Հարցվածների քանի տոկոսն է վստահում Փաշինյանին, քանի տոկոսն է հրաժարականն ուզում․ IRI-ն հրապարակել է հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները | Region

Հարցվածների քանի տոկոսն է վստահում Փաշինյանին, քանի տոկոսն է հրաժարականն ուզում․ IRI-ն հրապարակել է հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները

Հոկտեմբեր 21,2024 14:30

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գտնում է, որ երկրում առկա հիմնական խնդիրը ազգային անվտանգությունն ու սահմանային խնդիրներն են։

ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։

Հարցումն անցկացվել է սեպտեմբեր ամսին, 1 503 քաղաքացիների շրջանում, որոնց թվում են նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

Հարցմանը մասնակցած 1 503 քաղաքացիների 41%-ը  հարցին՝ որո՞նք են հիմնական խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում, պատասխանել է ազգային անվտանգությունն ու սահմանային խնդիրները։ Իսկ 2023 թվականին հարցվածների 43% է նման պատասխան տվել։

Հարցվածների 14%-ի կարծիքով՝ հաջորդ հիմնական խնդիրը գործազրկությունն է։ Անցած տարի գործազրկությունը հիմնական խնդիր է համարել հարցվածների 19% – ը:

Հարցվածների 10%-ը բարձր գներն է համարում ՀՀ-ում առկա հիմնական խնդիրը, կրթության ցածր որակը՝ 10%, 8%-ը՝ քաղաքական անկայունությունը, 7%-ը՝ ցածր աշխատավարձը, 7%-ը՝ վատ կառավարություն, սխալ աշխատանք, թույլ կադրեր։

 

Հարցին՝ որո՞նք են այսօր ամենակարևոր 2 խնդիրները Ձեր և Ձեր տնային տնտեսության անդամների համար, հարցվածների 7%-ն է նշել ազգային անվտանգություն և սահմանային խնդիրներ։ 21%-ը պատասխանել է՝գործազրկությունը, 16%-ը՝ ցածր աշխատավարձը, 12%-ը՝առողջապահական խնդիրները, 9%-ը բնակարանային մատչելիություն, 12%-ը՝ բարձր գներ և այլն։

Ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք ամենից շատ վստահում: Ո՞վ է երկրորդ ամենավստահելին․այս հարցին ի պատասխան 1 503 հարցվածների 16%-ը նշել է Նիկոլ Փաշինյանին, 4%-ը՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին էլ վստահում է հարցվածների 4%-ը, 2%-ը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նույնքան էլ՝ Ռոբերտ Քոչարյանին, Հարցվածների 61%-ը պատասխանել է՝ ոչ ոքի չի վստահում։

2023 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման համեմատ, Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին վստահել են նույնքան քաղաքացիներ, որքան այս տարի, իսկ Արարատ Միրզոյանին և Ալեն Սիմոնյանին այս տարի ավելի քիչ մարդ է վստահել, քան անցյալ տարի։

Հարցին՝ ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք Ձեր ձայնը, եթե Խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցվածների 20%-ը պատասխանել է՝ Քաղաքացիական պայմանագրին, 3%-ը՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին, 2-ը՝ «Հայաստան» դաշինքին, 2-ը՝ Հանրապետական կուսակցությանը, նույնքան՝ ՀՅԴ-ին և Արամ Սարգսյանի «Հանրապետությանը»։

Հարցվածների 29-ը նշել է, որ չի մասնակցի քվեարկությանը, 18-ը պատասխանել է՝ չգիտեմ, 6%-ը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը։

Կցանկանայի՞ք տեսնել նոր քաղաքական կուսակցություններ, թե՞ առկա կուսակցությունները բավարար եք համարում, այս հարցին էլ հարցվածների  54%-ը նոր կուսակցությունների կողմնակից է, 41%-ը նշել է, որ եղածները բավարար են, 6%-ը դժվարացել է պատասխանել։

ՀՀ Սահմանադրության փոփոխությանը միանշանակ դեմ է արտահայտվել հարցվածների 40%-ը, 12%-ը՝ ավելի շուտ դեմ է, 14%-ը՝ ավելի շուտ կողմ է, 10%-ը՝ լիովին կողմ է։

Հարցվածների 64%-ը գոհ է զինված ուժերի աշխատանքից, 61%-ը՝ ոստիկանությունից, 55%-ը՝ ազգային անվտանգության ծառայությունից, 48%-ը՝ Հայ առաքելական եկեղեցուց։ Տեղական ինքնակառավարման մարմիններից գոհ է հարցվածների 53%-ը, մարզպետարաններից՝ 57%-ը, դատարաններից՝ 32%-ը, ԱԺ-ից՝ 30%-ը։ Քաղաքացիներն ամենամեծ դժգոհությունն արտահայտել են Ազգային ժողովից։ Խորհրդարանի աշխատանքից դժգոհ է հարցվածների 66%-ը, վարչապետի աշխատակազմի աշխատանքից դժգոհ է հարցվածների 49%-ը, ՄԻՊ-ից՝ 43%-ը, դատարաններից՝ 53%-ը։

 

Ո՞րն է կառավարության վերջին վեց ամիսների ամենամեծ ձախողումը, այս հարցին էլ ի պատասխան հարցվածների 16%-ը պատասխանել է՝ սխալ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, իսկ հարցվածերի 12% -ը նշել է՝ սխալ կադրային քաղաքականությունը, կառավարության վատ աշխատանքը։ Սահմանազատում, հողերի հանձնում, Ադրբեջանի հետ բանակցությունները,Արցախի հանձնումը հարցվածների 12%-ը նշել է որպես կառավարության ամենամեծ ձախողում, 9%-ը՝ սահմանային անվտանգության բացակայություն։ Հարցվածների 38%-ը հարցին դժվարացել է պատասխանել, 3%-ը կառավարության ամենամեծ ձախողում է նշել՝ լարվածություն Ռուսաստանի/ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում,  2%-ը՝ Ռուսաստանի/ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների շարունակում։

Հարցվածների 66%-ը գոհ է Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից/ Արցախից բռնի տեղահանված հայերի ճգնաժամի կառավարումից, դժգոհ է 27%-ը, դժվարացել է պատասխանել 7%-ը։

Հարցին՝ ի՞նչ 2 ձեռքբերումներ պետք է արձանագրի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում, հարցվածների մեծ մասը՝ 22%-ը նշել է՝ խաղաղության հաստատում, 19%-ը՝ երկրի, սահմանների անվտանգության ապահովում, 17%-ը՝ բանակի հզորացում, 14%-ը՝ վերանայել արտաքին քաղաքականության ռազմավարությունը։

Հարցվածների 7%-ը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

Նորություններ