Վարդան Ղուկասյանի կալանավորումը քաղաքակա՞ն, թե՞ իրավական գործընթաց է․ կարծիքներ

«Ստեղծված իրավիճակն անորոշ է։ Այս պահին հիմքեր չկան ասելու, որ սա քաղաքական հետապնդում է։ Առկա փաստերն ու ներկայացված մեղադրանքերը բավարար չեն համոզմունք հայտնելու կամ հստակ դատողություններ անելու համար»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր Ղուկասյանի և քաղաքի գլխավոր ճարտապետի միջև տեղի ունեցած խոսակցության գաղտնալսումը։ Ըստ իրավապահների՝ «Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։
Լևոն Բարսեղյանն անդրադառնալով գաղտնալսմանը, նշեց՝ գաղտնալսման իրավունքը նախատեսված է օրենսդրությամբ, օպերատիվ հետախուզության մեջ այն շատ հաճախ օգտագործվում է որպես գործիք։ Ըստ նրա, այս դեպքում ևս, մեծ հավանականությամբ, գաղտնալսում իրականացնելու վերաբերյալ դատարանի որոշում է եղել։
Հիշեցնենք, որ Ղուկասյանի փաստաբանը նշել է, որ Գյումրիի քաղաքապետին գաղտնալսելու համար դատարանի որոշում է եղել։
Հիշեցնենք, որ այս պահին գործով կալանավորվել են երեք անձ՝ Վարդան Ղուկասյանը, գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու ևս մեկ անձ՝ ոչ պաշտոնյա։

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ հնարավոր է, որ մեղադրյալների թիվն ավելանա․« Պարզ չէ, թե որ բիզնեսմենի մասին է խոսքը, կամ արդյոք անձամբ ինքն է հաղորդում տվել կաշառքի մասին։ Եթե այո, ապա պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն կունենա։ Եթե ոչ, ապա ինքն էլ հավասարապես կտուժի։ Հնարավոր է՝ այս ուղղությամբ ևս խորանան»։
Բարսեղյանը նկատեց՝ եթե Վարդան Ղուկասյանը վստահ է, որ իր նկատմամբ ներկայացված մեղադրանքը կեղծ է, ապա պետք է թույլ չտար, որ իրավիճակը այդ աստիճանի լարվեր․ «Եթե Վարդան Ղուկասյանը պատրաստ էր ինքնակամ իրավապահների հետ գնալու, և համարում էր, որ խնդիրներ չունի, նրա համար պետք է շատ հեշտ լիներ ժողովրդին զսպելն ու բախումները կանխելը։ Այդ ձևով իրավապահ մարմիններին արգելակելն ու նրանց գործունեությանը խոչընդոտելը իմ կարծիքով սխալ մեթոդ էր»։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանն իրավիճակի մասին այլ կարծիք ունի, նա վստահ է, որ Վարդան Ղուկասյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է:

Ժաննա Ալեքսանյան
«Որևէ կասկած չկա, որ սա քաղաքական հետապնդում է: Եթե կաշառքի գործ է, ինչպես ներկայացվում է, կարելի էր օրինակ ծանուցագիր ուղարկել ու այդ մարդուն կանչել: Ի՞նչ կարիք կա հարյուրավոր ոստիկաններ ուղարկել Գյումրի: Հասկանալի է, որ նա Գյումրու քաղաքապետն է, բայց զորքով այնտեղ գնալը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում: Արդեն սկսվել է նախընտրական շրջանը, և իշխանությունը սա է ընտրել որպես պայքարի ձև, քանի որ շատ ծանր է տանում ընտրություններում գրանցված արդյունքը»,- RegionsTV-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։
Անդրադարձավ իրավապահների աշխատաոճին, նա ասաց․«Մեր բոլորի աչքի առաջ քանդվում է իրավապահ համակարգը: Դատարանն ու գործի քննությունը դարձել են երկրորդական: Համակարգը կորցրել է իր ազդեցությունն իշխանական թևի կողմից իրականացվող քարոզչության արդյունքում: Նման վիճակ թերևս երբեք չի եղել»:
Իրավապաշտպանի խոսքով՝ մտահոգիչ է գաղտնալսումների կիրառումն ու տարբեր գործերով դրանց պարբերաբար օգտագործումը։ Նա հիշեցրեց նաև Բագրատ սրբազանի գաղտանլսման դեպքը։
Ալեքսանյանը ենթադրում է, որ երկու ամիս հետո հնարավոր է Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվի։ Նա կարծիքով՝ դեպքերի դրական զագացման համար գյումրեցիները կարող են հասնել միայն գրագետ կերպով բարձրացված հրապարակային աղմուկի շնորհիվ.«Պետք է պահանջել արդար քննություն: Եթե ժողովուրդը համոզվի, որ մեղադրանքը անհիմն է, պետք է կանգնի նրա կողքին, քանի որ գյումրեցին իր ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին»:
Նիկոլ Մարգարյան