Արծվանիստի մանկապարտեզը, որը 1 տասնամյակ չէր գործում, կվերաբացվի հաջորդ տարի | Region

Արծվանիստի մանկապարտեզը, որը 1 տասնամյակ չէր գործում, կվերաբացվի հաջորդ տարի

Հուլիս 23,2024 15:20

Աննան և Ելենան (անունները փոխված են) երկվորյակ քույրեր են՝ 5 տարեկան: Ապրում են Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրում, նրանք իրենց ոչ մի տարիքակցի չեն ճանաչում։ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում այդ տարիքի երեխաների մեծամասնությունն իրար չեն ճանաչում. վայրը, որտեղ պետք է ծանոթանային, փակ է գրեթե 10 տարի։

2015 թ.-ին Արծվանիստի մանկապարտեզը, ավագանու որոշմամբ, փակվել է՝ այդ պահին ավելի քան 96 սան ունենալով: Որոշման մեջ նշվում է, որ շենքը սանիտարահիգիենիկ պայմաններ չունի և ոչ բարվոք վիճակում է, հնարավոր չէ շարունակել երեխաների կրթությունը։

Շենքում գազ չկա, ջրահեռացումը ևս խնդիր է։

2018 թ.-ին հաշվարկվել է, որ 183 միլիոն դրամ անհրաժեշտ կլինի մանկապարտեզը վերանորոգելու համար։ Մարտունի խոշորացված համայնքի համայնքապետ Հովհաննես Հովեյանն ասում է.

«2021 թվականին սուբվենցիոն ծրագիր հայտարարվեց, այդ ծրագրով սկսվեց վերանորոգման աշխատանքները»։

Բայց ինչու՞ 2021 թվականից հետո մինչև այսօր մանկապարտեզը չի գործում և ինչու՞ են երեխաները մնացել առանց սոցիալական միջավայրի, որտեղ նրանք իրար պետք է ճանաչեին և ինքնարտահայտվեին։

Հովհաննես Հովեյանը հնչեցրած հարցին պատասխանում է, որ  2021 թ.-ին 23 միլիոն դրամ է տրամադրվել  մանկապարտեզի վերանորոգման համար, իսկ 2015 թ.-ից մինչև 2021թ.-ը մանակպարտեզը մնացել է նույն խնդիրներով, ինչ-որ ունեցել է։ «Այդ գումարով կատարվել է շենքի առաջին հարկի վերանորոգման աշխատանքներ: Երբ ես անցել եմ պարտականությունների կատարման, սկսել եմ այցելություն կատարել այն վայրեր, որտեղ  սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում։ Արծվանիստի մանկապարտեզ այցելության ժամանակ տեսնում եմ, որ նախագիծը եղել է թերի»,-նշում է Հովհաննես Հովեյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ նախատեսված չի եղել ջեռուցման համակարգ մանկապարտեզի առաջին հարկում, որտեղ վերանորոգում են իրականացրել, ջրահեռացման համակարգը միացված չի եղել, չի եղել գույք, որը հնարավոր կլիներ շահագործել։

«Ոռոգման համակարգի, խմելու ջրի և կոյուղու հետ կապված խնդիրներ էլ կան, որոնք, էլի նախնական պլանում, վերանորոգման ժամանակ հաշվի չեն առել»։

2021 թվականին  հանրային լսման ժամանակ արդեն իսկ հայտնի խնդրի մասին են խոսել համայնքի բնակիչները,  սակայն միջգերատեսչական հանձնաժողովը նշել է, որ շենքի սեյսմիկ անվտանգությունը չի համապատասխանում նորմերին։ Այսօրվա նորմերով պահանջվում է, որ շինությունները պետք է բավարարեն և ունենան այդ 9 բալային համակարգին համապատասխան սեյսմակայունություն։

2023 թ.-ին կրկնակի գնահատում են իրականացրել, վերանորոգման և մյուս աշխատանքների համար անհրաժեշտ գումարը կազմել է 250 մլն դրամ: Այդ գումարի մեջ ներառվում է  համապատասխան ամրացման նախագծանախահաշվարկը, շենքի երկրորդ հարկի և բակային մասի վերականգնումը՝ երեխաների համար նախատեսվող  խաղահրապարակը, նաև գումարի մեջ է մտնում գույքի ձեռքբերումը։

2020 թ.-ին համայնքում 3-5 տարեկան 161 երեխա է եղել, որոնցից 5 տարեկան՝ 58 երեխա։ Մանկապարտեզի փակվելուց հետո նույն տարում դպրոցում բացվել է  նախակրթարան,  սակայն ի տարբերություն մանկապարտեզի, որտեղ ընդունելությունը 3-ից 5 տարեկան երեխաների համար է եղել, նախակրթարանում ընդունելությունը 5 տարեկանից է, և սահմանափակ տեղերով։ Այդ երեխաներից շատերը հնարավորություն չեն ունեցել հաճախել դպրոց, հիմա նույն պատկերն է։ Համայնքապետը վստահեցնում է որ մինչև 2025 թվականի սկիզբը շենքը կհանձնեն շահագործման։

 

Սերինե Աղաբեկյան

Նորություններ