«Ադրբեջանին կտրուկ և խորը էսկալացիայի գնալու հնարավորություն է պետք, կամ էսկալացիայի սպառնալիք՝ հարկադրելու ՀՀ-ին գնալու քաղաքական զիջումների»․Արեգ Քոչինյան | Region

«Ադրբեջանին կտրուկ և խորը էսկալացիայի գնալու հնարավորություն է պետք, կամ էսկալացիայի սպառնալիք՝ հարկադրելու ՀՀ-ին գնալու քաղաքական զիջումների»․Արեգ Քոչինյան

Հունվար 09,2025 20:24

Քաղաքագետի կարծիքով՝ հիմա աշխարհաքաղաքական գործընթացներն  Ադրբեջանի  համար առավել նպաստավոր են  

«Որևէ նոր բան Ադրբեջանի նախագահը չի հայտարարել, սա արդեն նախկինում բազմիցս լսված հայտարարությունների կրկնությունն է, սակայն այս անգամ կոշտությունը ավելի նկատելի է»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոն»-ի ղեկավար Արեգ Քոչինյանն՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, որտեղ նա ՀՀ-ին ֆաշիստական պետություն է համարում և նշում՝ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և կբացվի»։

Քոչինյանի վստահեցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվել են տարբեր սցենարների՝ պատերազմ, խաղաղություն կամ դրանց կոմբինացիա և հիմա աշխարհաքաղաքական գործընթացներն Ադրբեջանի համար առավել նպաստավոր են։

«Դա կապված է Իրանի պարտությամբ Սիրիայում, որ սահմանափակել է Իրանի արտաքին քաղաքականության հնարավորությունները, ու Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի ձևավորումն ու դրա հնարավոր անորոշությունները՝ հատկապես մեր տարածաշրջանում»,-նկատեց Քոչինյանը:

Նրա խոսքով՝ անկանխատեսելի է, թե Թրամփի վարչակազմն ինչ քաղաքականություն կվարի մեր տարածաշրջանում, Բաքվում մեծ հույսեր ունեն, որ Թրամփը կլինի պրոադրբեջանական, Թրամփի հետ կկարողանան պայմանավորվել․«Բայց իմ կարծիքով՝ իրենք էլ են մի քիչ արագ գնացել այս հաշվարկների ուղղությամբ, որովհետեւ, այնուամենայնիվ կա անկանխատեսելիության էլեմենտ»։

Բացի այս, քաղաքագետը նաև այլ օրինակներ բերեց՝ Ռուսաստանն Ուկրաինայում հաջողություններ է գրանցում՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական առումով, Ադրբեջանը ներքին զտումներ է իրականացրել Ղարաբաղում, Իսրայելն՝ իր հարևան Պաղեստինում, իսկ այժմ Ադրբեջանն էլ տեսնում ու սովորում է հրթիռային հարվածներ հասցնելը․« Դառնում է նախադեպ, որ ուժեղ պետությունը կարող է հարձակվել հարեւան պետության վրա, կտորները պոկել եւ դա մարսել»:

Քոչինյանի ներկայացմամբ՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման գործընթացը բախվում է որոշակի խոչընդոտների, որոնց հիմնական պատճառները կապված են երկու գլխավոր հարցի հետ՝ ԵՄ դիտորդական առաքելության և միջազգային դատարանների հարցերի շուրջ։

Ըստ նրա, առաջին հարցը վերաբերում է երրորդ երկրների ներկայությանը սահմանին, դա երկու երկրին էլ վերբարերում է։ Երկրորդ խոչընդոտը միջազգային դատական հայցերն են, և Քոչինյանն այն կարծիքին է, որ տարաձայնություն այս հարցում չունեն, քանի որ երկու կողմերն էլ արդեն հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում հետ կանչել միջազգային դատարաններում ներկայացված իրենց բոլոր հայցերը։

«Ես, սակայն, չեմ հասկանում, թե որտեղ կարող է լինել անհամաձայնությունը, քանի որ երկու կողմերն էլ, ի վերջո, պատրաստ են համաձայնվել այդ պայմաններին», -նշեց նա։

Կա պահանջ, որը վերաբերում է կոմունիկացիոն հարցերին, որոնք նախորդ բանակցային փուլերում համաձայնություն է եղել դուրս բերել պայմանագրից։ Քոչինյանը հիշեցրեց, որ Հայաստանը մեկ ամիս առաջ նոր բանակցային փաթեթ է ուղարկել Բաքու, բայց մինչ օրս որևէ պատասխան չի ստացել։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի էսկալացիայի սպառնալիքով  հայտարարություններին, ապա Քոչինյանը մեկնաբանեց՝ այդ հայտարարությունների նպատակն՝ այս պահին խաղաղության գործընացը կասեցնել, կամ առնվազն՝ դանդաղեցնել՝ հարվածներ հասցնելով առկա ձեռքբերումներին․«Դա արվում է հնարավոր նոր միջազգային կոնյուկտուրայում բավականին մեծ և բեղուն հող ունենալու համար։ Նրանց պետք է հնարավորություն կտրուկ և խորը էսկալացիայի գնալու։ Սա չի նշանակում, որ նրանք 100 տոկոսով գնալու են էսկալացիայի, բայց իրենց համար ուզում են ստեղծել այդ հնարավորությունը, կամ առնվազն ունենալ իրենց զինանոցում էսկալացիայի սպառնալիք՝ հարկադրելու Հայաստանին գնալու քաղաքական զիջումների»։

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի միջև քննարկումներին, նա նշեց, որ կարևոր կլինի հասկանալ, թե ինչպիսի արձագանք կստանա Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը։ Նախկինում Էրդողանը հայտարարել էր, որ ողջունում է Հայաստանի քայլերը դեպի խաղաղություն և կոչ էր անում մեզ ու Ադրբեջանին օգտագործել այս պատանակն շանսը, բայց հիմա չգիտի՝ ի՞նչ ուղերձներ կլինի Անկարայից այս զրույցից հետո։

Նա դրական գնահատեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, հավելելով, որ դա կենսական նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության համար․ «Թեև ավելի լավ կլիներ այն ստորագրել հունվարի 20-ից հետո՝ երբ Թրամփի վարչակազմը կհաստատվի, բայց դա չի նշանակում, որ այդ համաձայնագիրը կկորցնի իր արժեքը: Դա կլինի շատ կարևոր փաստաթուղթ»,- եզրափակեց Քոչինյանը:

 

Սյուզաննա Խառատյան

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Նորություններ