Փորձագետների կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում Ալիև կրտսերին կտրվի հատուկ կարգավիճակ, որպեսզի նա փոխարինի նախագահ հորը․ սա միապետությանը տանող ուղիղ ճանապարհ է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 26-ին խորհրդակցություն է անցկացրել երկրի նախարարների կաբինետի անդամների հետ, որտեղ քննարկվել են տնտեսական խնդիրները: Առանձնահատուկ ուշադրություն է գրավել այն, որ Իլհամ Ալիևը կառավարության նիստն անցկացրել է ոչ թե նախագահական աշխատասենյակում կամ կառավարության շենքում, այլ «Pasha Holding» ընտանեկան ընկերության գրասենյակում: Ի դեպ, վերջին շրջանում Ալիևը պետական հանդիպումներն անցկացնում է «Pasha Holding»-ին պատկանող շենքում:
Ալիևը խորհրդակցության ժամանակ անդրադարձել է այս տարվա 9 ամիսների ընթացքում ձեռք բերված տնտեսական ցուցանիշներին, ու վստահություն է հայտնել, որ այս տարին հաջող կլինի Ադրբեջանի տնտեսության համար: «Տնտեսական աճը կազմել է 4,3 տոկոս։ Վերլուծելով ներկայիս գործընթացներն աշխարհում և նայելով ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական իրավիճակին, կարող եմ ասել, որ դա շատ դրական ցուցանիշ է։ Մեր երկրի տնտեսական զարգացման միտումները գերազանցում են շատ զարգացած երկրների նմանատիպ ցուցանիշները։ Առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ մեր ոչ նավթային ոլորտն աճել է 7 տոկոսով։ Իսկ դա վկայում է այն մասին, որ երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և բարեփոխումների մտածված քաղաքականությունը տալիս են իրենց պտուղները», – նշել է Ալիևն իր 11 րոպեանոց ելույթում։
Արդյոք Ադրբեջանն ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ունի, քան այնպիսի զարգացած երկրները, ինչպիսիք են Գերմանիան, Ամերիկան և Ֆրանսիան: Ըստ փորձագետների՝ Ալիևների կառավարման ավելի քան 20 տարիների ընթացքում Ադրբեջանը նավթային պայմանագրերից վաստակել է ավելի քան 200 միլիարդ դոլար: Ո՞ւր են ադրբեջանական 200 միլիարդ նավթադոլարները։ Ադրբեջանցի անկախ քաղաքագետ Զ. Ալիզադեն ասում է, որ նավթային փողերի զգալի մասը թալանվել է. «այդ միջոցներն ուղարկվել են արտասահմանյան հաշիվներին և ծախսվել են արտերկրներում։ Բաքվում կան մարդիկ, ովքեր 100 հատ բնակարան ունեն, ու ձեռք են բերել բազմաթիվ անշարժ գույքեր։ Ադրբեջանում կան միլիարդատերեր և միլիոնատերեր»։
Ինչ վերաբերում է տնտեսությանը, Զ.Ալիզադեն երկրի տնտեսական վիճակը ծանր է գնահատում։ «Այդ միջոցների մի մասը գողացել են իշխող կլանի ներկայացուցիչները։ Ադրբեջանում կրթությունը և առողջապահությունը սարսափելի վիճակում են: Բնակչության կենսամակարդակը ցածր է: Այս միջոցների շնորհիվ ստեղծվել է կեղեքման անողոք համակարգ, որը ճնշում է ժողովրդի ողջ ստեղծագործական ներուժը»,-ասում է Ալիզադեն։
Գնումները Դուբայում վառ օրինակ են, թե որքան գումար է կուտակել երկրի իշխող վերնախավը։ 2009 թվականին ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանից 11-ամյա Հեյդար Ալիևը դարձավ առափնյա 9 առանձնատների սեփականատեր՝ մոտ 44 մլն դոլար ընդհանուր արժեքով: Դուբայի Հողային դեպարտամենտի տվյալների համաձայն՝ նախագահ Ալիևի երեք երեխաները Դուբայում ունեն մոտ 75 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ անշարժ գույք:
Ալիևի երկու դուստրերը, նրա որդին, ինչպես նաև նրա աները և մտերիմ երկու գործընկերներն իրենց բարեկեցության գագաթնակետին Լոնդոնում տիրապետում էին 429 միլիոն ֆունտ ստերլինգ (694 միլիոն դոլար) արժողությամբ անշարժ գույքերը, ներառյալ՝ պատմական շենքեր, առևտրային օբյեկտներ և շքեղ բնակարաններ հեղինակավոր թաղամասերում:
Հեյդար Ալիև կրտսերը Անշարժ գույք ունի Ռուսաստանում։ Նա հսկայական առանձնատուն ունի Մերձմոսկովյան Մայնենդորֆ էլիտար ավանում՝ Վլադիմիր Պուտինի Նովո-Օգարեւոյի նստավայրի հարեւանությամբ։ Անմիջապես հարևանությամբ է ապրում նաև նրա քույրը՝ Լեյլան, որը Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիմնադրամի ներկայացուցիչն է։
Վերադառնանք կառավարության սեպտեմբերի 26-ի նիստին։ Կառավարության նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահի 27-ամյա որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը՝ նախարարների և մոր՝ Մեհրիբան Ալիևայի հետ: Թեև նրա պաշտոնի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, ոմանք ենթադրում են, որ Հեյդար Ալիևը եղել է էկոնոմիկայի նախարարի խորհրդականը: Քանի որ պաշտոնական հաստատում չի եղել, դա հանգեցրել է Ադրբեջանի քաղաքական և տնտեսական կյանքում նրա ապագայի վերաբերյալ շահարկումների։
Խորհրդակցությանը իր մոր՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին նստած Հեյդար Ալիևի ներկայությունը վկայում է նախագահի՝ որդուն պետական գործերում ներգրավելու մտադրության մասին: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն առողջական խնդիրներ ունի։ Վերջին տարիներին նա բուժվել է Իսրայելում, ուստի ժառանգի հարցը վաղուց է դրված։ Սկզբում ասում էին, որ Մեհրիբան Ալիևան պետք է փոխարինի երկրի ղեկավարին, իսկ հիմա ասում են, որ նախագահին պետք է փոխարինի նրա որդին։ 2016 թվականին սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ադրբեջանում ստեղծվեցին առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնները: 2017 թվականի փետրվարին Ալիևը առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակեց իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային: Իսկ հիմա, ըստ ադրբեջանական մամուլի, որդուն նախապատրաստում են նախագահական դինաստիայի շարունակությանը։
Ալիև կրտսերը ներկա է պաշտոնական հանդիպումներին, մասնակցում է շատ լուրջ միջոցառումների և հանդիպումների։ Հունվարին Հեյդար Ալիևը ներկա է գտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի գլխավորած պատվիրակության ընդունելությանը: Ալիև կրտսերը նախագահ Իլհամ Ալիևին ուղեկցել է մի շարք ռազմական միջոցառումների, այդ թվում ՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օբյեկտներ: Վերջերս հայր և որդի Ալիևներն այցելել են Արցախի օկուպացված տարածքներ, ինչպես նաև ներկա են գտնվել Ստեփանակերտում համալսարանի բացման արարողությանը: Հասարակությանը պատրաստում են նրան, որ ապագայում իշխանությունն անցնելու է Հեյդար Ալիևին։
Խորհրդակցությանը իր մոր՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին նստած Հեյդար Ալիևի ներկայությունը վկայում է նախագահի՝ որդուն պետական գործերում ներգրավելու մտադրության մասին: Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն առողջական խնդիրներ ունի։ Վերջին տարիներին նա բուժվել է Իսրայելում. Ուստի ժառանգի հարցը վաղուց է դրված։ Սկզբում ասում էին, որ Մեհրիբան Ալիևան պետք է փոխի երկրի ղեկավարին, իսկ հիմա ասում են, որ նախագահին պետք է փոխարինի նրա որդին։ 2016 թվականին սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ադրբեջանում ստեղծվեցին առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնները: 2017 թվականի փետրվարին Ալիևը առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակեց իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային: Իսկ հիմա որդուն են նախապատրաստում նախագահական դինաստիան շարունակելուն։
Հետաքրքիր է, որ այս տարվա փետրվարին կայացած արտահերթ նախագահական ընտրություններից և կառավարության նշանակումից հետո Մեհրիբան Ալիևան ոչ թե վերընտրվեց, այլ ներկայացվեց ադրբեջանական մամուլում որպես առաջին տիկին: Հենց սկսեցին Հեյդար Ալիևին պատրաստել ակտիվ քաղաքական գործունեության, առաջին տիկինը կրկին դարձավ «առաջին փոխնախագահ»: Հավանաբար, Ալիևը շուտով որդուն կնշանակի Ադրբեջանի երկրորդ փոխնախագահ։
Կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի կարծիքով, Հեյդար Ալիևի մասնակցությունը կառավարության նիստին քաղաքական բնույթի է: Այս քաղաքականությունը ենթադրում է՝ ապագայում հանրապետական իշխանությունից անցում միապետության։ Անհրաժեշտության դեպքում Հեյդար Ալիևին նախապես կտրվի հատուկ կարգավիճակ, որպեսզի նա կարողանա ուղղակիորեն փոխարինել Իլհամ Ալիևին, իսկ դա նշանակում է ուղիղ ճանապարհ դեպի միապետություն:
Զաբելա Ավագյան