Հայաստանի գլխին կախված «ահաբեկչության» վտանգը | Region

Հայաստանի գլխին կախված «ահաբեկչության» վտանգը

Փետրվար 17,2018 15:51

Ամերիկացի լրագրող եւ փաստաբան Գլեն Գրինվալդը, նկարագրելով ԱՄՆ-ում մարդկանց անձնական ազատությունները սահմանափակելու, հազարավոր քաղաքացիների գաղտնալսելու տարիներ շարունակ կիրառվող պրակտիկան, գրում է. «Որեւէ ամերիկացի չի կարող իրեն լիարժեք ազատ համարել հետապնդումներից. բոլոր հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են, հեռագրերը… ամեն ինչ: Հետապնդումներից չես թաքնվի: Բուշի վարչակազմը գաղտնի հանձնարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը էլեկտրոնային եղանակով լսել ամերիկացիների հեռախոսային խոսակցություններն առանց նրանց թույլտվության, ինչը պահանջվում էր օրենքով»:

ԱՄՆ-ում այս գործընթացը հատկապես ահագնացել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

Հետո պիտի պարզվեր, որ անօրինական գաղտնալսումներն իրականացվել են տարիներ շարունակ, եւ թիրախում են հայտնվել ԱՄՆ-ի հազարավոր քաղաքացիներ:

Որպես պատճառաբանություն ամերիկյան վարչակազմը ներկայացնում է ահաբեկչության դեմ պայքարը՝ իրավունք վերապահելով իբրեւ «երկրի անվտանգության ապահովման» նկատառումներից ելնելով բացահայտ խախտել մարդկանց՝ սահմանադրորեն ամրագրված իրավունքը:

Հայաստանյան «ահաբեկչության սպառնալիքը»

Աշխարհը նոր բան չի հայտնագործել: Մեթոդները՝ մարդկանց ազատությունները սահմանափակելու, իրավիճակը տոտալ վերահսկողության տակ պահելու, իշխանական լիազորությունները վերազանցելու, չեն փոխվել տարիներ շարունակ, դրանք պարզապես ավելի են կատարելագործվել:

Տարբեր երկրներում «պատճառաբանություններն» են տարբեր եւ ձեռագրերը: Թիրախը նույնն է՝ քաղաքացուն դարձնել կառավարելի: Այս առումով, անկախ այն հանգամանքից՝ երկիրը ժողովրդավար է, թե կոնսոլիդացված ավտորիտար վարչակարգ ունի, բռնապետական է, թե ոչ, իշխանությունները սոլիդար են: Զուտ այն հանգամանքով պայմանավորված, որ իշխանության մեջ են, իշխանության կրողն են, համերաշխության թելով կապում է նրանց եւ ընդհանրացնում ձեռագրերը:

Հայաստանի պարագայում մարդկանց գլխին դամոկլյան սրի նման կախված «ահաբեկչությունը» շփման գիծն է: Սա այն հարցն է, որը մշտապես մանիպուլյացիաների առարկա է դառնում գործող վարչախմբի ձեռքում: Ներքաղաքական ցանկացած ակտիվություն, եւ առաջին բանը, որը կմատնանշվի վարչախմբի կողմից, արցախյան հակամարտությունն է:

«Շփման գծում իրավիճակը լարված է». ընդամենը մեկ հաղորդագրություն, որն ազդում է մարդկանց գիտակցության եւ զգացմունքների վրա: Այս հաղորդագրությունը տարածվել է նաեւ այն ժամանակ, երբ քաղաքացին փորձել է երկրի ներսում պաշտպանել իր ազատությունների սահմանը: Եվ այդ ժամանակ նրան ցույց է տրվել մեկ այլ սահման:

«Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքացիներին հետապնդելու, վախեցնելու մեխանիզմի գոյությունը, կարեւոր չէ՝ ինչպես է այն իրականացվում, բավական է անհանդուրժողականության օջախները հանգցնելու համար: Երկրի քաղաքացիները, հասկանալով, որ գտնվում են հսկողության տակ, դառնում են հնազանդ եւ վախեցած»,- գրում է Գրինվալդը:

Եվ ստացվել է այնպես, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում ՀՀ քաղաքացու անձնական ազատությունների սահմանը մշտապես ստորադասվել է հայրենիքի սահմաններին, եւ այս հանգամանքը որպես գործիք նենգորեն կիրառվել է մեր դեմ՝ մեր ազատությունների սահմաններն աստիճանաբար զավթելու համար:

Նույնն անում է Սերժ Սարգսյանի վարչախմբին տրամաբանությամբ, մտածելակերպով, գործելաոճով նման Ալիեւի վարչակազմը: Արտահերթ ընտրությունների նշանակում Ադրբեջանում եւ այդ ընտրությունների շեմին հայտարարություններ՝ զավթողական հռետորաբանությամբ:

Քարոզարշավի այս ոճը կիրառեց նաեւ Սարգսյանը՝ 2016-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա ավելի քիչ երեւաց քաղաքացիների աչքի առաջ, եւ ավելի հաճախ նկարվեց «Իսկանդերի» ֆոնին՝ զինվորական համազգեստով: Սա մեսիջ էր հասարակության լայն զանգվածներին՝ «անտանելի պայմանները երկրի ներսում անհնազանդության պատճառ չպետք է դառնան, որովհետեւ մենք ավելի մեծ խնդիր ունենք, այնտեղ՝ սահմանին»: Եվ որ իբրեւ այդ խնդիրը լուծող կա՝ ի դեմս զինվորական համազգեստը պատեհ պահերին ուսերին գցած «խրտվիլակի»:

Ամենացավոտը քարոզարշավային տեսանյութերում ապրիլյան ռազմական գործողությունների կադրերն էին, երբ շատ կոնկրետ այդ իրադարձությունները ծառայեցվեցին «գերագույն գլխավոր հրամանատարի» կերպարը որպես «անփոխարինելի» ներկայացնելու համար: Հայ ժողովրդի ամենացավոտ պարտություններից մեկը հարյուրից ավելի զոհերի եւ տարածքային կորստի գնով իշխող վարչախումբն օգտագործեց որպես «հաղթարշավ»:

Նույն մարտավարությունը կիրառվում է հիմա. 2018-ի ապրիլին սպասվող ներքաղաքական ռակիրովկաների շեմին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով ռազմական լայնածավալ գործողությունների վտանգի վերաբերյալ հարցին, երկու օր առաջ հայտարարեց. «Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է: Դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը»:

Իրենց հերթին հանրապետականներն առիթը բաց չեն թողնում հրապարակային հայտարարություններ անելու եւ բոլոր ոլորտներում խայտառակ ու աններելի ձախողումներ արձանագրած Սերժ Սարգսյանին ներկայացնելու որպես անփոխարինելի թեկնածու, անփոխարինելի հրամանատար, ով «աչքը չի թարթի «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելու»:

Սիրել սեփական ե՞սը, թե՞ հայրենիքը

Ես մայր եմ եւ 5-6 տարեկան իմ զավակների բազմաթիվ հարցերին ստիպված եմ պատասխաններ տալ. ի՞նչ է անում զինվորը, ո՞ւր է գնում, ո՞վ է թուրքը, սահմանը որտե՞ղ է, մեր զինվորը որ ծառայեց եկավ, հաղթե՞ց թուրքին, եւ ամենասարսափեցնող հարցը, որը տվել է դուստրս, հետեւյալն է եղել՝ մեր զինվորը (ով իր համար հերոս է, իդեալ) սպանե՞ց թուրքին ու նո՞ր եկավ, էլ չկա՞ թուրք…

Սրանք այն հարցերն են, որոնք ստիպել են ինձ երկու բան դնել նժարին՝ հայրենասիրությո՞ւն, թե՞ «եսասիրություն»: Գուցե դժվար է, բայց հնարավոր է նրանց բացատրել, որ դու ես քո զինվորը, որ քո զենքը քո ազատությունն է, որ որեւէ մեկին սպանել պետք չէ ինչ-որ երեւակայական վտանգ կանխելու համար, որ բավական է պարզապես զիջումների չգնալ անձնական ազատությունների հարցում… Որ հայրենիքը միայն հողը չէ, սահմանը չէ, շփման գիծը չէ, Մասիսն ու Սեւանը չեն: Հայրենիքը նաեւ թանկ մարդիկ են, հարազատներն ու ընկերներն են: Ցանկացած քաղաքացու՝ հեռանալու որոշում նշանակում է հայրենիքի մի մասի անդառնալի կորուստ:

Երկիրն ուժեղ է, երբ ուժեղ եւ իրավագիտակից է քաղաքացին, ով կռիվ է տալիս իր սեփական ազատությունների յուրաքանչյուր միլիմետրի համար: Չունենալ այդ ազատությունը հավասարազոր է ազատ երկիր, ինքնիշխանություն եւ պետականություն չունենալուն:

Չունենալ ազատություն նշանակում է անվերջ պարտվել: Եվ այստեղ ամենեւին կարեւոր չէ՝ ում ես պարտվում՝ արտաքի՞ն, թե՞ ներքին թշնամուդ:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ