Գյումրու համատիրությունները չնչին բյուջեով չեն կարողանում սպասարկել վթարային շենքերը
Գյումրիում ավելի քան 700 բազմաբնակարան շենք կա, որոնցից 92-ը վթարայնության տարբեր աստիճաններ ունեն: Ի՞նչ աշխատանքներ են տանում համատիրություններն այդ շենքերում: Խնդիրը քննարկվել է Գյումրու Երկխոսությունների Մեդիա կենտրոնում՝ ավագանու անդամների և համատիրությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների միջև անվստահության փակ շղթա է ստեղծվել, այդ շղթան պիտի կոտրել»,- նման կարծիք է հայտնել Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը:
Ըստ նրա, բնակիչներն իրազեկ չեն, թե իրենց վճարած գումարներն ինչպես են ծախսվում, շարունակ բողոքում են, որ համատիրությունները վատ են աշխատում, շենքերում վերանորոգման բավարար աշխատանքներ չեն կատարում, հաշվետվությամբ հանդես չեն գալիս: Օրենքի պահանջն է, որ տեսանելի վայրերում փակցվի, թե բնակիչների վճարած բնակվարձն ինչպես է ծախսվել:
Գյումրու «Վել-Մանո» համատիրության նախագահ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ իրենց ամսական բյուջեն 400.000 դրամից է սկսվում, այդ գումարով շենքերում մեծ խնդիրներ լուծել, կապիտալ նորոգումներ կատարել համատիրությունը չի կարող:
«Մենք աշխատում ենք «Ջուրը մեր թշնամին է» կարգախոսով. կտուրներից ջուր է կաթում, նկուղներում ջուր է, մաշված ջրակոյուղատարներից ջուր է հոսում: Շենքերում խնդիրներ առաջացնողը ջուրն է»,-ասում է համատիրության ղեկավարն ու ավելացնում. «Յուրաքանչյուր շենքը 2000-3000 դրամ է մուծում ամսական, դրանով ի՞նչ թափանցիկ աշխատելու մասին է խոսքը: Դա միայն մեր տրանսպորտի ծախսն է, որ գնանք, հասնենք շենք, տեսնենք, խնդիրը որն է»:
Գյումրիում բնակֆոնդի մի մասը վթարային է, ամրացման կարիք ունի: Դրա համար լուրջ ներդրումներ են պետք, բայց արդեն երկար տարիներ Գյումրու վթարային շենքերի ամրացման համար հատկացումներ չկան:
Մարզպետի խորհրդականի խոսքով՝ պետությունը ավելացրել է համայնքներին պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները, որպեսզի կարողանան համայնքներում շատ խնդիրներ լուծել: Գյումրիի ընթացիկ տարվա դոտացիան ավելացել է մոտ 900 մլն դրամով: Ընդ որում, համայնքապետարանն է որոշում համայնքային խնդիրների առաջնահերթությունները, որ ըստ այդմ էլ բաշխի բյուջեի գումարները: Քաղաքի վթարային շենքերն այդ առաջնահերթությունների մեջ չեն:
Ի դեպ, այդ վթարային շենքերի սպասարկումը նույնպես հանձնված է համատիրություններին, որոնք խնդիրներին ոչ թե համակարգված, այլ ընդամենը կետային լուծումներ են տալիս:
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի դիտարկմամբ, եթե համատիրության ղեկավարը իսկական կառավարիչ է, ապա նա պետք է կարողանա ֆինանսավորող կազմակերպություններ գտնել, որպեսզի այս կամ այն շենքում աշխատանքներ կարողանա կատարել:
«Պետք է գույքագրել խնդիրները , դրանց ծավալները և հետևողականությամբ առաջ գնալ: Եթե կարողանայինք տարեկան 1-2 շենքում կապիտալ նորոգում անել, ապա երկրաշարժին հաջորդած 36 տարիներին արդեն 72 ամրացված շենք կունենայինք, իսկ հիմա 92 վթարային շենք կա Գյումրիում»,-ասում է Կարեն Մալխասյանն ու ավելացնում. «Եթե կատարված գործերի օրինակներ լինեն, ապա քաղաքացիների վերաբերմունքն էլ կփոխվի համատիրությունների նկատմամբ»:
Համատիրության ղեկավարը օրինակ է բերում. 2021 թվականի փետրվարից մինչև հուլիս ամիսը բնակվարձի վճարումները թողնվել էին քաղաքացիների հայեցողությանը: Նրանք պետք է գնային համատիրության հաշվեհամարին մուծումներ անեին, կոմունալ վարձերի նման, բայց փորձը ցույց տվեց, որ իրենց սպասարկած 40 շենքերի 1160 բնակարաններից ոչ մի մուծում չկատարվեց, արձանագրվեց 0 դրամի վճարում: Ըստ նրա, այս դեպքում համատիրությունը ինչպե՞ս կարող է աշխատել, եթե գանձող հսկիչներին աշխատավարձ չտա, իսկ բնակիչների վճարած գումարը հազիվ աշխատավարձերին է բավականացնում:
Ներկաների համոզմամբ, սեփականատիրոջ զգացում պիտի ունենա բնակիչը, ու դա կփոխի ամեն ինչ: