Ինչո՞վ եք դուք տարբերվում ապշերոնյան ձեր հարեւանից
Ալիեւների կլանի ամենաթողության եւ ավարառության մասին տարիներ ի վեր բարձրաձայնում են եւ այդ երկրի ընդդիմադիրները եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու լրատվամիջոցները: Իլհամ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբանի, նրանց որդու եւ դուստրերի անունները հայտնվել են «Պանամյան փաստաթղթերում»: Նրանք բրիտանական կղզիների օֆշորային մի շարք ընկերությունների սեփականատեր են: Ըստ Mossack Fonseca իրավաբանական կազմակերպության՝ Իլհամ Ալիեւի դուստրերը վերահսկում են երկրի ոսկու արդյունահանման 6 ձեռնարկությունների բաժնետոմսերի մեծ մասը:
https://www.rbc.ru/politics/04/04/2016/5702a1ba9a7947fd0e9fa55d?from=main
Երկրի բնական հարստությունն ավելի մեծ ծավալներով հոսում է ալիեւյան ընտանեկան գանձարան, քան պետական բյուջե: Իսկ 2017թ.-ի փետրվարին Ալիեւն իր հոգեկան առողջական վիճակի մասին լուրջ կասկածներ առաջացրեց, երբ իր 52-ամյա կողակցին՝ Մեհրիբան Ալիեւային, նշանակեց փոխնախագահ, իսկ ուղիղ մեկ տարի անց փոխեց նախագահական ընտրությունների ժամկետը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ:
Սերժ Սարգսյանը եւս իր իշխանությունը, միաժամանակ դինաստիայի բարեկեցիկ հարատեւությունն ապահովելու ուղիներ գտավ: Սարգսյանների ընտանիքն ինչո՞ւ պետք է զիջեր Ալիեւներին: Բավական է նշել ընդամենը երկու անուն՝ Միքայել (Միշիկ) Մինասյան (փեսա, 50/50 գործարար-դիվանագետ) եւ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյան (եղբայր, 50/50 եզրույթի համասեփականատեր): Ներկրվող որոշ ապրանքների եւ արտահանման ուղիների մենաշնորհ, արագաչափեր, «օդից փող բռնելու» բիզնես, մեդիադաշտի «հունձ» եւ այլն: Շարքը շարունակելու համառ փորձերը շարունակվում են:
http://armtimes.com/hy/article/27991
http://hetq.am/arm/news/26075/hh-nakhagahi-pesayi-karoxutyuny-ev-gexankarneri-havaqatsun.html
Ալիեւը, սակայն, մեդիադաշտի «հնձվորի» իր համբավով եւ ունակություններով գերազանցում է Սարգսյան-Մինասյան զույգին: Ադրբեջանում, փաստացի, բոլոր մեդիաընկերությունները գտնվում են իշխանությունների վերահսկողության ներքո, անկախ լրագրողները կամ հետապնդվում են, կամ կալանավորված են, կամ էլ վտարանդիության մեջ են:
Հայաստանում այս դաշտում եւս առավել տափուկ մեթոդներ են գործում: «Եվրաստնտուների» աչքից ու ականջից հեռու հեռակա սպառնալիքներով ակնարկներ են անում անհնազանդ լրատվամիջոցներին, զրկում ֆինանսական աղբյուրներից, մեկ-մեկ էլ լրագրողներին «ճիպոտում» են ոստիկանական «եվրաինտեգրված» մահակներով՝ իբր պատահաբար, հանգամանքների բերումով:
Հիշենք հանրաքվեին հաջորդող շրջանը, երբ ամայացած քաղաքական դաշտից միայն ծուխ էր բարձրանում, եւ «բռնկվեց» «Սասնա ծռեր» խումբը՝ գրավելով պահակապարեկային ծառայության գունդը:
2016թ.-ի հուլիսի 17-ին հաջորդող օրերին բախումներ արձանագրվեցին, հուլիսի 29-ին Ազատության հրապարակից երթ մեկնարկեց դեպի Խորենացի փողոց: Ոստիկանությունը և քաղաքացիական հանդերձանք հագած «ուրվականները» հարձակվեցին ցուցարարների վրա՝ մահակներով ծեծի ենթարկելով նրանց: Տուժեցին տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Դրանից մեկ տարի առաջ ոստիկանությունը ֆիզիկական ուժի և հատուկ տեխնիկայի գործադրմամբ «ազատագրել» էր Բաղրամյան պողոտան, եւ կրկին ուժայինների անհամաչափ գործողություններից տուժել էին լրագրողները։
https://www.youtube.com/watch?v=Qb9Sn5RM1ZE
2017թ.-ին Հայաստանը ժողովրդավարության ինդեքսով աշխարհում զբաղեցրեց 111-րդ հորիզոնականը՝ ըստ «The Economist Intelligence Unit» (EIU) կազմակերպության զեկույցի, եւ հայտնվեց «հիբրիդային երկրների» շարքում:
Ադրբեջանը նույն զեկույցում 148-րդ տեղում է եւ գտնվում է «ավտորիտար երկրների» շարքում:
Փաստորեն, այս առումով մեզ մոտ վիճակն ավելի վատ է, քան, օրինակ, Նիգերիայում կամ, ասենք, Պակիստանում: Համեմատության համար նշենք, որ Մոլդովան 78-րդն է, Վրաստանը՝ 79-րդը:
https://infogram.com/124776da-1c66-4ffc-8063-769dd7b42b1d
Հիմա մի կողմ թողնենք «ավտորիտար Ադրբեջանն» ու թվերի լեզվով արձանագրենք «սերժսարգսյանական» Հայաստանի ժողովրդավարության հետընթացը. 2010թ.-ին Ժողովրդավարության ինդեքսով Հայաստանը զբաղեցնում էր 109-րդ հորիզոնականը, 2011թ.-ին՝ 111-րդ, 2012թ.-ին՝ 114-րդ, 2016թ.-ին՝ 120-րդ: 2017թ.-ի նոյեմբերին կնքվեց ՀՀ-ի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ու մենք 9 կետով «ժողովրդավարացանք»՝ հասնելով 2011թ.-ի մակարդակին, բայց եւ այնպես 100-ից ներքեւ չենք կարողանում ձգվել:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Ժողովրդավարության ինդեքսը. այն պետության ներսում ժողովրդավարության մակարդակի սանդղակն է՝ հիմնված փորձագիտական գնահատականների եւ տվյալ երկրներում հանրային կարծիքի հարցումների արդյունքների վրա, եւ ձեւավորվում է 5 հիմնական կատեգորիաների ցուցանիշներից.
-ընտրական գործընթացը եւ բազմակարծությունը
-կառավարության գործունեությունը
-քաղաքական մասնակցությունը
-քաղաքական մշակույթը
-քաղաքացիական ազատությունները
Եթե այս կետերից որեւէ մեկով Հայաստանը կարող է համեմատվել դասական քաղաքակիրթ երկրներից որեւէ մեկի հետ, ապա կարելի է ընդունել, որ Սարգսյանը որոշակի առավելություն ունի Ալիեւի նկատմամբ: Քանի դեռ ընտրական գործընթացի, քաղաքական մշակույթի կամ ազատությունների առումով մենք աշխարհին ոչ մի ներկայանալի, օրինակելի բան չունենք ցուցադրելու, այդպես էլ տարիներ շարունակ ստիպված կլինենք օրինակ վերցնել Վրաստանից ու Մոլդովայից, անգամ Բուրկինա Ֆասոյից ու Սիերա Լեոնեից:
Եվ այս իրավիճակում Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է գլխի գցել՝ «Ընկե՛ր, դուք գրեթե ոչնչով չեք տարբերվում ապշերոնյան ձեր հարեւանից, եթե անգամ համեմատաբար ազատ ու հաղթանակած երկրի նախագահ եք»:
Էդուարդ Մխիթարյան