Սալլիի չգնահատված պատմական նշանակությունն ու որպես գյուղ անտեսված լինելը
Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի գեղեցկությունը դեռ 5-րդ դարում էին գնահատել Գրիգոր Լուսավորիչի հանձնարարությամբ քրիստոնեությունը տարածելու նպատակով Հայաստանի տարբեր վայրեր ուղարկված քարոզիչներն ու այստեղ իջևանել։
Նրանցից մեկի` սուրբ Մամասի մասունքները, թաղվել են Սալլիում։ Հետագայում նույն տեղում կառուցվել է եկեղեցի: Բնակավայրի պատմությունն, անշուշտ, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող է, բայց գյուղում խնդիրներն այնքան շատ են, որ այստեղից շարունակ արտագաղթում են: Սալլին որպես բնակավայր հիմնել են հիմնականում Խոյից և Սալմաստից գաղթած հայերը: Ժամանակին գյուղատնտեսությամբ զբաղվելը եկամտաբեր է եղել: Գյուղը պանրագործարան ու մրգի սառնարան է ունեցել, որտեղ մթերվում ու վերամշակվում էր կաթը, միրգը և այլն: Հիմա գյուղում մոտ 200 բնակիչ է ապրում։
Հիմնականում ծերերն են մնացել։ Պանրագործարանն ու սառնարանն էլ չեն գործում: Մարզկենտրոն Եղեգնաձորից Սալլին հեռու է 20, իսկ մայրաքաղաքից` 130 կմ։ Վերջին 35 տարում, ըստ բնակիչների, գյուղի զարգացման ուղղությամբ էական տեղաշարժ այդպես էլ չի գրանցվել: