը փոխանցելու համար։ Ալիևների դինաստիան ամուր պահում է իշխանությունը Ադրբեջանում և ոչ մի կերպ չի պատրաստվում այն զիջել որևէ մեկին։ Փաստորեն, Ալիև ավագը, այսպես կոչված, «ազգի փրկությունից»  հետո հայերին զիջեց յոթ շրջաններից հինգը։ Հենց նրա օրոք ադրբեջանական բանակը կրեց իր կորուստների առյուծի բաժինը։ Հենց Ալիևը բոլոր ճակատներում անհաջող հակահարձակումներից հետո աղերսում էր հայկական կողմին հրադադարի մասին և փաստացի ընդունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնությունը: Հենց նա էր, որ տարբեր մեքենայությունների միջոցով ազգային հարստության՝ ոսկու և նավթի վաճառքից ստացված եկամուտներով բազմապատկեց ու լցրեց իշխող ընտանիքի անհատակ գրպանները։ Եվ վերջապես, հենց Ալիևն է դարձել Ադրբեջանում կլանային համակարգի հիմնադիրը, դաստիարակել չինովնիկական օլիգարխիա և ռեպրեսիվ մեքենա կառուցել այլախոհությունը ճնշելու համար։

Նրա որդին՝ Իլհամը, հորից հաջողությամբ որդեգրել է բռնապետության հմտությունները և ավտորիտարիզմի ձևավորման գործընթացը հասցրել տրամաբանական ավարտին։ Դատելով ամենից՝ Ադրբեջանի ապագա նախագահ Հեյդար Ալիևը երկիրը կղեկավարի նույն կերպ, քանի որ այդ սկզբունքներից նահանջը կլինի Ալիևների ռեժիմի և ֆիզիկական գոյության վախճանը:

Այսպիսով, այն օրը, որը խորհրդանշում է ենթադրյալ կայունացման և բարգավաճման պատմական դարաշրջան մտնելը, իրականում ռազմական խայտառակ պարտությունների, բնակչության տոտալ ստրկացման և կառավարման միապետական ձևի փաստացի հաստատման ժամանակաշրջան էր:

 

                                                                                     Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ