ԵՄ խորհրդարանի բանաձեւը պատասխանն է այն վերլուծաբաններին, ովքեր պնդում են, թե ԵՄ-ի համար ադրբեջանական գազն ավելի կարևոր է, քան ԼՂ հայերի իրավունքները․Գուրգեն Սիմոնյան
Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված անձանց, ինչպես նաև ապահովել հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը: Եվրախորհրդարանի անդամներն Ադրբեջանին կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և անարգել վերադարձի վերաբերյալ որոշումը։ ԵՄ խորհրդարանը անդամ երկրներից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների համար։
Ի՞նչ նշանակություն ունի այս բանաձեւը, արդյո՞ք այն որևէ հետևանք կունենա Ադրբեջանի համար, REGIONSTV-ի այս և այլ հարցերի պատասխանում է քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը։
–Ի՞նչ կարծիք ունեք Եվրախորհրդարանի բանաձեւի մասին, որքանո՞վ է այն կարևոր։ Հնարավոր համարո՞ւմ եք բանաձեւի պահանջով հայերի վերադարձը Արցախ, եւ ընդհանրապես, ի՞նչ պայմաններում հայերը կարող են վերադառնալ Արցախ։
–Եվրախորհրդարանի այս բանաձեւը պատասխանն է այն վերլուծաբաններին, ովքեր միշտ ասում են, թե ադրբեջանական գազը Եվրամիության և եվրոպական երկրների համար շատ ավելի կարևոր է, քան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բնական իրավունքներն ու ընդհանուր առմամբ՝ մեր տարածաշրջանը։ Բայց մենք դիտարկում ենք նաև այն տարբերակը, որ Եվրամիությունը և ընդհանրապես եվրոպական երկրները կոնսոլիդացված են։ Արևմտյան աշխարհը մեր տարածաշրջանում վարում է ռազմավարական քաղաքականություն, որի շրջանակներում անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության էթնիկ զտումը։ Այսինքն, ցեղասպանության քաղաքականությունը մերժում է Արևմուտքը, որն ամբողջ աշխարհում ավտորիտար պետությունների դեմ պայքարում է ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների համար։
Ինչ վերաբերում է նրան, թե հնարավո՞ր է արդյոք քաղաքական ճնշման միջոցով Ադրբեջանին ստիպել ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, այսինքն՝ հայերը, կարող են վերադառնալ իրենց պատմական հայրենիք, կարծում եմ, որ նման քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել, թեև Եվրոպան այդ վերքը միշտ բաց կպահի, բայց ռազմավարական միջնաժամկետ հեռանկարում: Ես կարծում եմ, որ նման հնարավորություն կա, բայց ոչ թե քաղաքական ճնշումների միջոցով, այլ Հայաստանի հզորության և պետության պաշտպանունակության վերականգնման միջոցով։ Մեր տարածաշրջանի հայության վերաբերյալ բարձրացված այս բոլոր հարցերը մեր թշնամիների ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչ մասն են։ Նրանց հիմնական նպատակը հայկական պետությունը ոչնչացնելն է, ուստի չեմ բացառում, որ Ադրբեջանը կփորձի շարունակել իր ռազմական քաղաքականությունը։ Այս համատեքստում հայկական կողմն ունի բոլոր հնարավորությունները դադարեցնելու բոլոր այդ ռազմական գործողությունները, զինված բախումները մեր սահմանի երկայնքով, հնարավորության դեպքում՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի ազատագրման ծրագիրը։ Միջնաժամկետ հեռանկարում սա շատ իրական է, հնարավոր իրական քաղաքականություն է։
-Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը պետք է պատրաստակամություն ցուցաբերի բարեխղճորեն մասնակցելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններին։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր դեպքում Ալիևը կստորագրի խաղաղության պայմանագիր։
-Կարծում եմ, որ Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ փաստաթուղթ ստորագրել, ուստի սաբոտաժի կենթարկի բոլոր հնարավոր երկկողմ կառուցողական բանակցությունները։ Այդ երկխոսությունն արհեստականորեն ճնշվում է արեւմտյան երկրների կողմից, նաև՝ Իրանի։ Այս մեր տարածաշրջանում Ալիևի քաղաքականությունը հիմնված է բացառապես ռազմաքաղաքական նկատառումներով, որը սկսվել է դեռ 2014 թվականից էլ շատ առաջ, երբ որոշում ընդունվեց փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և ձևավորել Ադրբեջանի ռազմական ներուժը որպես պետական ներուժ։ Եվ այս առումով 2020 թվականին որոշվեց հարցը լուծել բացառապես ռազմական ճանապարհով։ Ադրբեջանը մինչ օրս չի հրաժարվել այս ռազմավարությունից։
-Պարոն Սիմոնյան, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ արեցին ԵՄ-ին նվազեցնել գազային կախվածությունը Ադրբեջանից, նաև խորհուրդ տվեցին Եվրահանձնաժողովին կասեցնել էներգետիկայի ոլորտում համագործակցության 2022 թվականին ստորագրված համագործակցության հուշագիրը, քանի որ մտավախություն ունեն, Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարման ավելացումն ի հաշիվ ռուսական գազի է։ Ի՞նչ եք կարծում, Եվրախորհրդարանը կկարողանա՞ հրաժարվել ադրբեջանական գազից։
-Գազի պաշարները և մատակարարվող գազը, գազի ծավալները չեն կարող բավարարել Եվրամիության բոլոր կարիքները։ Տարեկան այնտեղ մատակարարվում է մոտ 12 մլրդ խորանարդ մետր գազ, դա բավարար չէ։ Նկատենք, որ Եվրամիությունը Ռուսաստանից մատակարարվող երկու գազատար ճյուղ ունի՝ Հյուսիսային հոսք-1 և Հյուսիսային հոսք- 2-ը։ Միայն Հյուսիսային հոսք-1-ը տարեկան 53 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել Եվրոպային։
Այսինքն՝ եթե անգամ կրկնապատկվի ադրբեջանական գազը, դա չի կարող բավարարել Եվրամիության կարիքները։ Եվրամիությունը կարող է հրաժարվել ադրբեջանական գազից ելնելով այն մտավախությունից, որ այնտեղ կարող է հայտնվել նաև ռուսական գազը, իսկ սա նշանակում է մի կողմից թշնամի պետության տնտեսությանն աջակցել, մյուս կողմից՝ կռվել նույն պետության զինված ուժերի հետ։ Աշխարհաքաղաքական նկատառումների և գլոբալ հակամարտության համատեքստում միանգամայն իրատեսական է, որ եվրոպական երկրները կհրաժարվեն ադրբեջանական գազից։
–Վերջերս Կազանում կայացավ BRICS 2024 գագաթնաժողովը, որի շրջանակներում կայացել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։ Հատկանշական է, որ հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարարները։ Գագաթնաժողովում Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց՝ Հայաստանը չի համաձայնվել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։ Ըստ Ձեզ, Փաշինյանի BRICS-ին մասնակցելը ճի՞շտ էր։
–Փաշինյանի այցը BRICS տեղին չէր։ Հանուն նման հայտարարությունների չարժեր նման միջոցառման գնալ։ Այն հայտարարությունները, որոնք այնտեղ արեց Փաշինյանը, կարող էր հնչեցնել նաև տանը։ Փաշինյանը լռում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասին։ Սա նշանակում է, որ Փաշինյանը դեկլարատիվ կերպով հեռանում է այս փաստաթղթից, քանի որ մնացած բոլոր կետերը չեն կատարվել։ Ավելի լավ կլիներ չեղարկել այս փաստաթղթից Հայաստանի Հանրապետության ստորագրությունը։ Այ սա իրական քայլ կլիներ և կուրվագծեր այն ռազմավարությունը, որը մենք ցանկանում ենք զարգացնել մեր տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում։
Զաբելա Ավագյան