«Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել»․Նարեկ Մկրտչյան | Region

«Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել»․Նարեկ Մկրտչյան

Հոկտեմբեր 17,2024 13:46

«Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը  Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Մինչ այդ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. «Մարդիկ ուզում են կամ նախընտրում են ունենալ տղա երեխա։ Այսինքն՝ սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»։

Նա ասաց, որ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիրը բացասական լուրջ ազդեցություն է ունենալու կամ արդեն ունեցել է վերարտադրողական պոտենցիալի վրա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան էլ հավելեց. «Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»:

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության ընդունումը, ինչպես նշված է որոշման նախագծում, պայմանավորված է Հայաստանի ներկա ժողովրդագրական իրավիճակով, որը, նախ և առաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ:

«Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար ծնելիության գործակիցը անհրաժեշտ է որ լինի 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման, քանզի առաջիկա տարիներին ամուսնական տարիք կմտնի 2000- ական թթ. սկզբին ծնված ոչ բազմաքանակ սերունդը, որի վերարտադրողական ներուժը անհրաժեշտ է առավելագույն օգտագործել։ Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թվաքանակը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ, ինչպես նաև ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված այլ միջոցառումներ»,-նշված է որոշման նախագծում:

Առաջարկվում է ընդունել նախագիծը, որը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝

Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը․

Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում`  մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը,

Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ,

Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:

Նարեկ Մկրտչյանը նախագիծը ներկայացնելով, նշեց՝ այս ռազմավարությամբ Հայաստանը ձգտում է մինչև 2040 թվականը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20%-ի կրճատման, բնակչության երիտասարդացման 30%-ի աճի և ՀՆԱ-ի, մարդկային զարգացման ինդեքսի զգալի խթանման․«Ռազմավարությունն ակնկալում է ցանկալի մակարդակին մոտ պտղաբերության ցուցանիշ, աղքատության կրճատում, մահացության նվազում և կյանքի ավելացում՝ համապարփակ  մոտեցում որդեգրելով հասարակության բարեկեցության հարցում»։

Նորություններ