«Ահաբեկչություն է, ամեն ինչ անում են մեր պայքարը ճնշելու համար»․ ԶՊՄԿ-ի գործադուլի ամեանաակտիվ մասնակիցներին հեռացնում են աշխատանքից, հրավիրում քննչական կոմիտե

Այս պահին էլ գործադուլի մասնակիցներից շատերը քննչականի մոտ են, սպասում են հարցաքննության իրենց հերթին
Այսօր 9-րդ օրն է, ինչ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատ»-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
Ղեկավարությունը պնդում է, որ չի կարող կատարել աշխատակիցների պահանջը՝ աշխատավարձերի 50% բարձրացումը։ Հայաստանի թիվ մեկ խոշոր հարկատուն աշխատակիցների պահանջն անիրատեսական է համարում։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչությունը աշխատանքից հեռացնում է գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին։ Ցույցերի ութերորդ օրը կոմբինատը հրապարակել է 8 աշխատակցի անուն, որոնց մեջ է նաև բողոքի ցույցի նախաձեռնող խմբի անդամ Վահե Մխիթարյանը։
Նա REGIONS TV-ի հետ զրույցում վստահեցրեց՝ աշխատանքից ազատման մասին որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել, սակայն մի շարք գործընկերներ արդեն ստացել են նման ծանուցում։ Վահե Մխիթարյանը մատնանշեց, որ ինքը պաշտոնական տեղեկատվություն ստացել է կոմբինատի կայքից, սակայն կարծում է․ «Մարտավարությունն ու մոտեցումը ԶՊՄԿ-ի կողմից չեն փոխվում»։
Ըստ Վահե Մխիթարյանի՝ կոմբինատի ղեկավարության այս քայլը՝ բողոքի ցույցի մասնակիցներին աշխատանքից ազատելը «ահաբեկչություն է», նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ճնշվի պայքարը։
«Մյուս աշխատակիցները, որոնց նույնպես ազատել են, եղել են գործադուլի համակարգող խորհրդի անդամներ և ակտիվ մասնակիցներ»,-ասաց նա։
Վահե Մխիթարյանի փոխանցմամբ՝ կոմբինատի նման գործողությունները հակառակ ազդեցությունն է ունեցել՝ աշխատակիցներն ավելի են միավորել ու վճռական դարձրել իրենց պայքարը։
«Ազատման հրամանը նրանց չի վախեցրել, այլ ընդհակառակը՝ ավելի համախմբել է մեր կոլեկտիվը»,–ասաց նա։
Պատասխանելով ընկերության պնդումներին, որ ազատումն իրականացվել է ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն, նախաձեռնող խմբի անդամը նշեց՝ երբ պաշտոնապես ստանա ծանուցումը, հայտարարությամբ հանդես կգա՝ կապված ՀՀ աշխատանքային օրենսդրության հետ։ Պնդեց՝ պայքարը չի ավարտվել․«Մենք մեր հիմնական պահանջները ներկայացրել ենք, իսկ ազատումը պարզապես հետևանք է։ Կարծում եմ, երբ պահանջները բավարարվեն, խնդիրը կչեզոքանա»։
Գործադուլի մասնակիցներից շատերն, այդ թվում՝ Վահե Մխիթարյանը հրավիրվել են Քննչական կոմիտե որպես վկա՝ պետությանը և ձեռնարկությանը վնաս հասցնելու առնչությամբ։
Մխիթարյանը վստահեցրեց՝ շատ մեծ թվով աշխատակիցների են հրավիրել քննչական բաժին․« Այս պահին էլ պայքարը շարունակվում է։ Քանի որ աշխատաիրավական հարաբերությունները քննչական բաժնում լուծելը մի տեսակ տրամաբանական չէ, հանդիպումից հետո միայն կհասկանանք՝ ինչ կապ ունի դա քննչականի հետ։ Ես սպասում եմ իմ հերթին։ Մեր գործողությունները իրավաչափ են ու արդար, մենք առաջնորդվում ենք բաց երկխոսության ու կառուցողական սկզբունքով»,–եզրափակեց նա։
Նշենք, որ գործադուլի նախաձեռնող անդամներին Շավարշ Մարգարյանը սոցիալական ցանցում հայտարարել էր՝ «եթե մինչ այս մենք պայքարում էինք մեր իրավունքների համար, ապա այժմ պահանջում ենք բանակցող կողմի փոփոխություն», նկատի ունենոալով տնօրինությանը։
Սյուզաննա Խառատյան