«Գործընթացն արդեն իսկ Հայաստանի օգտին չէ». թուրքագետ
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի միջոցառումներին մասնակցում են և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հարցին՝ ի՞նչ կտա հերթական հանդիպումը և անհրաժե՞շտ է այն արդյոք այս փուլում, թուրքագետ Նելլի Մինասյանն արձագանքեց. «Հայկական կողմը չէր հաստատել, որ լինելու է երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպում, այնուամենայնիվ, գուցե ինչ-որ շփում կամ հանդիպում կազմակերպվի, որովհետև ինքնանպատակ չէ, երբ երկու երկրների նախարարներին հրավիրում են նման միջոցառման. դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները գործընթացն իր նախաձեռնությամբ պահպանելու մտադրություն ունի»:
Ի՞նչ պայման է թելադրում նախօրեին Բայրամովի հայտարարությունը, երբ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին, նա նշել էր, թե ՀՀ Սահմանադրության մեջ դեռ մնում է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը և լիարժեք խաղաղության հասնելու համար այս գործոնը պետք է վերացվի»: Ըստ Նելլի Մինասյանի՝ վերջին շրջանում առաջին անգամ չէ, որ լսում ենք, և այդ մասին օրեր առաջ ինքը Ալիևը նույնպես հայտարարություն արեց, ըստ էության, հիմնական խնդիրը, որ Հայաստանի առջև դրվել է, դա Սահմանադրության փոփոխությունն է և կետի վերացումը:
«Խոսքը հռչակագրին է վերաբերվում, որտեղ կետ կա, որ Լեռնային Ղարաբաղը պետք է միավորվի Հայաստանի հետ, և ես կարծում եմ, որ նրանք այդ կետի փոփոխության հետ կապված կպնդեն մինչև վերջ, որովհետև, ըստ էության, դրա մեջ տեսնում են իրենց երկրի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր, մանավանդ որ իրենք ռազմական ճանապարհով են հասել հաջողության, հետևաբար կփորձեն նաև փաստաթղթային առումով այդ բոլորը իդեալական տեսքի բերել»,-ընդգծեց թուրքագետը:
Թե ինչպիսին կլինի ՀՀ դիրքորոշումն այս պարագայում, Նելլի Մինասյանի խոսքով՝ բազմիցս հայտարարվել է, որ օտար արտաքին ճնշումների միջոցով չեն Սահմանադրությունը փոխում, և, ըստ էության, Սահմանադրությունը ՀՀ ներսի գործն է, և մենք տեսնում ենք, որ հիմա Սահմանադրական հանձնաժողով կա, որը զբաղված է նոր Սահմանադրության մշակմամբ: «Երբ մենք առաջին տեքստը կունենանք նոր Սահմանադրության, կկարողանանք որոշակի եզրակացություններ կատարել, այսինքն, իսկապե՞ս Հայաստանը գնացել է այդ ճանապարհով՝ Հռչակագրին հղում չտալով, թե այնուամենայնիվ որոշ կետեր կպահեն:
Ի՞նչ հետագա ընթացք կստանա սահմանազատման գործընթացը, այն պարագայում, երբ Ադրբեջանի հետ համաձայնեցված չէ սահմանային ճշգրտումների կանոնակարգը:
Անդրադառնալով հարցին՝ թուրքագետը նշեց. «Իմ կարծիքով դա կապված կլինի գործընթացի հետագա շարունակության հետ, ինչպես գործընթացը հետագայում կշարունակվի, այսինքն եթե դեպի ավելի դրական, ուրեմն մենք կտեսնենք այդ ոլորտում ևս դրական քայլեր, այսինքն, կհամաձայնեցվեն վերջնականապես, թե ինչ կերպ կաշխատեն հանձնաժողովները և մաս առ մաս կշարունակեն սահմանազատման գործընթացը, իսկ եթե Ադրբեջանը քայլեր, հայտարարություններ կատարի վիժեցնելու համար այդ ամբողջ գործընթացը, դա կենթադրի նաև, որ սահմանազատման հարցով որևէ առաջընթաց չի դիտվի: Արդեն իսկ այդ գործընթացը Հայաստանի օգտին չէ, քանի որ մենք առայժմ չենք տեսել Հայաստանի օգտին որևէ քայլ»:
Արցախցիները ՄԱԿ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդգծելով, որ արցախցիների վերադարձի հարցը օրակարգից փորձ է արվում հանել: Ինչո՞վ է պայմանավորված մեր տեղահանված հայրենակիցների այդ մտավախությունը և ո՞վ է հասցեատերը:
Հարցին Նելլի Մինասյանը դժվարացավ պատասխանել, բայց կարծում է, որ, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և պայմանագրի համատեքստով այդ խնդիրը չի քննարկվի, և ավելի շատ արցախահայությունն արդեն միջազգային կազմակերպությունների միջոցով կփորձի հասնել ինչ-որ դրական գործընթացների:
Ելենա Ավետիսյան