Ռմբակոծում, բռնի տեղահանում, լքված հայրենիք․ սեպտեմբերի 19-ին Գյումրիում հաստատված արցախցիները պանթեոնում խնկարկեցին զոհերի հիշատակը
Անցած տարի սեպտեմբերյան այս օրերը արցախցի Տաթևիկը երբեք չի մոռանա․ երեխային մանկապարտեզից տուն էր բերում, մյուս փոքրիկը սկեսրոջ մոտ էր, երբ սկսվեց ռմբակոծումը՝ ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի վրա։
Տաթևիկը երեխաներին վերցրել է, ինչպես մյուս արցախցիները, վազել թաքստոցներ։ Հիշում է՝ մի քանի օր թաքստոցում ապրեցին՝ առանց կապի միջոցի, մեկը մյուսից անտեղյակ:
Տաթևիկը պատմում է, որ հետո լուրեր տարածվեցին, որ թուրքերն արդեն քաղաքում են, արդեն գալիս են: Ապա սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ պետք է դուրս գան Արցախից, տարհանում են բնակիչներին։
Այսօր Արցախից բռնի տեղահանված մի խումբ մեր հայրենակիցներ, որոնք բնակություն են հաստատել Գյումրիում, Շիրակի պանթեոն էին այցելել։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին զոհերի շիրիմներին ու խնկարկեցին նրանց հիշատակը:
Բռնագաղթը վերապրածները հիշեցին սեպտեմբերի 19-ը, շրջափակման շրջանում կրած զրկանքները։
«Երախտապարտ եմ մեր զինվորներին, ովքեր 2020 թվականին զոհվել են Արցախում, հատկապես գյումրեցիներին եմ եկել հարգանքի տուրք մատուցելու, նրանց զոհված շիրիմներին, խոնարհվելու իրենց առյուծածին ծնողների առաջ, զինվորների, ովքեր ամենաթանկն են զոհաբերել: Իրենց կյանքի գնով ենք մենք ապրել 2020-ին»,-ասում է Արմինե Բարսեղյանը։
Մերի Ղազարյանի եղբայրն էլ 30 տարեկան էր, սեպտեմբերի 19-ին է զոհվել, Արցախում հուղարկավորել են, հետո սեպտեմբերի 25-ին լքել են Արցախը։
Նախորդ տարի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Մինչ այդ Արցախն 9 ամիս շրջափակաման մեջ էր՝ կտրված Հայաստանի հետ կապից, սնունդ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ չէր մատակարարվում։
Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհվեցին 200 քաղաքացիներ, նրանցից 20-ը՝ խաղաղ բնակիչներ, երեխաներ։
Սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Ադրբեջանի պահանջը, կրակը դադարեց, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Ելենա Ավետիսյան