Հրաչյա Արզումանյան. Հայաստանի իշխանությունները անտեսում են ռազմական իրական սպառնալիքները, Հայաստանի առջև ծառացած իրական խնդիրները հանրային դաշտում
«Ադրբեջանը երբեք չի հայտարարել, որ պատրաստ է Խաղաղության պայմանագիր ստորագրել և պատրստվել խաղաղության։ Ադրբեջանը ասել է, որ նա հասել է խաղաղության նպատակներին և խաղաղության՝ զենքով, ու շարունակում է գործել նույն ոգով, այսինքն՝ Ադրբեջանի գործողությունները մնում են ռազմական տրամաբանության շրջանակներում: Խաղաղություն և մյուս հայտարարություններն ու ակնկալիքները միայն հայկական կողմից էին: Սա ֆիկցիա է, երևակայություն, ուտոպիա, որով տառապել և շարունակում է տառապել հայկական կողմը»,-այս մասին REGONSTV-ի հետ զրույցում ասում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանը հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն և պատրաստվում է նոր էսկալացիայի հայտարարություններին, փորձագետը նշում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի և վարչապետի վերջին հայտարարությունները քիչ բան են փոխում․«Հայաստանի իշխանությունը դեռ պատրաստ չէ հրաժարվել խաղաղության խաչմերուկի նախագծից: Խաղաղության խաչմերուկը գոյություն ուներ և շարունակում է գոյություն ունենալ միայն Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի գլխում: Ոչ ոք տարածաշրջանում և ոչ ոք աշխարհում, ցավոք, խաղաղության չի պատրաստվում: Աշխարհը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ակտիվորեն պատրաստվում են պատերազմի և շարունակում են պատերազմը: Հետևաբար, այս դեպքում պետք է խոսել Հայաստանի իշխանության հույսերի և ակնկալիքների ձախողման մասին, ոչ մի նոր բան»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու հավանականությանը՝ Հրաչյա Արզումանյանն ասում է, որ նախ պետք է հասկանալ, որ պատերազմը չի ավարտվել․«Երկրորդ՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելը պահանջում է անհրաժեշտ միջազգային համատեքստի ստեղծում: Ի տարբերություն 2020 թվականի, այժմ այդպիսի համատեքստ չկա: Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, Իսրայելը՝ իր պատերազմով Մերձավոր Արևելքում, Թուրքիան և Իրանը լարված հետևում են այս ռազմական գործողություններին:
Այսպիսի իրավիճակում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական լոկալ պատերազմ սկսելու հավանականությունը բավականին ցածր է: Եթե պատերազմ լինի, իմ կարծիքով, այն կլինի տարածաշրջանային մեծ պատերազի մաս, տարր: Դեռ վաղ է եզրակացություններ անել այն մասին, որ այդպիսի պատերազմ կսկսվի։ Չեմ կարծում, որ այսօր կարելի է այդ մասին խոսել, հետևաբար Հայաստանի իշխանությունների հայտարարությունները այս դեպքում, կրկին, պոպուլիստական են և ուղղված են ավելի շուտ հայ հասարակությանը վախեցնելուն, բայց չեն արտացոլում տարածաշրջանում ստեղծված իրական իրավիճակը»:
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը եղել, կա և մնում է խնդիրները ռազմական ուժով, ուժի կիրառման սպառնալիքով լուծելու կողմնակից, հետևաբար այդպիսի պայմաններում որևէ իմաստ չկա լսել նրա խոսքերին:
«Ադրբեջանը եղել, կա և մնում է ռազմական տրամաբանության շրջանակներում գործող երկիր: Կրկնում եմ՝ նրանց բոլոր հայտարարությունները, բոլոր պահանջները նպատակ ունեն նոր հնարավորություններ ձեռք բերել, նոր հաջողությունների հասնել՝ խնդիրները լուծել ռազմական ճանապարհով: Հայկական կողմը հանձնեց Քարվաճառը, Քաշաթաղը, հետո մենք կորցրեցինք Արցախը: Հայկական իշխանությունները չգիտես ինչու որոշեցին, որ դրանից հետո ադրբեջանական իշխանությունները նոր պահանջներ չեն առաջադրի: Հետո մենք հանձնեցինք ռազմավարական բարձունքները, և դրանից հետո հայտնվեց «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը, որը դարձավ բավականին ակտիվ ծրագիր: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը կանգ չի առնի, քանի դեռ չի վերացրել հայկական պետականությունը, ինչը այս հակամարտության մեջ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է»:
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին, Հրաչյա Արզումանյանը նշում է՝ այն, իհարկե, կազդի Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը, ինչպես և ողջ Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքի մաս է կազմում:
Փորձագետի կարծիքով՝ եթե Մերձավոր Արևելքում սկսվի մեծ տարածաշրջանային պատերազմ, ապա այն անկասկած կանդրադառնա նաև Հայաստանի վրա․«Անկասկած, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը այս կամ այն կերպ կներգրավվեն այդ պատերազմի մեջ, պարտադիր չէ, որ դա լինի հենց ռազմական: Տարածաշրջանի մեծ պատերազմը Իրանի և Իսրայելի՝ Միացյալ Նահանգների հետ, իհարկե, կանդրադառնա տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Հայկական կողմը այս իրադարձությունների զարգացմանը հանրային տարածքում ոչ մի կերպ չի պատրաստվում: Հայաստանը ոչ մի կերպ չի արձագանքում պատերազմին, որն այսօր արդեն ընթանում է նույն Լիբանանում, որտեղ մենք ունենք լիբանանահայ համայնք, մենք պարտավոր ենք արձագանքել: Բայց իշխանությունները անտեսում են իրական ռազմական սպառնալիքները, հանրային դաշտում Հայաստանի առջև ծառացած իրական խնդիրները»:
Զաբելա Ավագյան