Շահերի բախում Վանաձորի համայնքապետարանում. Փելեշյանի խորհրդականի ընկերությունը մասնակցում ու հաղթում է գնումների գործընթացին. FIP
Վանաձոր համայնքի ղեկավարի օգնականը համայնքային բյուջեի միջոցներով իր ընկերության հետ փաստացի առանց մրցույթի կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, հարմարեցրել դրանք իրեն՝ կատարելով էական փոփոխություններ, ու դրանից հետո, բնականաբար, ընդունել է իր իսկ ընկերության կողմից իրականացված աշխատանքը։
Վանաձորի համայնքապետարանը նախորդ տարի իրականացրել էր Բանյոյի փողոցի և պուրակի լուսավորության համակարգի վերականգնման աշխատանքներ, սակայն այդ նպատակով հայտարարված մրցույթներում կան մի շարք խնդիրներ, որոնք առերևույթ պարունակում են օրենքի խախտման և հանցագործության տարրեր։
Այսպես․ նախորդ տարվա օգոստոսին Վանաձորի համայնքապետարանը հայտարարել էր Բանյոյի փողոցի և պուրակի լուսավորության համակարգի վերականգնման աշխատանքների մրցույթ։ Մրցույթն անցկացվել էր «գնանշման հարցում» ընթացակարգով։ Ու թեև սա ենթադրում է, որ աշխատանքների իրականացման համար պետք է հաստատված նախագծի համաձայն մի քանի ընկերություններից ստացվեր գնառաջարկ և հաղթեր ամենացածր գին առաջարկած մասնակիցը, տեսնում ենք, որ ընթացակարգի միակ մասնակիցը եղել էր «Փյունիկ» ՍՊԸ-ն՝ 9․9 մլն դրամ գնառաջարկով։
Հետաքրքիր զուգադիպությամբ, «Փյունիկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանի օգնական Էդիկ Հունանյանին։ Հենց Հունանյանն է հանդիսանում Վանաձորի համայնքապետարանի գնումների ոլորտը համակարգող պաշտոնյան։ Դա է վկայում այն փաստը, որ գնման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրությունները հիմնականում ստորագրվում են հենց Հունանյանի կողմից։ Ավելին, շաբաթներ առաջ, երբ «Փաստերի ստուգման հարթակը» համայնքի գնումներից մեկի հետ կապված պարզաբանում ստանալու կարիք ուներ, մեզ փոխանցեցին հենց նրա հեռախոսահամարը։
Վերոնշյալ մրցույթի անցկացման պահին ընկերության տնօրենը հանդիսանում էր Էդիկ Հունանյանի թոռը՝ Գևորգ Հունանյանը։
Հատկանշական է, որ թե՛ «Փյունիկ» ՍՊԸ-ն, թե՛ Էդիկ Հունանյանը գրանցված են միևնույն հասցեում։
Վերադառնալով «մրցույթին»․ նախագծային առաջադրանքի համաձայն, կապալառու ընկերությունը պարտավորվում էր փողոցն ու պուրակը կահավորել 9 հատ «սովորական» լուսատուներով և 22 մետաղական պսակադիրով 3-ական լուսատուներով հենասյուներով։ Սահմանված էին նույնիսկ այդ լուսավորության հենասյան տեսքն ու ընդհանուր հատկանիշները։
Սակայն կնքված պայմանագրում կատարվել են փոփոխություններ և 22 լուսատուների տեղադրման վերաբերյալ տողը բացակայում էր։ Այսինքն, մրցույթը հայտարարվել է մի պայմանով, սակայն պայմանագիրը կնքվել է արդեն պայմանների էական փոփոխությամբ։
Ակնհայտ է՝ թեև ըստ մրցույթի, հաղթող մասնակիցը պարտավորվում էր տեղադրել 22 հենասյուներ, սակայն կնքված պայմանագրում արդեն երևում է, որ պարտավորության այս կետն ուղղակի հանված է։
Լուսանկարներում Վանաձոր քաղաքի Բանյո փողոցի և պուրակի լուսավորության վերականգնման աշխատանքների նախագծային փաստաթղթերից մի հատված է։ Մանուշակագույնով նշված են այն լուսատուները, որոնք, ըստ նախագծի, պետք է տեղադրվեին կապալառու կազմակերպության կողմից, սակայն պայմանագրից դուրս են մնացել։
Մինչդեռ «Փյունիկ» ՍՊԸ-ի և Վանաձորի համայնքապետարանի կողմից կնքված պայմանագրով արգելվում էր կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն աշխատանքների ծավալի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման։
Մանրամասն՝ այստեղ: