Տնտեսավարողները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ, նրանք պահանջում են կասեցնել շրջանառության հարկի մասին փոփոխությունը | Region

Տնտեսավարողները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ, նրանք պահանջում են կասեցնել շրջանառության հարկի մասին փոփոխությունը

Փետրվար 05,2025 14:04

Հարկային օրենսդրության փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները պնդում են, որ այն բացասաբար է անդրադառնալու իրենց գործի վրա, ասում են՝ Երևանի ու սահմանամերձ համայնքների բիզնեսներին չի կարելի նույն ձևով հարկել

Այսօր կառավարության շենքի մոտ մի խումբ տնտեսվարողներ բողոքի ցույց էին անում՝ պահաջելով կասեցնել հարկային օրենսգրքում արված փոփոխությունները։

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենսդրական փոփոխությունը շրջանառության հարկի վերաբերյալ։ Տնտեսվարողները դժգոհում են, որ այս փոփոխությունը՝ շրջանառության հարկի 5%-ը 10% սահմանելով կառավարությունը հարկային հավելյալ բեռ է դնում տնտեսվարողների վրա։

Կառավարության և մասնավոր հատվածի միջև երկխոսությունը, որը տեղի է ունեցել անցած շաբաթ, չի տվել ցանկալի արդյունք։ Տնտեսվարողները նշում են, որ վերջին մի քանի քննարկումների ժամանակ իշխանությունները պնդում են, որ նոր օրենքը լավ մտածված է, և խնդրում են, որ գործարարներն ինքնուրույն ծանոթանան դրան։ Սակայն, տնտեսվարողները համախմբվել ու պահանջում են, որ կասեցվի օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, որպեսզի սկսեն երկխոսություն քաղաքական բարձր մակարդակով։ Նրանք պնդում են, որ այս օրենքները առանց երկար մտածելու են ընդունվել և հաշվի չեն առել, թե ինչպես է դա անդրադառնում տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց վրա։

«Մենք հիմա պատրաստ չենք այս օրենքը կիրառելու, թող չեղարկեն, մի լավ ուսումնասիրեն՝ ինչ հնարավոր ռիսկեր կարող է ունենալ, բացահայտեն այն, ինչի հետևանքով մարդիկ կարող են դժվարություններ կրել»,- ասում է ցույցի մասնակիցներից մեկը։

Նրանք նաև նշում են, որ օրենքը նույն կերպ կիրառելը՝ թե Երևանում գործող խանութների, թե սահմանամերձ գյուղերի բիզնեսների համար, ակնհայտորեն ցույց է տալիս, որ այն չի կարող արդյունավետ լինել, քանի որ երկրում գործող բոլոր բիզնեսները չունեն նույն պայմանները։

Մեկ այլ մասնակից հարցնում է. «Խոշորին էլ, միջինին էլ, բոլորին նո՞ւյն օրենքի տակ եք դնում, տենց ո՞նց կլինի, եթե մարդը մեկ տարվա մեջ 2 միլիոնի եկամուտ չունի, ինչպե՞ս տա 10 % հարկ»։ Ցույցի մեկ այլ մասնակից էլ հավելում է․ «Բայց այդ տոկոսը ինչի՞ց տա, եթե այդ նույն շրջանառության հարկից մաքսատանը 32 % հարկ ա տալիս, բա էդ մարդը ինչո՞վ ապրի։ Օրինակ՝ 10 մլնի ապրանք ունենք, որը 15 մլնի ծախենք, էդ 5 մլնը իրանց տանք, վերջում էլ գան, մեզ տուգանեն»։ Նա վստահեցնում է՝փոքր ձեռնարկատերերը դժվարանում են կատարել իրենց պարտավորությունները։ Տնտեսվարողները նաև դժգոհում են համընդհանուր գույքագրման ու եկամուտների հայտարարագրման պահանջից, որը, ըստ նրանց, ավելացնում է բյուրոկրատական բեռը։

Տիկին Կարինեն, որը նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին, նշում է․ «Մենք հարկերից չենք խուսափում, մենք չենք ուզում բյուջեն թալանել, մենք էլ քաղաքացի ենք, ուզում ենք, որ մեր երկիրը ծաղկի, բայց չափ գոյություն ունի, ինչը պետք է հաշվի առնել»։

Ցույցի մասնակիցները պնդում են, որ նոր օրենքը՝ իր մեջ ներառելով մի շարք չհաշվարկված ռիսկեր, կարող է վտանգել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսների գոյությունը, այլև հանգեցնել նրանց փակման կամ ֆինանսական լուրջ խնդիրների։

 

Սյուզաննա Խառատյան

Նորություններ