Ո՞վ է հանձնառու պաշտպանել Գյումրու և գյումրեցու շահը
ՀՀ դատախազության կողմից Գյումրի համայնքի ավագանուն ներկայացվել էին առաջարկություններ՝ Գյումրու համայնքի նախկին ղեկավարներ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին ընդունված 24 որոշումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան և ենթակա չէր օտարման, ինչպես նաև պարզվել է, որ «Սև Ամրոց»-ի տարածքն ու հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող, չէր կարող սեփականության իրավունքով այլ անձի փոխանցվել և ենթակա չէր օտարման: Վիճարկելի շինությունների ու հողամասերի թվում են նաև «Օազիս» սրճարանի տարածքը, Դրամփյանների առանձնատունը` հին դատարանի շենքը եւ այլն:
Ուղարկված գրությունում նաև ասված է «(…) երբ դատախազը իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է համայնքի ղեկավարի կողմից համայնքային շահերի խախտման փաստ, պարտավոր է հայց ներկայացնելու առաջարկությամբ դիմել համայնքի ավագանուն, քանի որ վերջինիս է վերապահված համայնքային շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելու առաջնային իրավասությունը: Եթե դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո համայնքի ավագանին ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել դատարան, ապա միայն այդ պայմաններում է դատախազությունը ձեռք բերում համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավունք»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել էր ավագանու արտահերթ նիստ: Քվորումն ապահովելու համար նվազագույն` ավագանու 17 անդամի ներկայությունն էլ էր բավական:
19-ը կողմ ձայնով ավագանու անդամները քվեարկեցին հօգուտ նախագծի, որից 8 ձայն «Բալասանյան դաշինք» խմբակցությունից և 11 ձայն «Քաղաքացիական պայմանագրից»: Գյումրու փոխքաղաքապետ, «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Սանոյանը գործընկերներին գործընթացը չքաղաքականացնելու կոչով դիմեց և նշեց, որ իրենց թիմը հանձնառու է պաշտպանել Գյումրու և գյումրեցու շահը և իրենք կաշկանդված չեն որևէ հանգամանքով:
Նախքան քվեարկությունը, համայնքապետի առաջարկություններից մեկով համայնքի շահերի պաշտպանության համար ձեռք բերվող փաստաբանական ծառայության համար համայնքի բյուջեից առաջարկվեց հատկացնել 12 մլն դրամի չափով գումար:
«Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Կարեն Մալխասյանն իր ելույթում նշեց. «Այս հարցով պետք է զբաղվի դատախազությունը», ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ նա նշեց, որ 12 միլիոն դրամ համայնքի բյուջեին անհիմն բեռ ավելացավ, և որ Գյումրու կամ գյումրեցու հոգս հոգալու համար ամիսներով գումարներ են փնտրում, իսկ այն գործը, որը պետք է անվճար աներ դատախազությունը ` անելու է փաստաբանական ընկերությունը նախնական 12 միլիոն դրամով։
«Պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին» նախագծի զեկուցող, ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը նիստի նախաձեռնության տրամաբանությունը կապեց իրենց արժեքներին հավատարիմ մնալու հետ:
Ելենա Ավետիսյան