«Մեր բուհերը միջազգայնորեն մրցունակ չեն»․Շիրակի պետական համալսարանի 90 ամյակին հայտարարեց Փաշինյանը
![](https://regionstv.am/wp-content/uploads/2024/12/470201314_991457923017635_6923580506395692305_n.jpg)
Շիրակի պետական համլասարանը ավելի քան 30 հազար շրջանավարտ է տվել, որից 27 հազարը՝ մանկավարժներ:
«Հայաստանի 6 մարզերում 10-ից ավելի պետական բուհեր և մասնաճյուղեր կան, դժվար կլինի պատկերացնել, թե ինչ կլինի այդ մարզերի վիճակը, եթե այդ բուհերը մայրաքաղաք տեղափոխվեն»,- նման մտահոգություն հայտնեց Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ: Նա նշեց, որ համալսարանը դարձել է Գյումրու խորհրդանիշերից մեկը, մտահոգություն հայտնեց բուհերի միավորման՝ կառավարության վարած քաղաքականության մասին, նաև առաջարկեց վերանայել այն, անել այնպես, որ մարզերում բուհերը չփակվեն:
Միջոցառմանը մասնակցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ բուհերի միավորման վերաբերյալ քննարկում կլինի նաև Գյումրիում՝ ուսանողների, դասախոսների և աշակերտների մասնակցությամբ:
Բուհի հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում, որտեղ հանդես եկավ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետը տիկնոջ հետ, կառավարության անդամներ, պատգամավորներ, դեսպաններ:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բարձր գնահատեց ՇՊՀ-ի գործունեությունը, նշեց՝ խնդիրը միայն սովորելը չէ, շատ կարևոր է, թե ինչ ենք սովորում, ինչպես ու ինչ միջավայրում․«Ուզում եմ, որ նման հոբելյանները օգտագործենք մեր մտքի նոր հարթակներ ստեղծելու համար: Մենք պիտի հասկանանք, թե ում հետ ենք համեմատվում՝ ինքներս մեզ գնահատելու համար: Շիրակի պետական համալսարանը պետք է համեմատել Լյուվենի բուհերի հետ, պետք է Քեբրիջի, Օքսֆորդի հետ համեմատենք, եթե այս համեմատությունը դնենք, գուցե մեր հարցի դիտանկյունը փոխվի»։
Վարչապետի խոսքով՝ այսօրվա մեր խնդիրները պետք է դիտարկենք ոչ թե առանձին բուհի դիտանկյունից, այլ պետության երկարաժամկետ շահերի տեսակետից:
«Այսօր որևէ բուհի աշխատանքը գնահատվում է նրանով, թե գլոբալ ինչ ազդեցություն ունեցող մարդիկ կան: Մենք պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ։ Այսօր պիտի հարց տանք՝ Հայաստանի քա՞նի բուհում օտարերկրյա ուսանող կա: Այսօր ինչո՞ւ են աշխարհի ուսանողները նախընտրում Գյումրիի չափ քաղաքների ակադեմիական բուհերում սովորել, ինչո՞ւ են մղվում այնտեղ և չեն մղվում ՀՀ: Մի պարզ պատճառով, որովհետև մեր բուհական համակարգը միջազգայնորեն մրցունակ չէ»,-ասաց Փաշինյանը»:
90 տարի առաջ Լենինականի մանկավարժական ինստիտուտը հիմնադրվեց ընդամենը 3 բաժիններով` հայոց լեզու և գրականություն, ֆիզիկամաթեմատիկական և պատմական։ Հետագայում դրանք դարձան ֆակուլտետներ: Հիմնադրման առաջին տարում բուհն ունեցել է 100 ուսանող, որոնցից մեկը պատանի Հովհաննես Շիրազն էր:
Բուհի տարեգրության մեջ իրենց հետքն են թողել գյումրեցի հայտնի մարզիկներից շատերը, ովքեր այս բուհի ուսանողներ են եղել՝ Յուրի Վարդանյան, Վարդան և Իսրայել Միլիտոսյաններ, Լևոն Ջուլֆալակյան, Մնացական Իսկանդարյան, Նազիկ Ավդալյան, Արթուր Ալեքսանյան և ուրիշներ։
Բուհի ուսանողներն ու շրջանավարտները խիզախությամբ են աչքի ընկել նաև 2020-ի 44- օրյա պատերազմի ընթացքում:
«Մասնագիտական 11 ամբիոն ունի Շիրակի պետական համալսարանը, որը շարունակում է ընդլայնել իր գիտագործունեության շրջանակները, համագործակցելով տարբեր դեսպանատների հետ»,- ասաց բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց՝ վաղվա օրվա մասին մտածելիս՝ առաջին հերթին մենք խնդիր ունենք, որ ուսանողներին դարձնենք մրցունակ:
Նրա խոսքով՝ հանրապետության մյուս բուհերի ուսանողները ՇՊՀ-ից մի բան հաստատ կարող են սովորել՝ դա բուհ-ի վերաբերմունքն է սպորտի նկատմամբ:
«ՇՊՀ-ի ուսանողների մեծ մասը մեր ապագա ուսուցիչներն են, իսկ դա շատ կարևոր է»,-ասաց նախարարը:
Իր գործունեության 90 տարիների ընթացքում ՇՊՀ-ի ավելի քան 30 հազար շրջանավարտներից 27 հազարը ներգրավվել են մանկավարժական գործին՝ աշխատելով հանրապետության տարբեր բուհերում, դպրոցներում, կրթագիտահետազոտական հաստատություններում:
Կարինե Կազարովա