Ֆրանսիան բոյկոտել է COP29-ը «գաղութների» վերաբերյալ Ալիևի հայտարարություններից հետո | Region

Ֆրանսիան բոյկոտել է COP29-ը «գաղութների» վերաբերյալ Ալիևի հայտարարություններից հետո

Նոյեմբեր 14,2024 23:15

Նոր սկանդալ Բաքվում. Ֆրանսիան բոյկոտում է COP29-ը, Նիդերլանդներն և ԵՄ-ն դժգոհություն են հայտնում.

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X միկլոբլոգում  գրել է, որ իրեն վրդովվեցրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությունները Ֆրանսիայի, Նիդեռլանդների և ԵՄ-ի հասցեին։

«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների վերաբերյալ չափազանց ցավալի են։ Այս անընդունելի հայտարարությունները սպառնում են խաթարել համաժողովի՝ կլիմայի հետ կապված կենսական նպատակները և COP29-ում Ադրբեջանի նախագահության վստահելիությունը։ Մենք կանգնած ենք Ֆրանսիայի և Նիդեռլանդների կողքին», – գրել է Բորելը։

Նա նշել է՝ մենք աջակցում ենք ԵՄ-ին, Նիդերլանդներին և  Ֆրանսիային․« ԵՄ-ն ու նրա անդամ երկրները կլիմայի փոփոխությունների հետ կապված ֆինանսավորման մեջ մեծ ներդրում ունեն և աջակցում են գործընկերներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում»։ Բորելը հիշեցրել է Ալիևին այդ երկրում մարդու իրավունքների  իրավիճակների մասին, նշելով՝ մենք մերժում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների դեմ, որոնք կանգնած են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակի առջև։

 Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող COP29-ի շրջանակներում փոքր կղզիների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննադատել էր Ֆրանսիային և Նիդեռլանդներին իրենց «նեոգաղութատիրության» համար՝ դա կապելով կլիմայի փոփոխության հետ: Ադրբեջանի նախագահը պնդել էր, որ Ֆրանսիան «շրջակա միջավայրի քայքայում» է առաջացրել իր անդրծովյան տարածքներում և այդ տարածքներն անվանել էր «գաղութներ»։

Ալիևը մեղադրել է Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին, ասելով, որ դրանք  «քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ» են դարձել։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է՝ Ֆրանսիայի և Նիդեռլանդների, այսպես կոչված, անդրծովյան տարածքները, մասնավորապես Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում, կլիմայի փոփոխության հետևանքով ամենաշատ տուժածներից են․« Այս համայնքների ձայները հաճախ դաժանորեն ճնշվում են ռեժիմների կողմից»։

Բաքվի այս մեղադրանքներին ի պատասխան Ֆրանսիայի՝ կլիմայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյան չի մասնակցի Բաքվում COP29 կլիմայի շուրջ բանակցություններին

Ինչպես հայտնում է POLITICO-ն Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռունաշերը դատապարտել է Բաքվի հայտարարությունները, դրանք համարելով «անընդունելի» և «անհիմն»։

Ֆրանսիացի նախարարն ասել է․«Հանրապետության նախագահի և վարչապետի հետ քննարկումից հետո ես հաջորդ շաբաթ չեմ մեկնի Բաքու։ Ադրբեջանը կլիմայի փոփոխության դեմ պայքարը գործիք է դարձնում իր ոչ արժանապատիվ անձնական օրակարգի համար»։

Ֆրանսիայի այս որոշումը նշանակում է, որ 2015 թվականի Փարիզի համաձայնագրից ի վեր առաջին կլիմայի համաժողովը տեղի կունենա առանց Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության։

Ալիեւի հայտարարություններին արձագանքել է նաեւ Նիդեռլանդները։ Ըստ POLITICO-ի, Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչը կտրականապես հերքել է Ադրբեջանի ղեկավարի   «անհիմն տեսակետները Հոլանդիայի անդրծովյան տարածքներում բռնաճնշումների վերաբերյալ»։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ի պատասխան Ժոզեպ Բորելի հայտարարությունների, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը X-ում գրել է. «Կլիմայի փոփոխության հետևանքով ամենից շատ տուժում են զարգացող փոքր կղզիները, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների անդրծովյան շրջանները: COP29-ում Ադրբեջանն ապահովում է ներառական հարթակ յուրաքանչյուր ձայնի համար։ ԵՄ անդամակցությունը արտոնություններ չի տալիս պահպանելու նեո/գաղութային իշխանությունը և մերժելու ապագաղութացման հայեցակարգը՝ հաշվի առնելով, որ ԵՄ անդամ որոշ երկրներ կիրառում էին տխրահռչակ գաղութատիրություն և ամոթալի ստրկավաճառություն»։

Պատրաստեց՝ Զաբելա Ավագյանը

Նորություններ