Մհեր Գրիգորյան․Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր
Փոխվարպաետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը.
«Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- ասել է զեկուցողը:
Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այնուհետև ՀՀ վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը:
Փոխվարչապետի տեղեկացմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, և այն անցնելու է ներպետական ընթացակարգեր:
Հանձնաժողովների միջև առայսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման և մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները: Ստորագրվել է նաև քննարկվող կանոնակարգը: Մասնավորապես` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարևոր սկզբունքային և ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի հռչակագրով: 2024 թվականի մայիսի արձանագրությամբ հանձնաժողովները համաձայնեցրել են երկու երկրների միջև սահմանագծի որոշակի առանձին հատվածների նկարագրությունը` ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով` համաձայն 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ արձանագրության համաձայն` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով:
Փոխվարչապետը նաև հայտնել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Հարցուպատասխանի ձևաչափում ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվել են հանձնաժողովի աշխատանքներով, սահմանների տեղորոշմամբ, քարտեզներով, Տավուշի մարզում մայիսին իրականացված սահմանազատման գործընթացով և դրա իրավաչափությամբ, կադաստրային գրանցումներով, հատվածական սահմանազատման տրամաբանությամբ, միակողմանի զիջումներով, Ադրբեջանի կողմից փաստաթղթի վավերացման գործընթացով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի դուրս գալու հարցով, Ադրբեջանի կողմից հնչող պահանջներով:
«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է: Փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն ամրագրել որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք և առաջնորդվել դրանով, որը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հիմնարար գործոն է խաղաղության հաստատման համար»,- ասել է հարակից զեկուցող, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ըստ նրա` կանոնակարգով կարգավորվում է հանձնաժողովների համատեղ գործունեությունը, սահմանվում են հանձնաժողովների գործունեության ընթացքում մշակվող և ընդունվող փաստաթղթերի ցանկը, փորձագիտական խմբերի աշխատանքների և ծախսերի կազմակերպման սկզբունքները, սահմանազատման գործընթացի ավարտին կնքվելիք Պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցեր:
Նշվել է, որ կանոնակարգի համաձայն` սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելիք քարտեզագրական փաստաթղթերը, նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը:
Սարգիս Խանդանյանի տեղեկացմամբ Ազգային ժողովի կողմից կանոնակարգը վավերացնելու համար նախապայման է` դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրության համապատասխանության հարցը: «ՍԴ որոշմամբ այս պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Կանոնակարգի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաև ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը` եզրակացնելով, որ նախագծի ընդունման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խորհրդարան. նախագիծը լրամշակման կարիք չունի, և նախագծին առնչվող այլ օրենքի կամ ԱԺ-ի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է»,- փաստել է պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ խորհրդարանում հարցի քննարկումը նաև ժողովրդավարության սկզբունքներից բխող գործընթաց է: Սարգիս Խանդանյանն առաջարկել է դրական եզրակացության տալ նախագծին, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
Ելույթներում խորհրդարանականներն իրենց դիտարկումներն են արտահայտել փաստաթղթի վերաբերյալ: Եղել են ե’ւ դրական, ե’ւ բացասական տեսակետներ:
Ընդդիմադիր պատգամավորները խոսել են ներկայացված կանոնակարգի վավերացման հիմքերի բացակայությունից և դրա բացասական հետևանքներից: Կարծիք է հնչել, որ կանոնակարգը պարունակում է բազմաթիվ ռիսկեր ու սկզբունքներ, չի ներառում կողմերի համար առանց վերապահումների վավերացնելու պահանջ:
Եզրափակիչ ելույթում Մհեր Գրիգորյանը նշել է, որ հընթացս անդրադարձ կկատարվի խնդրահարույց հարցերին: Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին` զեկուցողը կարևորել է այլընտրանքային առաջարկների կամ մոդելների վերաբերյալ երկխոսությունը:
5 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: