Կրծքագեղձի քաղցկեղի անվճար հետազոտություն՝ Գեղարքունիքի մարզում. վերանայվել է կանանց տարիքային շեմը | Region

Կրծքագեղձի քաղցկեղի անվճար հետազոտություն՝ Գեղարքունիքի մարզում. վերանայվել է կանանց տարիքային շեմը

Հոկտեմբեր 04,2024 14:34

Հանրապետությունում տարեկան գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1000-1400 նոր դեպք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշներն ամբողջ աշխարհում են ավելանում։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է նաև ախտորոշիչ ծառայությունների բարձր որակով։

«Այսօր կարողանում ենք քաղցկեղը շատ վաղ փուլում հայտնաբերել։ Այստեղ շատ կարևոր է քաղաքացիների իրազեկվածությունը, որ մարդիկ պարբերաբար ստուգվեն, հետազոտվեն։ Ուզում եմ ընդգծել, որ այս առումով մենք բավական փոփոխություններ ենք նկատում։ Վերջին տարիներին իրազեկվածության, սքրինինգի շնորհիվ վաղ հայտնաբերումը բավական մեծացել է։ Եթե 5 տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլը հայտնաբերում էինք 30-35 տոկոս դեպքերում, ապա այդ շեմն իջել է, հիմա մինչև 15 տոկոս է։ Մնացած դեպքերը հայտնաբերվում են հիվանդության վաղ փուլում։ Շատ են այն դեպքերը, երբ մարդիկ տարին մեկ անգամ գալիս են և հետազոտվում են առանց որևէ գանգատի ու պատճառի։ Հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունավետությունը բավական բարձր է լինում»,-ասաց մասնագետը։

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ ՀՀ առողջապահության նախարարությունն այդ համատեքստում մի շարք միջոցառումներ է իրականացնում։ Ընդլայնվել է մարզերում անցկացվող սքրինինգային ծրագիրը, որի շրջանակում քաղաքացիներն անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն։  ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման համար հաջորդ մարզն ընտրվել է Գեղարքունիքը։

«Սեպտեմբերից Գեղարքունքի մարզի կանայք կարող են դիմել իրենց պոլիկլինիկաներ, ըստ այդմ էլ, կկազմակերպվի խորհրդատվությունն ու հետազոտությունը։ Մամոգրաֆիայի շարժական կլինիկան գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ասեմ, որ վերանայել ենք կանանց տարիքային խումբը։ Մասնավորապես, թե նախորդ մարզերում ընդգրկվել էին 50-69 տարեկան, ապա Գեղարքունիքում կընդգրկվեն 45-68 տարեկան կանայք։ Ուզում եմ կրկին ընդգծել, որ հետազոտությունն անվճար է։ Պետությունը փոխհատուցում է նաև նշանակված լրացուցիչ հետազոտությունների ծախսը, ինչպես նաև հետագայում, ըստ անհրաժեշտության, ամբողջական ապահովում է վիրահատական միջամտությունը, հետագա բուժօգնությունը»,-ասաց Քնար Ղոնյանը։

Կանխարգելման գործում կարևոր է համարվում առողջ ապրելակերպը։ Մասնագետներն ընդգծում են ծխախոտի, ալկոհոլի բացակայությունը, կարևորում են ֆիզիկական ակտիվությունը։ Գլխավոր հորդորը հետևյալն է՝ 25 տարեկանից բարձր կանայք ամեն տարի կանոնավոր ստուգվեն, հետազոտվեն։

 

Նորություններ